«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2009-03-18 | #48, 2009-03-19 | #49, 2009-03-20


ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃԻՑ ԴՈՒՐՍ ԵՎ ՆԵՐՍ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ազգային ժողովի միջանցքներում տեղադրված մոնիտորները, որ թույլ են տալիս առանց դահլիճ մտնելու հետեւել նիստի ընթացքին, իհարկե, նպատակ ունեին ավելի հեշտացնել ե՛ւ լրագրողների, ե՛ւ պատգամավորների աշխատանքը (արդյունավետության ենթատեքստը ենթադրվում էր), քանի որ միջանցքում նստած հանգիստ կարելի է լսել ելույթները: Սակայն, կարծես թե հակառակ ազդեցությունն է տեղի ունենում: Լրագրողների մեծ մասն այլեւս դահլիճ չի գնում` ճիշտ է, քնած պատգամավորներն առաջվա նման աչքի չեն ընկնում, սակայն նաեւ առաջվա ուշադրությամբ չի հետեւում ընթացքին, քանի որ մոնիտորների մոտ մշտապես ուրախ եւ աղմկոտ է. այդպիսով շատ կարեւոր օրինագծերից լրագրողների ուշադրությունը շեղվում է, ԱԺ աշխատանքն էլ ըստ էության չի լուսաբանվում. հիմա այս նորամուծության օգո՞ւտն է շատ, թե վնասը:

Միասնական թեկնածո՞ւ

Սա էր լրագրողական խոսակցությունների գլխավոր թեման ԱԺ միջանցքներում. «Ոչ, հնարավոր չէ», ասաց ՀՅԴ-ի ցուցակի հավանական առաջատար Արծվիկ Մինասյանը ` պատասխանելով հարցին, թե արդյոք ինչ-որ իրական շերտ ունի՞ խոսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններում կոալիցիայի միասնական ցուցակով հանդես գալու հնարավորության մասին: «Որեւէ շրջանակ նման քննարկում չի տարել միասնական թեկնածուով հանդես գալու վերաբերյալ, որեւէ մակարդակում որեւէ ձեւաչափով քննարկում չի եղել: Մեր կուսակցության դեպքում որեւէ անսպասելի բան չի կարող լինել», սա էլ ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանն ասաց: Բայց չէին դադարում խոսակցությունները, թե այսօր կուսակցությունների հետ տնտեսական ճգնաժամի խնդիրը քննարկելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը կարող է կոալիցիայի ներկայացուցիչների հետ առանձնանալ եւ այդ մասին խոսել: Բայց... ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ դա հնարավոր չհամարեց:

«Ժառանգությունը» դեռ այսօր է վարչության նիստ անելու

«Որոշ լրատվամիջոցներ արդեն մեր քայքայման մասին են խոսում, «Ժառանգությունում» նմանատիպ որեւէ խնդիր գոյություն չունի, իսկ «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության առաջարկի հետ կապված էլ (մամուլը գրել էր, թե կամավորականները ՀԱԿ համամասնական ցուցակի իրենց տեղերը զիջել են «Ժառանգությանը»-Մ.Խ.)` այս պահի դրությամբ որեւէ պաշտոնական առաջարկի մասին տեղյակ չեմ, մեր կուսակցական ընկերները դեռեւս նմանատիպ քայլի մասին չեն հայտարարել, լսել ենք ուղղակի, որ այդպիսի բան կա` լրագրողներից մեկը զանգահարեց` կարծիք հարցնելու. կլինի՞, կքննարկենք», «Ազգին» հայտնեց խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը :

Հնարավո՞ր է, որ ձեր որոշումը փոխվի եւ կոնգրեսի հետ միասնական ցուցակով գնաք, հարցրինք. «Մենք փաստորեն որեւէ պաշտոնական որոշում չենք կայացրել, վաղը-մյուս օրը կիմանանք»: Այսօր երեկոյան, ըստ կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանի , տեղի կունենա վարչության նիստ, որտեղ վերջնական որոշում կկայացվի. «Ամեն ինչ հավանական է, մի թերթում երեք տարբերակ էին առաջարկել` միասին, առանձին, եւ չեն գնա», կատակեց տիկին Բախշյանը:

Թերթերից մեկը գրել էր, թե Մեծ Բրիտանիայում գտնվող «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանը վերադառնալուց հետո վայր է դնելու մանդատը եւ դուրս է գալու նաեւ կուսակցությունից. «Փակագիծն» ընդհանրապես չէր կարող կապ հաստատել Ստյոպա Սաֆարյանի հետ, որովհետեւ նա ինքն է կապ հաստատում Երեւանի հետ, նրա հետ այս մի քանի օրը խոսել ենք, բնականաբար` նա այդպիսի միտք չի արտահայտել. «Ազատության» մամուլի տեսությամբ դա լսելիս ես ծիծաղից աթոռից ընկա», ասաց Ա. Մարտիրոսյանը:

Զինապարտները երկրից դուրս գալիս պետք է զինկոմիսարիատից թույլտվություն ունենան

«Զինապարտության մասին» օրենքում երեկ առաջին ընթերցմամբ լրացում էր կատարվում, որտեղ նախատեսվում է, որ երկրից ելքի թույլտվություն տալիս զինկոմիսարիատը տեղեկատվություն պետք է տա ոստիկանության մարմիններին, թե զինապարտ մարդն ինչ իրավունքներ ունի զինապարտության հետ կապված, ասենքՙ տարկետոււմ ունի-չունի եւ այլն: Փաստորեն քաղաքացու անձնագրում ելքի թույլտվությունը, որն այլ պետություններում վավերական անձնագիր է ապահովում ՀՀ քաղաքացու համար, զինապարտի զինվորական պարտականությունների հետ չի կապվում եւ ըստ փոփոխություն առաջարկվում է ելքի թույլտվության ժամկետները կապել զինապարտության ժամկետի հետ: Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին հարցրինք` սա չարաշահումների առիթ չի՞ կարող դառնալ. «Եթե խելագարության կանխավարկածից ելնենք` ամեն ինչ կարող է լինել, բայց պրակտիկան պետք է փոխվի, որ մտածողությունն էլ փոխվի», ասաց նա:

Վալենսիայում մարտի 30-31-ին մոնիտորինգի հանձնաժողովի նիստ

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն «Ազգին» հայտնեց, թե մարտի 30-31-ին Վալենսիայում տեղի է ունենալու ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում է նաեւ Հայաստանի հարցը. «Մենք ներկայացնելու ենք, թե ինչ ենք արել մինչ այս պահը վերջին բանաձեւի կատարման ուղղությամբ, քրեական օրենսգրքի փոփոխությունները, կներկայացնենք նաեւ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, որից հետո մոնիտորինգի հանձնաժողովը կորոշի իր հաջորդ քայլերը:

Մարտի 31-ի մոնիտորինգի հանձնաժողովի նիստից հետո ապրիլյան նստաշրջանն է, հետո` հունիսյան

Բանաձեւի մյուս կարեւոր պահանջը վերաբերում էր զանգվածային լրատվությանը, ավելի ճիշտ` հեռուստա եւ ռադիոհաղորդակցությանը, եւ դրա հետ կապված` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հանձնաժողովում նախապատրաստված է եղել օրինագիծ, որը նույնպես շատ լուրջ քննարկել են եվրոպացի փորձագետները, եւ վերջնական եզրակացությունը որ լինի` դա եւս կքննարկվի»:

Բանտարկյալների խնդիրն ինչպե՞ս է լինելու. այս հարցին ի պատասխան Դ. Հարությունյանը նկատեց, թե օրենքը փոխելուց հետո քանի դեռ դատախազությունը հստակեցում չի արել, իր քայլը չի կատարել, ինքը չի կարող խոսել, թե ինչպիսի ընթացք է ստանալու այս խնդիրը. «Բայց կարող եմ ասել, որ ունենք լրիվ հիմքերը` այդ հարցը համարելու փակված:

Մենք շարժվում ենք մեր սցենարով, մեր ժամանակացույցով եւ ամբողջովին համապատասխանում ենք դրան, հենց օրենքն ուժի մեջ մտնի, դրանից հետո պետք է մեղադրանքը համապատասխանեցվի, եւ, իհարկե, այդ արդյունքները քննարկման առարկա են լինելու մոնիտորինգի հանձնաժողովում. ես լավատեսորեն եմ տրամադրված»:

Քաղաքապետի նորմալ ընտրություններն էլ կարեւո՞ր են, ասենք, արդեն հունիսյան նստաշրջանի համար, հարցրինք. «Իհարկե, ամեն ինչն էլ դիտարկման առարկա է», ասաց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը:

Խղճի ազատության լրացում

«Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի փոփոխությունները, որոնք ուղարկված են Վենետիկի հանձնաժողովի փորձագիտության` երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեցին: Երկրորդ ընթերցմանը եվրոպացի փորձագետների առաջարկները հաշվի են առնվելու, ինչպես նաեւ բոլոր այն դիտողությունները, որոնք օրինագծի ընդդիմախոսներն էին անում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4