«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2009-03-13 | #45, 2009-03-14 | #46, 2009-03-17


«ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՊԱՀՊԱՆՈՒՄ»

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) գործում է 1994 թվականի հոկտեմբերի 5-ից, հիմնադիրն է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նման կազմակերպություն ստեղծելու գաղափարն այն էր, որ մեր երկրում եւ հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների մասին ուսումնասիրությունները, կանխատեսումներն ու ռազմավարությունները մշակվեն Հայաստանում եւ հայ փորձագետների կողմից:

Կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի վկայությամբ` ՌԱՀՀԿ-ն իր գոյության 15 տարիների ընթացքում առանձնացավ իբրեւ չեզոք, անկախ կենտրոն: Նա կատարում է երկրի համար կարեւոր, բազմատեսակ ռազմավարական հետազոտություններ ու վերլուծություններ: Դրանք ներառում են մասնավորապես ծրագրային 5 հետեւյալ ոլորտները` հասարակությանը հուզող հարցեր, տնտեսություն, միջազգային եւ տարածաշրջանային հետազոտություններ, ազգային անվտանգությանն առնչվող խնդիրների ուսումնասիրություն եւ համաշխարհային ու տարածաշրջանային միտումներ:

- Մենք կուսակցական ձեռագիր չունենք: Այս բեւեռացված, սեւ ու սպիտակ մթնոլորտում ուզում ենք օբյեկտիվ վերլուծություն տալ` պատրաստ լինելով համագործակցել նախագահ Սերժ Սարգսյանից մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Մեր գործը ոչ թե այս կամ այն քաղաքական օրգանի համար աշխատելն է, այլ` պրոֆեսիոնալ վերլուծություններով օգնելը քաղաքական դաշտի բոլոր օղակներին:

Կենտրոնն ունի հետազոտությունների հատուկ ավանդույթներ եւ ուղղվածություններ, որոնք տարիների ընթացքում ընդլայնվում են: Ողջ աշխարհում եւ հատկապես Հայաստանում ամեն մի տնտեսական, քաղաքական, սոցիալական իրավիճակ կարող է ուսումնասիրության առարկա դառնալ: Այստեղ կան ներքին եւ արտաքին քաղաքական հարցերի փորձագետ, հատուկ Լեռնային Ղարաբաղի հարցերի փորձագետ, քաղաքական հոգեբան, սոցիոլոգ, որոնց հետազոտությունների արդյունքները բաց են հասարակության համար: Դրանք տեղ են գտնում ՌԱՀՀԿ-ի կողմից թողարկվող մի շարք հրատարակություններում, նաեւ քննարկման առարկա են դառնում կենտրոնում պարբերաբար անցկացվող սեմինարների, խորհրդաժողովների ու կլոր սեղանների ժամանակ, որոնց նպատակն է բարձրացնել հանրային գիտակցությունը կարեւորագույն խնդիրներում: Լայն քննարկման կարող են դրվել նաեւ այն խնդիրները, որոնք վերլուծության չի ենթարկել կենտրոնը:

Միայն որոշ հետազոտություններ են փակ եղել, որոնք կենտրոնը անցկացրել է զուտ իր համար (օրինակ` նախընտրական շրջանում` վարկանշային հարցումներ քաղաքական դաշտի իրական պատկերը պարզելու համար):

2004 թվականից կենտրոնի շրջանակներում իրականացվում է հանրային կարծիքի ուսումնասիրություն ողջ հանրապետության մասշտաբով: Անցկացվում են հանրային եւ փորձագիտական կարծիքի ուսումնասիրություններ ամենատարբեր թեմաներով ու խորագրերով` «Հանրության հայացքը Հայաստանի ապագային», «Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը», «Հանրային կարծիքը Հայաստանի տնտեսության զարգացման մասին» եւ այլն: Այս ուսումնասիրություններում համադրելով հանրության եւ փորձագետների կարծիքները` հաջողվեց հանրությանը եւս քննարկման անուղղակի մասնակից դարձնել: Փորձագետների վկայությամբ` դա չի արվում պատվերով կամ որեւէ գրանտային ծրագրով, այլ` սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով եւ որեւէ քաղաքական նպատակ չի հետապնդում: Այսպիսի ուսումնասիրությունների արդյունքները տեղադրվում են ՌԱՀՀԿ-ի պաշտոնական կայքէջում (www.acnis.am) եւ տարածվում լրատվամիջոցներին: Կենտրոնի կատարած հետազոտությունների համակարգող Սյուզաննա Բարսեղյանի կարծիքով, սակայն, մեր լրատվամիջոցներում դեռ չկա նման կազմակերպություն ունենալու կարեւորության գիտակցումը.

- Ցավոք, միայն արտասահմանում է նման չեզոք փորձագիտական կենտրոնը կարեւոր կառույց համարվում, որին դիմում են ամեն խնդրի դեպքում: Մեզ համար շատ կարեւոր է, որ Հայաստանից որեւէ չեզոք եւ գիտական կարծիք իմանալու համար շատ արտասահմանյան հետազոտական ընկերություններից յուրաքանչյուր շաբաթ մի քանի էլեկտրոնային նամակ ենք ստանում եւ յուրաքանչյուր տարի ամենաքիչը երեք պրակտիկանտ ենք ունենում:

2006-2007 թթ. ՌԱՀՀԿ-ին համագործակցելու առաջարկ է արել համաշխարհային հետազոտություններ անցկացնող World publiq opinion կազմակերպությունը, որը տարբեր խնդիրների շուրջ միեւնույն հարցումն է անցկացրել աշխարհի գրեթե բոլոր երկրներում` առեւտրի, գլոբալիզացիայի, նույնիսկ բնակլիմայական փոփոխությունների, ցեղասպանության, ամբողջ աշխարհում Միացյալ Նահանգների դերակատարության մասին, եւ թե ինչպիսին կարող է լինել Չինաստանի դերը հետագայում: Եվ տրվեց տարբեր երկրներից ստացված արդյունքների համեմատականը:

- Հարցմանը մասնակցած բոլոր երկրները նույն օրը նույն ժամին պետք է ներկայացնեին արդյունքները: Մեր երկիրը ներկայացնում էինք մենք, սակայն մեր լրատվամիջոցները հայաստանյան արդյունքները լուսաբանելիս մեջբերում էին ռուսական լրատվամիջոցների հաղորդածից եւ ոչ մեր կենտրոնի անունից: Այդ շրջանը համընկավ խորհրդարանական ընտրություններին, իսկ ՌԱՀՀԿ-ին դիտում են որպես կոնկրետ քաղաքական ուժի հարող կազմակերպության, ասում է Սյուզաննա Բարսեղյանը:

2003 թվականից կենտրոնն իրականացնում է ԶԼՄ-ների մոնիտորինգ: Նպատակը լրատվամիջոցների վերլուծությունն է բովանդակային առումով: Կենտրոնի լրատվական բաժինը չի սահմանափակվում միայն հաղորդագրությունների տարածման ու հանրության հետ կապերի ապահովման գործառույթով: Ըստ այս բաժնի պատասխանատու Լիլիթ Սարուխանյանի` իբրեւ հետազոտական կենտրոնի մաս` այստեղ եւս հետազոտական բնույթի աշխատանքներ են իրականացվում: Դա ենթադրում է տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ գտնող հաղորդումների, ելույթների վերլուծություն:

ՌԱՀՀԿ-ի գրադարանը լի է ոչ միայն կենտրոնի հրատարակած հարյուրավոր փորձագիտական աշխատանքներով, այլեւ աշխարհի տարբեր հեղինակավոր հետազոտական կենտրոններից, գործակալություններից ստացած գրքերով, որոնց հետ կենտրոնը համագործակցում է: Գրադարանի մուտքն ազատ է ուսանողների համար:

Կենտրոնը, հանձինս տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի, փորձագետ, քաղաքական հոգեբան Արմինե Ղազարյանի եւ Սյուզաննա Բարսեղյանի, գրել է մի աշխատություն, որը վերաբերում է Հայաստանում մարտիմեկյան դեպքերից հետո ստեղծված հոգեբանական իրավիճակներին: Համատեղ ներկայացնում են նաեւ Միացյալ Նահանգների հոգեբանական տեղաշարժը Օբամայի առաջադրվելու, ընտրվելու պատճառով եւ հետագա զարգացումները, թե ինչպես սեւամորթ անձը կարողացավ գրավել հասարակության գրեթե բոլոր շերտերը, եւ թե Հայաստանում ով կարող է նման առաջնորդ դառնալ: Ինչպես կենտրոնի հրատարակած յուրաքանչյուր աշխատության, այնպես էլ այս գրքի խմբագրական աշխատանքները կատարել է Գեւորգ Լալայանը, որի շնորհիվ ամեն հրապարակումում խիստ է դրված լեզվի անաղարտության հարցը:

ՌԱՀՀ կենտրոնի 15-ամյակի կապակցությամբ շատ ծրագրեր կան: Լույս կտեսնի նոր գիրք, որում անկախության տարիների կտրվածքով արծարծված կլինեն մի շարք հիմնախնդիրներ: Կհրատարակվեն նաեւ անհատական մենագրություններ, կկազմակերպվեն շատ սեմինարներ:

ԼՈՒՍԻՆԵ ԴԵՄԻՐՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4