Մինչեւ 2010 թվականի հունիսի 20-ը հանրապետությունում հեռուստատեսային եւ ռադիոհաճախականության տրամադրման մրցույթ չի հայտարարվի: Ինչպես նշեց Էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը , մինչեւ 2012-ը հանրապետությունում բոլոր հեռուստատեսային եւ ռադիոհեռարձակումները պետք է իրականացվեն թվային համակարգով: Նշված որոշումն ընդունվում է` նպատակ ունենալով այդ ոլորտում գործող բոլոր կազմակերպությունների համար ստեղծել հավասար պայմաններ, որպեսզի բոլորը հասցնեն այդ փոփոխությունն իրականացնել: Վ. Դանիելյանի խոսքով` այս գործընթացը հնարավորինս սահուն եւ հաջողությամբ իրականացնելու համար տեխնիկական օժանդակություն կցուցաբերեն ԵՄ մասնագետները: Ծրագիրը կյանքի կոչելու համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը մշակում է թվային հեռարձակման չափորոշիչները: