Պրահա- Հիլարի Քլինթոնը, որ իբրեւ ԱՄՆ պետքարտուղար Պրահայից հեռարձակվող «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի տնօրենների խորհրդի անդամ է, կարող է Չեխիայի Սահմանադրական դատարան կանչվել ամերիկյան ֆինանսավորմամբ Չեխիայում գործող այս ռադիոկայանի աշխատանքային հարցերի շուրջը վկայություններ տալու նպատակով:
Հիլարի Քլինթոնին հարցաքննելու խնդրանքով Չեխիայի Սահմանադրական դատարան է դիմել Խորվաթիայի քաղաքացի Սնեժանա Պելիվանը, որն «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանին մեղադրում է իր աշխատանքային ու մարդու իրավունքները խախտելու համար, ինչն իր հերթին հյուրընկալ պետությանՙ Չեխիայի իրավական ինքնիշխանությունը ոտնահարելու արդյունք է:
Նմանատիպ մեղադրանքով այս ամսվա սկզբին Չեխիայի Գերագույն դատարան է դիմել Հայաստանի քաղաքացի Աննա Կարապետյանը: «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախկին աշխատակից-հայցվորները Վաշինգտոնում գործող Հեռարձակող կառավարիչների խորհրդին (BBG) մեղադրում են ոչ ամերիկացի եւ ոչ չեխ աշխատակիցների նկատմամբ ազգային խտրականություն կիրառելու համար: Հեռարձակող կառավարիչների խորհրդին (BBG) են ենթարկվում ոչ միայն «Ազատություն/Ազատ Եվրոպա», այլեւ Միացյալ Նահանգների միջազգային ոչ զինվորական բոլոր ռադիոկայանները:
Աշխարհի 28 լեզուներով հեռարձակում ապահովող ռադիոկայանում աշխատող 20 երկրների քաղաքացիները (Աֆղանստան, Հայաստան, նախկին Հարավսլավիա, Իրաք, Իրան, Ռուսաստան, Միջին Ասիայի պետություններ) ռադիոկայանի աշխատակազմի մեծամասնությունն են կազմում: «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանը նրանց հետ ստանդարտ համաձայնագիր է ստորագրում, որը գործնականում զրկում է վերջիններիս որեւէ պաշտպանությունից, ինչ տալիս են ամերիկյան ու չեխական աշխատանքային օրենսգրքերը: «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի պաշտոնական քաղաքականությունն արտոնում է օտարերկրացի աշխատակիցների չարդարացված հեռացումներ ամեն պահի, առանց որեւէ պատճառիՙ հեռացվողին պատճառը չասելով:
Պրահայում հրապարակվող ազդեցիկ «Լիդովե Նովինի» թերթն իր խմբագրական մի մեկնաբանություն վերնագրել է «Հավասարություն վերապահումով. «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի գործելաոճը տարբերվում է դավանած գաղափարներից»: Խմբագրականում ասվում է. «Ռադիոկայանի աշխատակիցները բաժանված են երեք խավերի (կաստաների): Այն կարծիքն է ձեւավորվում, որ այս կացությունը ռադիոկայանի ղեկավարությունը մեծապես չարաշահում է: Ժողովրդավարություն տարածողներն իրենց աշխատողների (երրորդ կաստային պատկանող օտարերկրացիների) հետ վարվում են այնպես, ինչպես գաղութարար վարչակազմնՙ իրավազուրկ տեղաբնիկների հետ»:
Վաշինգտոնյան Հեռարձակող կառավարիչների խորհուրդը (BBG) նշանակվում է ԱՄՆ նախագահի կողմիցՙ «Սենատի երաշխավորութամբ ու համաձայնությամբ»: Երկրի պետքարտուղարը մտնում է խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե: Օրենքի համաձայն, Հեռարձակող կառավարիչների խորհուրդը (BBG) նաեւ համարվում է «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի տնօրենների խորհուրդ: Նմանապես, ըստ օրենքի, «Միացյալ Նահանգների միջազգային հեռարձակումները պետք է համապատասխանեն ամերիկյան արտաքին քաղաքականության ընդհանուր նպատակներին»:
Հիլարի Քլինթոնին Չեխիայի Սահմանադրական դատարան կանչելու խնդրանքով հանդես եկող Սնեժանա Պելիվանը նշում է, որ հունվարի 22-ից հետո, երբ Հիլարի Քլինթոնը ստանձնեց Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնը, «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի ազգային խտրականության քաղաքականությունը օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ մնացել է նույնը»: Հիլարի Քլինթոնի վկայությունները դատարանում կարող են լույս սփռել այն հարցի վրա, թե արդյոք «Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության ընդհանուր նպատակների՞ն է ծառայում «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի քաղաքականությունը, որը խախտում է Չեխիայի Հանրապետությունում օտարերկրացի աշխատակիցների աշխատանքային իրավունքները (պաշտպանություն կամայական հեռացումներից եւ մարդու իրավունքները (ազգային հավասարություն), միաժամանակ խախտելով Չեխիայի աշխատանքային օրենսդրությունը:
Մեկնաբանելով Չեխիայում «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի դեմ հարուցված դատական գործերը, Երեւանում հրապարակվող «Ազգ» օրաթերթը (http://www.archive.azg.am/AM/2009021103) վերջերս գրել էր «դատական այս գործերը ամոթի մեծ խարան են ժողովրդավարություն սովորեցնող հարգված ռադիոկայանի պատմության վրա: Ռադիոկայանին ներկայացված փաստարկված մեղադրանքի առկայությունն արդեն հզոր հարված է հարուստ ճանապարհ անցած «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի վարկին ու հեղինակությանըՙ անկախ դատական լսումների ելքից»: Ապրիլի 4-5-ը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանելու են Չեխիա, որն այժմ հերթագայությամբ իրականացնում է Եվրոմիության նախագահող պետության գործառույթները:
Այս մասին երեկ տեղեկատվություն է տարածել նաեւ Չեխական լրատվական գործակալությունը:
Կովկաս-Արեւելյան Եվրոպա լրատվական կենտրոն