«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2009-03-18 | #48, 2009-03-19 | #49, 2009-03-20


ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԸ ՀԱԿԱԿՇՌՈՒՄ Է ՈՒԶԱԾԴ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱ՞ՆԸ

Իլհամ Ալիեւի «արաբական երազն»` իրականություն

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բելառուսի հանդեպ եվրոպական կառույցների վերաբերմունքին ականատես կամ ունկնդիր լինելիս ավելի հաճախակի է դառնում այն մտածումը, թե Եվրոպան տիրելու եւ ոչ թե ժողովրդավարացնելու ցանկությամբ է առաջնորդվում նման դեպքերում: Այսինքնՙ այն բոլոր դեպքերում, երբ որեւէ երկրի հանդեպ իր դժգոհությունն արտահայտում է երկրում տեղի ունեցողի հանդեպ իր «եվրոպական բարձունքից» տված գնահատականներով, պատժամիջոցներով, սահմանափակումներով ու նման ուրիշ եվրոպական հնարքներով, որոնք ավելի շուտ ժողովրդավարության եվրոպական մոտեցումների պարտադրանքի են նմանվում:

Մինչդեռ բելառուսական իրականությանը տեղյակ շատերի կարծիքով, այդ երկրում ամեն ինչ լավ է կանոնակարգված, ընդունելի է, իսկ Բելառուսի «բատկան» էլ ավելի ժողովրդավարական ընտրություններով է ընտրված, քան հետխորհրդային երկրներից որեւէ այլ պետությունում իշխանավոր ուժերը: Եվրոպային դա դուր չի գալիս, քանի որ «եվրոպավարի» չէ:

Սակայն, ինչպես պարզվում է, միանշանակ ու հստակորեն քաղաքականության ու այդ ոլորտով պայմանավորված մյուս հարցերում էլ, մեկ է, հավերժական են միայն շահերը: Այլապես դժվար կլինի ոչ միայն բացատրել եվրոպական ստանդարտների երկակիությունն ու դրանց կիրառման բազմակիությունը, այլեւ ընդհանրապես ստանդարտներ, առավել եւս պատժամիջոցներ կիրառելու ընտրովիությունը:

Մարտի 18-ին Ադրբեջանի ընտրողների 70 տոկոսի մասնակցությամբ ու դրական պատասխանի 90 տոկոս տվյալով անցկացված հանրաքվեն հաստատեց սահմանադրական 29 հոդվածներում մոտ 40 փոփոխությունների ընդունելիությունը: Հանրաքվեի դրված հարցերից ամենակարեւոր ու նշանակալի փոփոխությունն այն էր, որ Ադրբեջանում օրենսդրորեն հանվեց նախագահական աթոռը երկու ժամկետից ավելի անընդմեջ զբաղեցնելու արգելքը:

Ու բնավ էլ կարեւոր չէ, թե ինչ գնահատական էին տվել սահմանադրական փոփոխություններին վենետիկյան հանձնաժողովն ու դրա նման էլի մի քանի կազմակերպություն ու կառույց: Առավել կարեւոր է, որ ադրբեջանական նավթն էլի հասնի Եվրոպա, իսկ Արեւմուտքը դրա դիմաց կարող է ամենայն հանգստությամբ ընդունել, դեռ եվրոպական դիտորդների մակարդակով էլ շատ նորմալ ու ընդունելի որակել այնպիսի մի քվեարկություն, որով, ըստ էության, Ադրբեջանում հաստատվում է Ալիեւների «հարստությունը»:

Մեկ անձի` անընդմեջ երկու անգամից ավելի նախագահական ինստիտուտը ղեկավարելու արգելքը սահմանված էր Ադրբեջանի ներկայիս սահմանադրության 101 հոդվածի 5-րդ կետով: Մարտի 18-ի հանրաքվեի սահմանադրական փոփոխություններով այս բաժնին վերաբերող խմբագրված տարբերակով ստացվում է, որ յուրաքանչյուր անձ կարող է նախագահ ընտրվել բազմիցս:

  «Ազգը» դեռեւս ամիսներ առաջ էր անդրադարձել Ադրբեջանի սահմանադրության մեջ իշխող կոսւակցության առաջարկած փոփոխությունների ու լրացումների մասին զուտ խոսակցությունների մակարդակով հնչող հայտարարություններին:

Ու դեռեւս այն ժամանակ թույլ էինք տվել հավաստիացնել, որ այս հարցին որեւէ ցնցումային վերաբերմունք չի լինի եվրոպական կառույցներից, քանի որ հավերժ են միայն շահերը եւ ոչ արժեքներն ու դրանց նման այն բոլոր «թիթիզությունները», որոնցով աշխարհի գերտերությունները արդարացնում են սեփական շահերի իրագործումն ապահովող ամենաագրեսիվ ու հակաժողովրդավարական քայլերը:

Մարտի 18-ի քվեարկությամբ գահակալության օրինական ճանապարհ է ապահովվում Հեյդար Ալիեւի որդու եւ, ամենայն հավանականությամբ, նրա որդու համար, որ այսուհետեւ ամենայն հանգստությամբ կարող է աշխարհին ներկայանալ ոչ թե որպես Ադրբեջանի նախագահ, այլ խան կամ սուլթան:

Նշենք նաեւ, որ տարբեր կանխատեսումների համաձայն, ինչպես տեղեկացրել է «Ազգը» , թերեւս համաշխարհային ֆինանսական ճգնաժամին առնչվող նորությունների ցանկում եւս մեկն ավելանա անմիջապես մարտի 18-ից հետո: Փորձագիտական ու վերլուծական կանխատեսումների ու գնահատականների համաձայն, հանրաքվեի անցկացումից հետո միայն Ադրբեջանը «բաց կթողնի» իր ազգային արժույթը, որը, նույն գնահատականների համաձայն, դեռեւս «սանձվում էր» միապետական Ադրբեջանի սկիզբ դնող սահմանադրական փոփոխությունների անցկացումը «ըստ արժանվույն» իրականացնելու համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4