Լիլիթ Մկրտչյանը շարունակում է հաղթարշավը Սանկտ Պետերբուրգում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում: 5-րդ տուրում նա կրկին վերելքով հանդես եկավ եւ 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Լիլիթի մրցակցուհին ռուսաստանցի Տատյանա Շադրինան էր: Այս հաղթանակի շնորհիվ Մկրտչյանը վաստակեց 4,5 միավոր եւ լեհ Մոնիկա Սոչկոյի, Հունգարիան ներկայացնող Հոանգ Տհան Չանգի եւ վրացի Սալոմե Մելիայի հետ գլխավորում է աղյուսակը: 6-րդ տուրում Մկրտչյանը սպիտակներով խաղալու է Սոչկոյի հետ:
5-րդ տուրում հայ շախմատիստուհիներից միայն Մկրտչյանը հաղթեց: Նելլի Աղինյանն ու Լիլիթ Գալոյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Մարինա Բրունելոյի եւ Ջուլիա Մակայի հետ: Աղինյանը վաստակել է 3 միավոր, Գալոյանն ունի 2,5 միավոր: Տուրն անհաջող էր Սիրանուշ Անդրեասյանի եւ Աննա Հայրապետյանի համար, որոնք պարտվեցին: Սիրանուշն ունի 2,5, Աննան` 1,5 միավոր:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ