Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 6-րդ եւ 7-րդ տուրերն այնքան էլ հաջող չէին հայ շախմատիստուհիների համար: Լավագույն արդյունքն ունեցող Լիլիթ Մկրտչյանը վաստակեց մեկ միավոր: 6-րդ տուրում նա հաղթեց Մոնիկա Սոչկոյին` տոնելով 4-րդ անընդմեջ հաղթանակը, իսկ ահա հաջորդ պարտիայում կրեց անդրանիկ պարտությունը: Լիլիթի մրցակիցը Հունգարիան ներկայացնող Հոանգ Տհան Չանգն էր: Վերջինս այդ հաղթանակի շնորհիվ վաստակեց 6 միավոր եւ դարձավ մրցաշարի միանձնյա առաջատար: Լիլիթ Մկրտչյանը 5,5 միավորով 3-րդ տեղում է: Նույնքան միավոր ունեն եւս 11 շախմատիստուհիներ: Այնպես որ չեմպիոնի տիտղոսի համար համառ պայքար է ընթանում:
Վերջին երկու տուրերում առավել հաջող խաղաց Աննա Հայրապետյանը, որը մինչ այդ հայ շախմատիստուհիներից վատագույն արդյունքն ուներ` իր հաշվին գրանցելով 1,5 միավոր: Աննան 2 անընդմեջ հաղթանակ տոնեց` առավելության հասնելով Եկատերինա Խոխլովայի եւ Իրինա Պետրուշկինայի նկատմամբ: Այդ հաղթանակների շնորհիվ Հայրապետյանը վաստակեց 3,5 միավոր:
Լիլիթ Մկրտչյանից հետո 2-րդ արդյունքն ունի Նելլի Աղինյանը, որը վաստակել է 4 միավոր: Նելլին նախ հաղթեց Աննա Լոմակոյին, ապա պարտվեց Էլիզաբեթ Պյոտցին: 3,5-ական միավոր են վաստակել Լիլիթ Գալոյանն ու Սիրանուշ Անդրեասյանը: Գալոյանը պարտվեց Մերի Արաբիձեին, այնուհետեւ հաղթեց Սվետլանա Մեդնիկովային: Անդրեասյանը Ալյոնա Կուշկայի եւ Գալյա Լոմակինայի հետ պարտիաներն ավարտեց ոչ-ոքի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ