Վրաստանի Էներգետիկայի կարգավորման հարցերով ազգային հանձնաժողովը մարտի 16-ին «Կազտրանսգազ Թբիլիսի» գազաբաշխիչ ընկերությունում նշանակել է հատուկ կառավարիչ: Հանձնաժողովի տվյալներով, որոշումը պայմանավորված է ընկերությանՙ շուրջ 47,4 միլիոն դոլար կրեդիտորական պարտքով:
2005 թվականից «Կազտրանսգազ Թբիլիսի»-ի սեփականատերը ղազախական «Կազմունայգազ» պետական ընկերությունն է, որի ղեկավարությունը դեռեւս հոկտեմբերին հայտարարել էր, թե ուսումնասիրում է գազաբաշխիչ ընկերությունը վաճառելու հնարավորությունըՙ ֆինանսական խնդիրների պատճառով:
Ինչպես REGNUM գործակալությանը հայտնել են իրավիճակին տեղյակ աղբյուրները, Թբիլիսիի գազաբաշխիչ ընկերության բաժնետոմսերի մի մասը կարող է գնել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն: Նրանց տվյալներով, ղազախական կողմը մտադիր է ամբողջությամբ հրաժարվել «Կազտրանսգազ Թբիլիսի»-ի բաժնետոմսերից, սակայն հայ-ռուսական ընկերությունն առայժմ ծրագրում է սահմանափակվել բաժնետոմսերի 25 տոկոսանոց փաթեթի վերահսկողությամբ: