Արդեն մի քանի տարի է, ինչ մարտի 13-ըՙ հայ անվանի գրող Եղիշե Չարենցի ծննդյան օրը, հայտարարվել է պոեզիայի օր: Վաղ առավոտյան գրողի անունը կրող Երեւանի միջնակարգ դպրոցի սաները թարմ ծաղիկներով զարդարեցին դպրոցի առջեւ տեղադրված Չարենցի կիսանդրին ու ներկայացրին գրողի ստեղծագործություններից կազմված ծաղկաքաղ: Չարենցյան շունչն էր թեւածում ողջ օրվա ընթացքում հանրապետության դպրոցներում, բուհերում եւ իհարկե տուն-թանգարանում: Կեսօրին Չարենցի հուշարձանի մոտ Չարենցի անվան դպրոցի աշակերտները ընթերցում էին գրողի ստեղծագործությունները ու երդվումՙ շարունակել նրա թողած պատգամը եւ կիսատ մնացած գործը: Այնուհետեւ տուն-թանգարանում առաջին անգամ ցուցադրվեցին Չարենցի անձնական արխիվից նշանավոր նկարիչների ձեւավորումներըՙ արված գրողի ստեղծագործությունների համար:
Ցուցահանդեսը ուղեկցվում էր դասական երաժշտության համերգային ծրագրով, որի ժամանակ հնչեցին Չարենցի սիրած ստեղծագործությունները, ինչպես նաեւ չարենցյան թեմաներով գրված երգերՙ օպերային թատրոնի անվանի երգիչ-երգչուհիների կատարմամբ:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ