«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2009-03-13 | #45, 2009-03-14 | #46, 2009-03-17


«ՕԲԱՄԱՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԿՄՆԱ ԻՐ ԽՈՍՏՄԱՆՆ ՈՒ ԿԱՐՏԱՍԱՆԻ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԸ»

Դաշնակցականի կանխատեսումները

Հայ-թուրքական հարաբերություններին ու ապրիլի 6-ին կայանալիք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Թուրքիա կայանալիք այցին ՄԱԱ-ում անդրադարձավ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը : Վերջինս այդ այցելության վերաբերյալ երկու մեկնաբանություն արեց: «Կա՛մ Օբաման գնում է Թուրքիա, որովհետեւ որոշել է «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ին չօգտագործել: Կա՛մ էլ Օբաման կօգտագործի «ցեղասպանություն» բառը: Հետեւաբար, ԱՄՆ նախագահը Թուրքիա է գնում սիրաշահելու նպատակով»: ՀՅԴ ներկայացուցիչը կարծում է, որ Եթե Օբաման չօգտագործի «ցեղասպանություն» բառը, մեծ վիրավորանք կհասցնի ամերիկահայերին: Նա նաեւ նշում է, որ Թուրքիա գնալու որոշում Սպիտակ տունը ընդունել է վերջին պահին: Մանոյանը չի բացառում, որ Օբաման գնում է Թուրքիա` պարտադրելու, որպեսզի քայլեր կատարվեն ի նպաստ Հայաստանի հետ հարաբերությունների լավացման:

Մանոյանը վստահ է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանի Երեւան այցելության ժամանակ երկու կողմերի միջեւ փաստաթուղթ կստորագրվի: Մանոյանը այդ եզրակացությանը հանգել է` ուսումնասիրելով Թուրքիայի վարչապետի ու նախագահի հայտարարությունները. «Տպավորությունն այնպիսին է, որ հիմնական դերակատարությունը Թուրքիայինն է, որովհետեւ Հայաստանն իր ասելիքը վաղուց հիմնավորել է: Գյուլն իր վերջին հայտարարության մեջ նշեց, որ տեխնիկական բոլոր հարցերը լուծված են: Բացակայում է քաղաքական կամքը, որի առկայությամբ հարցերն ավելի շուտ կլուծվեն»: Մանոյանը նկատում է, որ այժմ թուրք քաղաքական վերնախավը սպասողական վիճակում է հայտնվել եւ քայլեր կձեռնարկի` սպասելով, թե ինչ կասի Օբաման: Մանոյանը համաձայնագրի ստորագրումը հավանական է համարում` ներկայացնելով երկու պատճառ. «Օգոստոսյան հայտնի իրադարձություններից հետո Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում լուրջ ազդեցություն ունենալ, ինչը անհնար է առանց Հայաստանի հետ քիչ թե շատ դրացիական հարաբերությունների: Երկրորդ պատճառը ցեղասպանության ճանաչման առաջ կանգնելն է»: Մանոյանը վստահ է, որ Օբամայի «ցեղասպանություն» բառն օգտագործելը ռոմանտիզմի ժանրից վերցված չէ: «Կարծում եմՙ ամերիկացիներն այս հարցին բավականին լուրջ են մոտենում: Հիմնավորումն էլ հետեւյալն է. պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Թուրքիա այցելությունից հետո տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ժամանակ որեւէ մեկն այս հարցին չանդրադարձավ: Հարցազրույցներում էլ նրանք փաստեցին, որ հայկական հարցի մասին խոսել են, սակայն չմանրամասնեցին, թե կոնկրետ ինչ խնդիրների են անդրադարձել: Դա միակ հարցն է, որի մասին ամերիկյան կողմը հրապարակավ ոչինչ չի ասել: Այս ամենը խոսում է այն մասին, որ Օբաման հիմնավորված կկատարի իր խոստումը»:

Թե ինչով է պայմանավորված կամ որտեղ են երաշխիքները, որ Օբաման կարտասանի «ցեղասպանություն» բառը, Մանոյանը հավելում է. «Դեռեւս սենատորի պաշտոնում, այնուհետեւ նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո Օբաման ակտիվ հետապնդել է ցեղասպանության ճանաչման գաղափարը: Փոխնախագահ Ջոն Բայդենը ավելի քան 20 տարի առաջին պլան է մղել հայկական հարցի ճանաչման խնդիրը: Հիլարի Քլինթոնն ու վարչակազմի այլ անդամներն էլ եղել են ցեղասպանության ճանաչման ակտիվ ջատագովներ: Ի վերջո իրենց այդ կեցվածքը պետք է արտահայտվի, սակայն խիստ հաշվարկված, որովհետեւ Թուրքիան պատրաստ է դիմելու շանտաժի, որպեսզի ԱՄՆ-ն այդ բառը չօգտագործի», ասաց Մանոյանը: Բանախոսն սպասվելիք իրադարձություններից առաջ ընկնելով հավելեց, որ հայ-թուրքական սահմանի բացումը միանշանակ դրական չի լինի, որովհետեւ ակնհայտ է թուրքական տնտեսության ներխուժման հնարավորությունը: Այդ պարագայում Հայաստանը կհայտնվի անհավասար պայմանում:

Խնդրի առնչությամբ կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ն շուտով կառավարությանը կներկայացնի տնտեսական բլոկի առաջարկներ` կապված հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման դեպքում անհրաժեշտ քայլերի հետ: Մանոյանը անհիմն հայտարարություն է համարել հայկական ատոմակայանի կառուցմանը Թուրքիայի հնարավոր մասնակցության առաջարկությունը: «Անհասկանալի է, թե նման հայտարարություններ ինչպես կկատարվեն: Չէ՞ որ դա ազգային անվտանգության լուրջ խնդիր է», դիտարկեց Մանոյանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ջավախքի հարցում կան շատ անելիքներ»

Երեկ ՄԱԱ-ում ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը փաստեց, որ Ջավախքի խնդրում Դաշնակցության դերակատարությունն այն է, որ միջազգային հանրությունը ճանաչի Ջավախքի հարցն ու խնդրին իրավական որոշում տրվի: Մանոյանի դիտարկմամբՙ իրենց գործողությունները բավականին շատ են, արդյունավետ, սակայն վերջնական արդյունքը դաշնակներին չի բավարարում: Հետեւաբար շարունակելու են խնդրի առնչությամբ ծրագրեր մշակել: «Ազգ» -ի հարցին ի պատասխան Մանոյանը փաստեց, որ Ախալքալաքում ու Ջավախքում կայացած ձերբակալությունները քաղաքական նպատակ են հետապնդում: Ինչ վերաբերում է Չախալյանի դատավարությանը, ապա ՀՅԴ ներկայացուցիչը հավելեց, որ ընթացող խախտումները նույնպես խոսում են Վրաստանի քաղաքական դիրքերի թուլության մասին: «Արդյոք Ջավախքի խնդրում պետության գործողությունները կարելի՞ է բավարար գնահատել» «Ազգ»-ի հարցին Մանոյանը պատասխանեց, որ համաձայն չէ այն տեսակետին, թե ՀՀ-ն խնդրի կապակցությամբ ոչինչ չի ձեռնարկում, սակայն հավելեց, որ բազմաթիվ հարցեր մնում են չլուծված: «Պետությունը դեռեւս շատ հարցեր ունի լուծելու: Ջավախքի հարցում կան շատ անելիքներ: Նախ եւ առաջ կառավարությունը պետք է պատրաստակամություն հայտնի վրացական իշխանություններինՙ ջավախահայության խնդիրները լուծելու վերաբերյալ», եզրափակեց Կիրո Մանոյանը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4