«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#43, 2009-03-12 | #44, 2009-03-13 | #45, 2009-03-14


ՃԱՄՊՐՈՒԿՈՒՄ ՏԵՂԱՎՈՐՎՈՂ ԼԱՅՆ ԸՆԴԳՐԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՄՈՍԿՈՎՅԱՆ «ԷՏՍԵՏԵՐԱ»-ԻՑ

Մոսկվայի «Էտսետերա» թատրոնը, որ ստեղծել ու արդեն 15 տարի ղեկավարում է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ալեքսանդր Կալյագինը, մարտի 9-11 Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ներկայացրեց «Դեմքեր» բեմադրությունը: Հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու ներկայացումը, իսկ ինքըՙ Կալյագինը ներկայացմանը հաջորդած հանդիպման ժամանակ խոստովանեց. «Հանդիսատեսը կարոտել է ռուսերենին, ռեժիսուրային, դրամատուրգիային: Ընդունեց որպես հարազատի: Դա չնկատելն անհնար է»:

Ծափահարությունների տեւականության պատճառը ոչ թե վարպետ խոնարհումներն էին, այլ դերասանական վարպետ խաղը, որ «Դեմքեր»-ում ներկայացնում են Ռուսաստանի երկու ժողովրդական արտիստներըՙ Ալեքսանդր Կալյագինն ու Վլադիմիր Սիմոնովը (Եվգ. Վախթանգովի անվ. թատրոն): Դերասանական խաղի հանգիստ, անգամ աննկատ մատուցվող հարստությունը զուգադրվել էր բեմի ձեւավորման այնչափ մինիմալիզմով, որ եղած-չեղած դեկորացիան առանց դժվարության կարելի էր տեղավորել ճամփորդական պայուսակում: Ալեքսանդր Կալյագինը որպես բեմադրիչ եւ Վիկտոր Դուրգինը որպես նկարիչ նվազագույն միջոցներով կարողացել էին ռուսական իրականությանը տեղյակ մարդուն չափազանց ծանոթ մարդկային տեսակները ներկայացնել: Հիմքում Չեխովի վաղ շրջանի հինգ երգիծական պատմվածքներն են, որոնցից բեմադրիչը շատ չի հեռացել. «Գրական հիմքին մեծ պատկառանքով եմ վերաբերումՙ «Էտսետերա»-ում բեմադրում ենք դասականների, հայտնի հեղինակների չբեմադրված գործեր: Բեմադրիչները հեռանում են գրական հիմքից դժվարության հանդիպելիս: Իսկ Չեխովի պատմվածքները զարմանալիորեն ճշգրիտ ուրվագծումն են ռուսաստանյան գավառի եւ նույն այդ կենցաղի հերոսների ռուսական իրականությանը քիչ թե շատ տեղյակներին չափազանց ծանոթ մարդկային տեսակների»:

Թերեւս հենց սա էլ բացատրությունն է այն փաստի, որ համարյա բոլոր ռուս մեծ դերասանները սիրով են մարմնավորել Չեխովի երգիծական պատմվածքների հերոսներին: Եվ Կալյագին-Սիմոնով դերասանական երկյակն հիանալիորեն ապացուցեց դա «Դեմքեր» ներկայացմամբ: Դեռեւս 1998-ի հոկտեմբերի 25-ին հաջող առաջնախաղ ունեցած ներկայացումն ընդունեց նաեւ երեւանյան հանդիսատեսը: Այնուամենայնիվ «Էտսետերա»-ի հաջողություններից անկախ, լրագրողների հետ հանդիպմանը որպես դերասանՙ ռեժիսորին կարեւորող եւ որպես ռեժիսորՙ թելադրող Ալեքսանդր Կալյագինը փաստեց. «Շատ դժվարացել է կառավարել դերասաններին. սերիալները աղճատում են նրանց մասնագիտական կարողությունները, թատրոններում տնօրինությունը ստեղծագործական կազմից շատ ավելի կարեւոր է դաձել, շատ թատրոններ մնացել են առանց գեղարվեստական ղեկավարների, իսկ սա աղետ է թատերարվեստի համար ընդհանրապես»:

125 տարվա պատմություն ունեցող Ռուսաստանի թատերական գործիչների միության (ՌԹԳՄ) նախագահ Ալեքսանդր Կալյագինը ի պատասխան համապատասխան հարցի եզրակացություն արեց. «Ժամանակակից հանդիսատեսն ամեն տեսակի ներկայացման կարիք ունի, բայց եւ որակի պահանջ ունի, որը ցավալիորեն քիչ է դրսեւորվում թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում կարծում եմ»: ՌԹԳՄ գործունեությանն անդրադառնալովՙ նա ընդգծեց գործունեության բազմակողմանիությունը եւ համագործակցության տեսանկյունից կարեւորեց մերձմոսկովյան Զվենիգորոդում գործող թատերական ստուդիայի աշխատանքը, որը դերասանին տալիս է ամենաանհրաժեշտըՙ ռեժիսորական մի քանի դպրոց անցնելու հնարավորությունը:

Ի դեպ, Զվենիգորոդի թատերական ստուդիայում մայիսին սովորելու կմեկնեն Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի երկու դերասաններ, որոնց ընտրությունը, ինչպես տեղեկացանք թատրոնի տնօրինությունից, դեռեւս վերջնականապես կատարված չէ:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4