«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2009-03-13 | #45, 2009-03-14 | #46, 2009-03-17


ՎԵՆԵՏԻԿԻ 53-ՐԴ ԲԻԵՆԱԼԵՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է

Գայանե Խաչատրյանը

ՀՀ Մշակույթի նախարարության հանձնարարությամբ, 8-րդ անգամ ՆՓԱԿ-ը (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) այս տարի եւս կազմակերպում է Հայաստանի պաշտոնական տաղավարը համաշխարհային ամենահեղինակավոր ժամանակակից արվեստի փառատոն` Վենետիկի Բիենալեում: Տաղավարի պատվիրակն է ՆՓԱԿ-ի համահիմնադիր ճարտարապետ Էդուարդ Պալասանյանը: Այս տարի նկարչուհի Գայանե Խաչատրյանն է ներկայացնելու հայկական ժամանակակից արվեստը: Ինչպես անցյալ տարիներին, տաղավարը հյուրընկալվում է Մխիթարյան միաբանության Մուրադ Ռաֆայելյան վարժարանում (վենետիկյան վերածննդի շրջանի Palazzo Zenobio): Վենետիկի Բիենալեն կայանալու է 2009 թ. հունիսի 7-ից նոյեմբերի 22-ը: Հայաստանի տաղավարի պատվո պատվիրակն է ազգային բարերար Ժան Պողոսյանը:

Ստորեւ ներկայացվում է տաղավարի պատվիրակ եւ համադրող դր Էդուարդ Պալասանյանի հոդվածը, որի համառոտ տարբերակը հրատարակվելու է Բիենալեի պաշտոնական կատալոգում:

Աշխարհի հայության թիվը շուրջ 8 միլիոն է, որից 3 միլիոնը բնակվում է ներկա Հայաստանի Հանրապետության տարածքում: Հայկական սփյուռքը մշակութային առումով շատ հարուստ է եւ բազմազան: Թվելով միայն մի քանի համաշխարհային համբավ վայելող սփյուռքահայ արվեստագետների, կարելի է նշել նկարիչ Արշիլ Գորկուն (ԱՄՆ), ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն (Ռուսաստան), կինեմատոգրաֆ Սերգեյ Փարաջանովին (Վրաստան-Ուկրաինա) եւ այլն: Գայանե Խաչատրյանը, թերեւս ավելի քիչ ճանաչված սփյուռքահայ արվեստագետ է, որը իրապես պատկանում է այդ համբավավոր խմբին: Նա ծնվել է Թբիլիսիում (Վրաստան) եւ ապրում ու ստեղծագործում է այնտեղ:

Գայանե Խաչատրյանի ստեղծագործությունները խիստ այլաբանական են: Նրանք ողողված են արվեստագետի ներաշխարհը ներկայացնող պատկերներով, եւ ծննդավայր Թբիլիսիի հայկական համայնքի հիշողությունների բազմերանգ ու հարուստ, փոխաբերական սիմվոլների փնջերով: Նրա գունագեղ, ուրույն հիշողություններով հագեցած կտավները նման են 20-րդ դարի մեծ վարպետների պաստառներին, ինչպիսիք են Մարք Շագալը, Արշիլ Գորկին, ինչպես նաեւ ավելի հին շրջանի Հերոնիմուս Բոշը: Մարք Շագալը պատկերների միջոցով խոսում էր իր ժողովրդի «Հին երկրում» տարած սոսկումների, մտահոգությունների, ուրախությունների եւ վշտերի մասին: Արշիլ Գորկին արտահայտում էր նույնը` վերացական ոճով, օրինակՙ «Թե ինչպես մորս ասեղնագործ գոգնոցը սփռվեց իմ կյանքում» աշխատանքը: Գայանեն Շագալի պես պատմիչ է, Գորկիի պես գույների ու ձեւերի առումով վերացական, իսկ Հերոնիմուս Բոշի պես կոնցեպցիայի եւ կոմպոզիցիայի առումովՙ հմայիչ:

Մի առիթով Գայանեն նշել է, որ իր կտավները հաճախ «պատմում են» մանուկ հասակում լսած մեծ մոր պատմություններն ու հեքիաթները: Նրա աշխատանքները «թատերական» են: Յուրաքանչյուր պաստառ ասես բեմահարդարում է` թատրոնի «սառեցված» տեսարան: Նա եղել է աշխարհահռչակ կինեմատոգրաֆ, եւ իր հերթին նաեւ կերպարվեստի վարպետ, Սերգեյ Փարաջանովի մտերիմը: Գայանեի գործերը համահունչ են Փարաջանովի բազում կադրային կոմպոզիցիաների եւ կոնցեպցիաների հետ:

Գայանե Խաչատրյանը ընտրվել է 53-րդ Վենետիկյան Բիենալեում Հայաստանը ներկայացնող արվեստագետ, որպես հայ մշակույթի պատմության միջնադարյան մանրանկարչություններից մեր օրերը ձգված շղթայի ամուր օղակների ցայտուն օրինակ: Գույներով, ձեւային համադրություններով եւ «պատմելու» ոճով, նրա գործերը պատկանում են հայ մշակույթի դարավոր «ծառի» արմատներին, իրանին ու ճյուղերին:

Նշանակալից է, որ Վենետիկում Գայանեին ներկայացնելու տրամաբանությունը, որը զարգացել է անցյալ մի քանի տարիների ընթացքում, այսօր համընկել է Վենետիկի 53-րդ Բիենալեի ղեկավար-համադրող Դանիել Բիրնբաումի հետեւյալ նպատակին` ուսումնասիրել մի քանի սերունդների ներշնչումների կապերն ու ներկայացնել այն արմատներն ու ճյուղերը, որոնք աճում են դեպի տակավին չհստակեցված ապագա:

Արվեստագետների մի ամբողջ գանձարան (Արշիլ Գորկի, Երվանդ Քոչար, Մարտիրոս Սարյան, Մինաս Ավետիսյան եւ ուրիշներ) այն ակնաղբյուրն ու հիմքերն են, որոնցից բխում եւ որոնց վրա կառուցվում է հայկական ժամանակակից նորարար արվեստը: Գայանե Խաչատրյանը մեկն է այն սակավ, ավագ սերնդի առաջատար արվեստագետներից, որն այսօր մեզ հետ է: Նա երբեք չի կորցրել իր արդիականությունն ու թարմությունը: Նա հրաշալի երեւույթ է հայ մշակույթի բազմազան եւ անգին գանձարանում:

Էդուարդ Պալասանյան, Վենետիկի 53-րդ Բիենալեում Հայաստանի տաղավարի պատվիրակ եւ համադրող

ՔԱՂՎԱԾՔ ԱՐՎԵՍՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻՑ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ (1942) ԽՍՀՄ

Գայանե Խաչատրյանը ծնվել է Վրաստանի Խորհրդային Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիում: Նրա մայրը զոկ էր, մի էթնիկական ժողովուրդ, որոնց լեգենդները կապում են հրեաների հետ, բայց Հայաստանում համարվում են հայեր եւ վայելում են մեծ հարգանք: Պատանի տարիքում նա հաճախել է երեխաների արվեստի դպրոց, բայց ծանր հիվանդությունից հետո, որն, ըստ երեւույթին, նրա վրա թողել է հոգեբանական ազդեցություն, սկսել է աշխատել ինքնուրույն: Ստեղծագործելու համար Գայանեն պետք է լինի ճիշտ տրամադրության մեջ, կարիք ունի զգալու նկարչին հատուկ տրամադրությունն ու աշխատել երաժշտության ընկերակցությամբ: Նա անվերջ իր ուրույն ընթացքը գտնելու տառապալի պրպտումների մեջ է: Նրա ներկայացրած նյութերը չափազանց փոխաբերական են, շեշտադրված տոնային արժեքների լայն դիապազոնով: Նրա անցած բոլոր շրջանները հակված են թատերական խաբկանքների: Նկարչուհու տեխնիկական վարպետությունը բխում է ավելի պրոֆեսիոնալ նկարչությունից, քան կրթությունից, իսկ նրա աշխարհայացքը (Weltanschauung) կովկասյան հատկանշական համայնապատկերիցՙ իր լեռներով, մրգերի վառ գույներով, դալար կանաչապատ դաշտերով ու կովկասյան արեւելյան կենցաղից եւ սովորույթներից, նրանց ազգային եւ հասարակական կեցվածքից ու էրոտիզմից: Նրա նկարների աշխարհը հարթ է, առանց դրամայի, առանց հասարակական ցնցումների, առանց անձնական կամ պատմական հիշողությունների եւ առանց հոգեբանական քննարկումների: Գայանե Խաչատրյանի նկարները լցնող կերպարները իրական միս ու արյամբ մարդիկ կամ կենդանիներ չեն, այլ բեմական ստատիկ էլեմենտներ: Սա իսկապես արտացոլում է մի երազային աշխարհ, առանց շարժումի եւ ժանրային մանրամասնությունների: Անցյալ մի քանի տարիների ընթացքում նրա աշխատանքները դարձել են ավելի բարդ, դետալների եւ գույների վերացական խաղի առավել շեշտադրումով: Արդյո՞ք նա իսկապես նայիվ արտիստ է: Վստահորենՙ ո՛չ: Բայց այն գիտելիքները, որոնցից նա օգտվում է պատկերելու աշխարհը, այն ձեւերն ու կերպերը, որոնք համընկնում են նրա ուրույն ինտուիցիայի հետ, չեն գերակայում նրա արվեստից դուրս անկեղծությանը: Գայանեի աշխատանքը, որն իրականում բխում է մարդկային սրտից եւ իր հիացմունքից բնության ու կյանքի տրամադրած հավիտենական առեղծվածների հանդեպ, նայիվ է:

Գայանե Խաչատրյանի աշխատանքները մասնավոր հավաքորդների մոտ եւ Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում են: Նա ունեցել է մի քանի անհատական ցուցահանդեսներ Երեւանում, եւ ցուցադրվել է Թբիլիսիում եւ Վրաստանի այլ քաղաքներում: 1982 թվին նա ընդունվել է Խորհրդային նկարիչների միություն:

Նատալյա Շկարովսկայա

Հոդվածը վերցված է World Encyclopedia of Naive Art: a hundred years of naive art, Oto Bihalji-Merin, Nebojsa-Bato Tomasevic, London-F. Muller, 1984 գրքից: Անգլերենից թարգմանությունըՙ Է. Պալասանյանի:


Նկար 1. Գայանե Խաչատրյանը իր արվեստանոցում, Թբիլիսի 1991, լուսանկարըՙ Զավեն Սարգսյանի

Նկար 2. «Կարմրահեր ձեռնածուներ եւ պարող տիկնիկ», 1976, յուղաներկ-կտավ, 53 x 72 սմ

Նկար 3. «Նատյուրմորտ» 1970, յուղաներկ-կտավ, 75 x 106 սմ

Նկար 4. «Արծաթափայլ նվագիչներ լուսաբացին», 1990, յուղաներկ-կտավ, 40 x 86 սմ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4