«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#44, 2009-03-13 | #45, 2009-03-14 | #46, 2009-03-17


ԵՐԲԵՔ ՄԻ՛ ԹԵՐԱԳՆԱՀԱՏԻՐ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻԴ

Աբրահամը 9-րդ անգամ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը

Մարտի 14-ին IBF վարկածով միջին քաշային բռնցքամարտիկ 29-ամյա Արթուր Աբրահամը 9-րդ անգամ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսըՙ ֆիլադելֆիացի 30-ամյա Լըուան Սայմոնի դեմ 12 ռաունդ տեւած մրցապայքարումՙ միավորների առավելությամբ (118:109, 117:110, 117:110):

Մրցապայքարի հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ էր. գերմանական Քիլ քաղաքի Շպառկասսե արենայում հավաքված 9000 երկրպագուներ (տպագիր մամուլը տարբեր թվեր է ներկայացնում, ARD-ի հեռուստատեսային մեկնաբանի ծանուցմամբՙ 10 հազարից ավելի), ուղիղ եթերով մրցամարտին հետեւած 6 միլիոն հեռուստադիտողներ նկատեցին, որ բռնցքամարտի բեռլինաբնակ հայազգի «արքան» այս անգամ հեշտ հանձնվող հակառակորդ չունի:

«Ես գոհ չեմ, խաղի ավարտին ասաց Աբրահամը: Իհարկե ուզում էի նոկաուտով հաղթել, բայց Սայմոնը կարողանում էր խույս տալ: Հարգանքներս: Մարզչիս հետ նորից կդիտեմ խաղի տեսագրությունը, որ հաջորդ անգամ նման սխալներ չանեմ»:

Աբրահամի մարզիչ Ուլլի Վեգներն էլ տպավորված էր ամերիկացու մրցելույթից: «Սա մեզ համար ամենաարժեքավոր խաղն էրՙ մեծ չեմպիոնի դեմ մրցամարտի ճանապարհին»:

Տպագիր մամուլը, Հենրի Մասքըի նման, շեշտադրում է մրցապայքարի ամենաարժեքավոր դասըՙ երբեք մի՛ թերագնահատիր հակառակորդիդ ուժերը, ինչպես նաեւՙ մեծամտությունը խանգարում է հաղթանակներին: Բայց դառնանք խաղին:

Շլեզվիգ-Հոլշթայնի մայրաքաղաքում անցկացված Աբրահամ-Սայմոն մրցամարտի նպատակը, ինչպես ARD-ի մեկնաբան Հենրի Մասքըն ձեւակերպեց, ամերիկացի Քելլի Պավլիկի դեմ առաջիկա մրցապայքարն է: Հաղթանակի դեպքում Զաեուրլանդի ակումբի նոկաուտի արքան իր ունեցած IBF-ին կմիավորի WBC-ի, WBO-ի գոտիներն էլ, որից հետո հանդես կգա գերմիջին քաշում (76,203 կգ): Սա առայժմ գերնպատակ է, որի համար Աբրահամը վերջին երկու շաբաթում 7-8 կգ քաշ է կորցրել: Սաունա, վազք, ուտելն ու նույնիսկ ջուր խմելը խիստ սահմանափակ: «Առաջինՙ իր դեմ մենամարտը կշեռքի վրա Արթուրը հաղթանակով պսակեց», Ուլլի Վեգների ձեւակերպումն էր Սայմոնի դեմ մրցամարտից առաջ: Բայց 72, 4 կգ սահմանագծին արագ հասնելը Աբրահամին ռինգում զգացնել տվեց: 9-րդ ռաունդում խաղի մեկնաբանը հատուկ շեշտադրեցՙ «պիտի մտածել, թե արդյոք Աբրահամի պարագայում նպատակահարմա՞ր է նիհարելու այս արագ մեթոդը կիրառել»:

Աբրահամն իր համար շատ տիպական սկսեց պայքարըՙ թույլ տվեց, որ մրցակցի ակտիվությունը սպառվի: Բայց այս անգամ մրցամարտին հետեւողները, նույնիսկ նրանք, որոնք համառորեն համոզված էին, որ պայքարը նոկաուտով ավարտ է ունենալու, զարմացած մնացինՙ ինչպե՞ս է ամերիկացին Աբրահամի հզոր հարվածների տարափին դիմանում, ինչպե՞ս գետին չի տապալվում:

Պրոֆեսիոնալ ռինգում 24 մրցամարտ առանց պարտության, միայն հաղթանակի սովոր Սայմոնի վարքը մրցապայքարից հետո Արթուր Աբրահամն է բացատրումՙ «Երբեւէ չպարտված մարզիկը չի կարող պատկերացնել, որ կարող է մի անգամ էլ պարտվել»: Ու թեպետ «Արթուր արքայի» երկրպագուներն արդեն գիտեն, որ հաղթողի անունը միայն Աբրահամ է, այդուհանդերձ առիթ ունեցան ճանաչելու միջազգային վարկը բարձրացրած Լըուան Սայմոնին եւս:

Բայց մեկ խնդիր այնուամենայնիվ կա. նույնիսկ 3 միլիոն դոլար առաջարկի դեպքում էլ Պավլիկն ու նրա մենեջերները համաձայնություն չեն տվել: «Ամերիկայում ոչ ոք Արթուր Աբրահամին չի ճանաչում», ասել է Պավլիկի մենեջերըՙ ինտերնետային «Վելթ օնլայնին»: Զաուերլանդը որոշել է ամենայն հավանականությամբ 2009-ի հունիսին ԱՄՆ-ում կազմակերպել Աբրահամի մրցապայքարըՙ ամերիկացի կիսամիջին քաշային չեմպիոն Վերնոն Ֆորրեստի դեմ: «Բայց դրանից հետո Պավլիկի մենեջերները էլ չպիտի ասեն, թե Արթուրին Ամերիկայում բավարար չեն ճանաչում», ասել է Զաուերլանդը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4