Հաջող մեկնարկից հետո շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց Տիգրան Պետրոսյանը: 7-րդ տուրում նա սեւերով զիջեց ռուսաստանցի Վալերի Պոպովին: Տիգրանը 7 հնարավորից վաստակել է 4 միավոր ու զբաղեցնում է 96-րդ տեղը:
Հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Վլադիմիր Հակոբյանը, Արման Փաշիկյանն ու Զավեն Անդրեասյանը, որոնք վաստակել են 4,5-ական միավոր: Այս եռյակից հաղթեց միայն ՀՀ չեմպիոն Փաշիկյանը` պարտության մատնելով Նիկոլա Դյուկիչին: Հակոբյանն ու Անդրեասյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները համապատասխանաբար Անտոն Շոմոեւի եւ Լյուկ վան Վելիի հետ:
Վերջապես հաղթանակ տոնեց Արտաշես Մինասյանը` առավելության հասնելով Մարկ Ֆերգյուսոնի նկատմամբ: Այդ հաղթանակի շնորհիվ Մինասյանը վաստակեց 4 միավոր: Երկու անընդմեջ պարտություններից հետո հաջող խաղաց Արթուր Չիբուխչյանը` հաղթելով Յուլիան Պլենկային: Արթուրը վաստակեց 3 միավոր: Պարտություն կրեց 3,5 միավոր ունեցող Տիգրան Քոթանջյանը` զիջելով Մաքսիմ Սերովին:
Մրցաշարի միանձնյա առաջատար դարձավ ուկրաինացի Անդրեյ Վոլոկիտինը, որը վաստակել է 6 միավոր: Նա պարտության մատնեց առաջատարներից մեկին` Էռնեստո Ինարկիեւին ու շրջանցեց նրան: Վերջինս Սանան Սյուգիրովի, Գեորգ Մեյերի, Դմիտրի Բոչարովի, Իվան Սոկոլովի, Դավիթ Նավարայի, Բայադուր Ջոբավայի, Բորիս Գրաչովի եւ Յոհանիս Պապաիոանոյի հետ 5,5 միավորով հետապնդում է առաջատարին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ