Երեկ հանրապետության ողջ տարածքում տեղացած ձյունն անսպասելի էր նախորդած տաք օրերից հետո: Սակայն չպետք է մոռանանք, որ գիժ մարտը միշտ էլ անակնկալներով զարմացրել է: Իսկ թե ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա շաբաթվա ընթացքում, պարզաբանումներ տվեց «Հայհիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը : Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 17-ին եւ 18-ի գիշերը կլինի ցուրտ: Հովտային շրջաններում մինչեւ 15-17 աստիճան ցուրտ է սպասվում, իսկ ցերեկըՙ մինչեւ 10 աստիճան տաքություն:
Մարտի 19-ի ցերեկվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա, գիշերըՙ 19-21, հովտային շրջաններում սպասվում է 1-4 աստիճան տաքություն, ցերեկըՙ մինչեւ 15 աստիճան տաքություն: Լեռնային շրջաններում ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 4-7 աստիճան ցուրտ, ցերեկըՙ 1-5 աստիճան տաքություն: Երեւանում առաջիկա երկու գիշերներին կլինի մինչեւ 1-3 աստիճան ցուրտ, ցերեկըՙ 9-11 աստիճան տաքություն: 19-ի գիշերըՙ 0-1, 20-ին եւ 21-ինՙ 3-4 աստիճան տաքություն: Մարտի 21-ին ջերմաստիճանը կլինի 13-15 աստիճան տաքություն, տեղումներՙ անձրեւի տեսքով:
Ինչպես ժողովրդական բանահյուսությունն է հուշումՙ մարտի վերջին դեռ հնարավոր են ձյուն, քամի, բուք ու բորանՙ «պառավի ուլերի» օրը: Այդ օրը պառավն իր ուլերին տանում է հանդն արածացնելու եւ ուրախ-ուրախ բացականչումՙ մարտը գնաց, դարդը գնաց: Մարտը լսում է եւ վիրավորված բուք ու բորան է կապում, ուլերին խեղդում: Այդտեղից էլ մնացել է «պառավի ուլեր» արտահայտությունը: Ամենայն հավանականությամբ մարտը դրանով էլ իր դիրքերը կզիջի ապրիլինՙ վերջին անակնկալը մատուցելով:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ