«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2009-03-13 | #45, 2009-03-14 | #46, 2009-03-17


ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՌԱՈՒՆԴ` ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը երեկ «Հայացք» ակումբում լրագրողներին ներկայացրին մարտի 15-ին ՀԱԿ կայացրած որոշման մանրամասները: Հայ ազգային կոնգրեսի 18 կուսակցությունները որոշում են կայացրել Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրել Լեւոն Տեր-Պետրոսյանին: Տեր-Պետրոսյանը կգլխավորի մայիսի 31-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրության ընդդիմության համամասնական ցուցակը` դառնալով ընդդիմության թեկնածուն:

Զուրաբյանը նշում է, որ քաղաքապետի ընտրությունը չի լինելու պայքար «ինչ-որ ցուցակների կամ բեգլարյանների դեմ», այլ իրենց գլխավոր մրցակիցը «ավազակապետական համակարգն է», եւ նրանք պայքարելու են դրա դեմ: Հայ ազգային կոնգրեսի ցուցակում երկրորդը, Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո, լինելու է Ստեփան Դեմիրճյանը: Մյուս թեկնածուների հարցում դեռ ցուցակը ճշտվում է, եւ դրա համար պետք կլինի երկու-երեք օր, նշում է Լեւոն Զուրաբյանը:

Ի՞նչ նպատակ ուներ Լեւոն Տեր-Պետրոսյանին ցուցակի առաջին հորիզոնականում ընդգրկելըՙ ցանկություն էր ընտրազանգվածին գրավելո՞ւ, թե՞ իսկապես հաղթանակի դեպքում առաջին նախագահը պատրաստվում է աշխատել քաղաքապետ, լրագրողներից մեկի հարցին Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանի ընդգրկումը ցուցակում որպես առաջինի նախ եւ առաջ ընդգծում է մեր վճռականությունը, ընդգծում է, թե ինչ նշանակություն ենք տալիս այս ընտրություններին, որ մենք իրականում սա համարում ենք համապետական ընտրություններ, Լեւոն Տեր-Պետրոսյանը քաղաքապետ կաշխատի ուղիղ այնքան ժամանակ, ինչքան պետք է երկրում սահմանադրական կարգը վերականգնելու, երկրում ժողովրդավարությունը վերականգնելու համար»:

«Սրանք չեն լինելու սովորական ընտրություններ, այլ լինելու է նախագահական ընտրությունների երկրորդ ռաունդը», ասում է Լեւոն Զուրաբյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն էլ նկատեց, թե այս ընտրություններում իշխանությունների ուղերձը հստակ է, այն էՙ իշխանական բոլոր օղակները քրեականացվելու են, ինչին, մամուլի խոսնակի համոզմամբ, ժողովուրդը «ոչ» կասի:

Հայ ազգային կոնգրեսը քաղաքապետի ընտրություններին մասնակցության իր ձեւաչափն ընտրելուց հետո «կոնգրեսական» կուսակցություններին հանձնարարել է բանակցություններ սկսել «Ժառանգության» հետ: Որոշումն ընդունելուց հետո «Ժառանգության» հետ բանակցություններ սկսելը չի՞ նշանակում, որ «Ժառանգությանն» եք ասումՙ միացեք մեզ» հարցին Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ կարող ենք նաեւ այդպես ասել:

«Խոսքն այն մասին է, որ ստեղծենք միասնական ցուցակ», հավելեց Զուրաբյանը: «Այսինքն, ընդդիմությունը միասնական ճակատով հանդես գա ռեժիմի դեմ», իր հերթին հավելեց Արման Մուսինյանը:

Իսկ եթե այնուամենայնիվ «Ժառանգությունը» հանդես գա առանձին թեկնածուով, ի՞նչ վերաբերմունք կորդեգրի ՀԱԿ-ը նրա նկատմամբՙ Լ. Զուրաբյանը պատասխանեց, որ բանակցություններն ընթացքի մեջ են. «Երբ «Ժառանգությունը» դիմեց մեզ այդ առաջարկով, մենք ասացինք, որ որոշակի նախնական քննարկումներ ունեցել ենք, եւ պայմանավորվել էինք, որ կոնգրեսի ներսում պետք է գայինք միասնական դիրքորոշման, որից հետո կվերսկսեինք բանակցությունները: Մենք եկել ենք եւ առաջարկում ենք բանակցել»: «Այս պահին ընդդիմության ներսում պառակտում չկա, եկեք սպասենք բանակցությունների ավարտին, այդ ժամանակ մեր բոլոր մեկնաբանությունները կտանք», ասաց ՀԱԿ համակարգողը:

Եթե Տեր-Պետրոսյանը չհաղթի ընտրություններում, ընդդիմությունը կորդեգրի՞ այն նույն «ձեռագրաոճը», ինչ եղավ 2008-ին` հանրահավաքներ, նստացույցեր, երթեր, Զուրաբյանը պատասխանեց. «Մենք ինչպես հավատարիմ ենք եղել ժողովրդավարական, խաղաղ մեթոդների, այնպես էլ հավատարիմ ենք լինելու այս անգամ: Մենք առաջարկում ենք մի բան, որ փոխվի իշխանությունների ձեռագրաոճը. նոր բռնություններ նրանք չեն կարողանալու մարսել»:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4