Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին դեռ 3 տուր կա եւ մրցանակային տեղերի համար պայքարն առջեւում է: Հայ շախմատիստուհիներից միայն Լիլիթ Մկրտչյանը հնարավորություն ունի պայքարելու մեդալների համար: 8-րդ տուրում Լիլիթը ոչ-ոքի խաղաց ռումինացի Քրիստինա Ֆոյսորի հետ ու վաստակեց 6 միավոր: Լիլիթն ընթանում է 5-րդ տեղում եւ ընդամենը կես միավորով է զիջում աղյուսակը գլխավորող Սալոմե Մելիային, Հոանգ Տհան Չանգին եւ Իվետա Ռայլիխին: Ընդհանուր առմամբ 6 միավոր ունեն 11 շախմատիստուհիներ: 9-րդ տուրում Մկրտչյանը կխաղա Սալոմե Մելիայի հետ:
8-րդ տուրում մեր շախմատիստուհիներից հաղթեցին միայն Նելլի Աղինյանն ու Լիլիթ Գալոյանը: Նելլին պարտության մատնեց բելառուսցի Նատալյա Պոպովային, Լիլիթն առավելության հասավ ուկրաինացի Լյուբով Կոստյուկովայի նկատմամբ: Աղինյանն ունի 5 միավոր, Գալոյանը վաստակել է 4,5 միավոր: 4 միավոր ունի Սիրանուշ Անդրեասյանը, որը ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Ալինա Բալայանի հետ: Աննա Հայրապետյանը 2 անընդմեջ հաղթանակներից հետո պարտվեց ռուսաստանցի Օլգա Ձազկինային:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ