«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#45, 2009-03-14 | #46, 2009-03-17 | #47, 2009-03-18


ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՉԱՐԵՆՑԻ ՄԱՍԻՆ

Վերջերս լույս տեսավ «Ինքնագիր» գրական հանդեսի 5-րդ համարը: Պետք է խոստովանել, որ հանդեսի յուրաքանչյուր համար թարմություն է մեր գրական-մշակութային կյանքում: Երեւույթները դիտվում են նոր տեսանկյունից, անկաշկանդ հայացքով: Իսկ այս համարն առանձնահատուկ էր առավել, քանզի գրական բացահայտումը վերաբերում էր մեր մեծին` Եղիշե Չարենցին:

Առաջին անգամ մեր երկրում ներկայացվում են Չարենցի այն բանաստեղծությունները, որոնք գրված են ոչ ավանդական սեռական կողմնորոշման ելակետից:

Դժվար է այս թեմային մոտենալ մեր իրականության մեջ: Բայց որքանո՞վ է նախընտրելի ծածուկ պահելը:

Անշուշտ հայ ընթերցողը, կամ մեր քաղաքացին գուցե մի պահ սարսռաց` տեղեկանալով, որ իր կուռքն էլ է հակում ունեցել իր կողմից մերժելիին ու արգահատելիին: Բայց նա պարտավոր է իմանալ եւ կարդալ այդ բանաստեղծությունները, որովհետեւ նրանց մեջ էլ է խոսում ինքը` Չարենցը:

Ինչպես հայտնվեցին Չարենցի այս գործերը

«Ինքնագիրը» թարգմանաբար տպագրել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ռ. Ռասելի «Եղիշե Չարենցի անտիպ բանաստեղծությունների արխիվից» հոդվածը, որը լույս է տեսել ԱՄՆ-ում 2004 թվականին եւ ամփոփվել «Հայագիտություն եւ իրանագիտություն» ժողովածուի մեջ:

Հեղինակն ինքն է ներկայացնում, թե դրանք ինչպես են հայտնվել իր ձեռքում: Ձերբակալությունից մի քանի ամիս առաջ Չարենցն այդ բանաստեղծությունների ձեռագրերը հանձնում է իր երիտասարդ բարեկամին` Գեւորգ Էմինին ի պահպանություն: Եվ ուղեկից գրություն` թղթի մի կտորի վրա. դրանք ոչ մի դեպքում չոչնչացնել: Անգամ ավելացնում է. «լավ է հանձնել ուր լինի, անգամ իմ կյանքի օրով` իմանալով, որ սրանք ինձ կկորցնեն, քան ոչնչացնել»:

1998 թվականին Ջեյմս Ռ. Ռասելն այցելում է Հայաստան, հյուրընկալվում Էմինի որդուն` Արտաշես Էմինին, վերջինս էլ նրան է տրամադրում բանաստեղծի արխիվային նյութերի լուսապատճենը: Տանելով ԱՄՆ, նա հրապարակում է դրանք` զուգահեռ ներկայացնում, թե երբ են Չարենցի մոտ ի հայտ գալիս համասեռամոլության հատկանիշները, երբ եւ ինչ պայմաններում է գրել այս բանաստեղծությունները: Հիմնականում էրոտիկ բնույթի այդ գործերը ստորագրված են 1936 եւ 1937 թվականներին: «Ինքնագիրը» տպագրել է դրանք, թվով 11 բանաստեղծություն: Այնտեղ նույն Չարենցն է` էմոցիոնալ, գերզգայուն, սակայն էրոտիկ եւ սեքսուալ նոր հակումների արտահայտությամբ:

Հավատը որպես ճանապարհի ավարտ

Չենք կարող չխոսել նաեւ Ջեյմս Ռ. Ռասելի հաջորդ հոդվածի մասին, որը կրկին «Ինքնագիր»-ի էջերում է: Այն, ըստ էության, նախորդի թեմատիկ շարունակությունն է, ուր բանաստեղծի այս հակումներն ու հայացքները հեղինակը քննում է այլ լույսի տակ: Դրանք ձեռք են բերում այլ արժեք, եւ ստանում բովանդակային լրացուցիչ հագեցվածություն: Հոդվածը վերնագրված է «Չարենցը` մարգարե»:

Հոդվածն ըստ էության լուրջ ուսումնասիրություն է: Այն վերաբերում է բանաստեղծի կյանքի վերջին տարիներին: Հիշենք իրավիճակը. երկրում մոլեգնում էին ստալինյան բռնությունները: Արդեն մեկ տարի բանաստեղծը գտնվում էր տնային կալանքի տակ, եւ ամեն օր սպասում էր, որ «գալու են» իր հետեւից: Նա ապրում էր անվերջանալի մղձավանջի մեջ: Մղձավանջը հատկապես խորանում էր գիշերները. բանաստեղծն ընկնում էր տրանսի մեջ, վերանում էր իրականությունից, ժամանակը կանգ էր առնում, անհետանում էր տարածությունը:

Չարենցի մոտ հավատն ու սեռական ապրումները միախառնվում են: Ծայրահեղ անհույս իրավիճակներում նրան այլ բան չի մնում, քան քայլել դեպի հավատը: Այդ ճանապարհը նա անցնում է վախվորած, կասկածելով, սայթաքելով, հետ-հետ նայելով:

Հակասական են հավատի հետ կապված ապրումները, ընթանում է ներքին դաժան պայքար, բայց նրան այլ բան չի մնում, նա դատապարտված է խարիսխը գցել հավատքի դաշտում: Ահա 1936 թ. հոկտեմբերի 25-ին գրած «Վերջին աղոթք» բանաստեղծության վերջին հատվածը.

Բայց ես դիմում եմ քեզ, ինչպես հաճախ/Անապատում` ահեղ սամումների ժամին`/Քարավանի տերերն արնաշաղախ,/Թողած այնքան ուշիմ ու խորամիտ/Փորձառությունն իրենց` լոկ ուղտերի դեղին/Բնազդին են կառչում եւ գտնում ուղի...

ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4