«Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվող «Առավոտ» եւ «4-րդ իշխանություն» թերթի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ոստիկանության օպերատիվ խմբին հաղորդել է, որ Երեւանի Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանի առաջին հարկի ընդհանուր սրահում համալսարանի պահնորդների ղեկավար Կարեն Միրիջանյանը, պահնորդներ, 1968-ին ծնվ. Արամ Գեւորգյանը եւ 1981-ին ծնվ. Էդգար Պապոյանը խոչընդոտել են իր մասնագիտական գործունեությանը, ներկաների մոտ իրեն հայհոյել, ծեծի են ենթարկել եւ պատճառել մարմնական վնասվածքներ:
Գագիկ Շամշյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կ. Միրիջանյանին, Է. Պապոյանին եւ Ա. Գեւորգյանին ստորագրությամբ բաց են թողել: ՀՀ քրեական օրենսգրքի 164 եւ 118 հոդվածներով քրեական գործի նախաքննությունը վարում է ոստիկանության կենտրոնի քննչական բաժինը:
Գ. Շամշյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են պալատ, բժշկական օգնությունը շարունակվում է:
Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորատի տարածած հայտարարության մեջ նշված է, որ «ներքին գործերի նախարարության նախկին աշխատակից, այժմ «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոլրագրող Գ. Շամշյանը` ցուցաբերելով լրագրողին ոչ հարիր, ցինիկ գործելակերպ, խախտելով բուհի ներքին կարգապահական կանոնները, ներխուժել է համալսարանՙ խանգարելով ուսումնական գործընթացը: Նրա կատարած անօրինական գործողությունների ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որի արդյունքում, համաձայն լրատվամիջոցների, Գ. Շամշյանը ստացել է մարմնական վնասվածքներ:
Ցավում ենք կատարվածի համար, միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ կատարված միջադեպը ոչ թե Գ. Շամշյանի պրոֆեսիոնալ պարտականությունների կատարման, այլ նրա խուլիգանական գործողությունների կանխման արդյունք է...»:
Այդ միջադեպի կապակցությամբ բուհի անվտանգությունն իրականացնող «Գարդմոբիլ» ՍՊԸ-ի տարածած հայտարարության մեջ նշված է. «Մի քանի օր է, ինչ որոշ լրատվական միջոցներով Գագիկ Շամշյանը ներկայացվում է որպես միջադեպի տուժող, սակայն, մեր կարծիքով, լրատվամիջոցների ներկայացրածը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ե՛ւ ինտերնետ համացանցում, ե՛ւ մեր տրամադրության տակ ունեցած տեսաձայնագրությունը (http://www.youtube.com/watch?v=TOK–UAI49gA), վկայում է, որ Գագիկ Շամշյանը դրսեւորել է ագրեսիվ պահվածք, ցատկել է արգելափակող սարքավորման վրայով, չունենալով իր մոտ լրագրողի անձը հաստատող փաստաթուղթ, ներթափանցել է բուհի տարածք, խախտել է բուհի ներքին կարգապահական կանոնները եւ անցագրային կարգը»:
Այսուհանդերձ, այդ բոլորը որեւէ մեկին իրվո՞ւնք է տալիս լրագրողին ծեծի ենթարկելու, ո՞ր դարում եւ ո՞ր երկրում ենք ապրում:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ