Աշխարհի ուժեղագույն շախմատիստները, որոնց թվում է նաեւ Լեւոն Արոնյանը, իրոք հանգիստ չունեն: Դեռ նոր է ավարտվել ընթացիկ մրցաշրջանի 2-րդ գերմրցաշարը` Լինարեսում 8 գրոսմայստերների միջեւ կայացած մրցավեճը, իսկ արդեն այսօր նրանք ֆրանսիական Նիս քաղաքում կրկին կնստեն խաղասեղանների շուրջը: Այստեղ մեկնարկում է արդեն ավանդական դարձած 18-րդ «Ամբեր» մրցաշարը: Այն յուրահատուկ է այն առումով, որ մեկ օրվա ընթացքում մրցակիցները միմյանց հետ երկու պարտիա են անցկացնում. մեկն` արագ, մյուսը` «կույր» շախմատի կանոններով:
Մրցաշարին կմասնակցեն 12 առաջատար շախմատիստներ: Լեւոն Արոնյանն իր վարկանիշով (2750) մասնակիցների մեջ 9-րդն է: Նրանից ավելի բարձր վարկանիշ ունեն բուլղարացի Վեսելին Թոփալովը (2796), աշխարհի չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը (2791), ուկրաինացի Վասիլի Իվանչուկը (2779), նորվեգացի Մագնուս Կառլսենը (2776), ռուսաստանցիներ Ալեքսանդր Մորոզեւիչն (2771) եւ Վլադիմիր Կրամնիկը (2759), ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը (2760) եւ հունգարացի Պետեր Լեկոն (2751): Մասնակիցների թվում են նաեւ չին շախմատիստ Վան Յուեն (2739), ԱՄՆ-ն ներկայացնող Գատա Կամսկին (2725) եւ Սերգեյ Կարյակինը (2706):
Ընդհանուր մրցանակային հիմնադրամը 216 հազար եվրո է: Մարտի 18-ը եւ 23-ը մասնակիցների համար հանգստյան օրեր են: Հաղթողը հայտնի կդառնա մարտի 26-ին:
Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը «Ամբեր» մրցաշարի նախորդ տարվա հաղթողն է: Նա գերազանց հանդես եկավ մրցաշարում` 22 հնարավորից վաստակելով 14, 5 միավոր: Արոնյանի առավելությունը մրցակիցների նկատմամբ զգալի էր: Նա 2,5 միավորով առաջ անցավ 2-5-րդ տեղերը բաժանած Մագնուս Կառլսենից, Վլադիմիր Կրամնիկից, Պետեր Լեկոյից ու Վեսելին Թոփալովից: 2007-ին Արոնյանը 12 միավորով 4-5-րդ տեղերն էր բաժանել Պյոտր Սվիդլերի հետ: Հաղթող էր ճանաչվել 15,5 միավոր վաստակած Վլադիմիր Կրամնիկը: 2006-ին Արոնյանը 10,5 միավորով 7-8-րդ տեղերն էր բաժանել Բորիս Գելֆանդի հետ, սակայն արագ շախմատի մրցաշարի արդյունքներով ճանաչվել էր 2-րդը: Մրցաշարի հաղթող էին դարձել Վիշվանաթան Անանդն ու Ալեքսանդր Մորոզեւիչը` վաստակելով 14,5-ական միավոր:
«Ամբերում» առավել հաջող է հանդես եկել Վլադիմիր Կրամնիկը` 6 անգամ (1996, 1998, 1999, 2001, 2004, 2007) արժանանալով գլխավոր մրցանակին: 5 անգամ հաղթող է ճանաչվել Վիշվանաթան Անանդը (1994, 1997, 2003, 2005, 2006-ին):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ