ԱԱԾ մամուլի կենտրոնից հաղորդում են, որ բացահայտվել եւ կասեցվել է կազմակերպված հանցավոր խմբի գործունեությունը, որը տեւական ժամանակ Երեւան քաղաքում զբաղվել է առանձնապես խոշոր չափերի հասնող արտարժույթի անօրինական առուվաճառքով: Խմբի կազմում ներգրավված են եղել Երեւանի բնակիչներ Վ. Միքայելյանը, Կ. Զաքարյանը եւ Է. Գալստյանը, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է իր ուրույն դերակատարությունն անօրինական գործունեության կազմակերպման եւ իրականացման հարցում: Խմբի անդամներն արտարժույթի փոխանակումներն իրականացրել են միայն նախնական պայմանավորվածությունների համաձայն: Նրանց ծառայություններից օգտվել են հիմնականում Երեւանում եւ մարզերում գործող տարադրամի փոխանակման կետերը, ինչպես նաեւ առանձին քաղաքացիներ: Նրանց ակտիվ աջակցություն են ցուցաբերել որոշ առեւտրային բանկերի աշխատակիցներ` շահեկան պայմաններով առանձնապես խոշոր չափի տարադրամ փոխանակելով, ինչպես նաեւ արտարժույթի կուրսերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելով: