«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2009-03-18 | #48, 2009-03-19 | #49, 2009-03-20


ԺԱՆՍԵՄԻ ԱՌԱՋԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Ցուցահանդես-վաճառք

Նշանավոր ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի (Հարություն Սեմերճյան) աշխատանքների ցուցահանդես-վաճառքի բացումը «Արամե» պատկերասրահում տեղի կունենա այսօր, երեկոյան ժամը 18.00-ին` տեւողությամբ մինչեւ ապրիլի 5-ը:

Էքսպոզիցիայի 43 աշխատանքների 33 լիտոգրաֆիաները օրիգինալին համարժեք գործեր են համարվում. սրանք կանացի ֆիգուրներ են` Ժանսեմին հատուկ գծանկարչական նրբությամբ: Մնացածներից հինգը յուղաներկ, ինչպես եւ խառը տեխնիկայով արված գրաֆիկական հորինվածքներ են:

Այս հետաքրքրական ցուցահանդես վաճառքի իրականացումը Երեւանի «Արամե» եւ Փարիզի «Ֆլորա Ժանսեմ»` երկու մասնավոր պատկերասրահների համատեղ գործակցության արդյունքն է:

Ներկայիս տնտեսական ճգնաժամի պայմանները շատ ավելի դժվարությունների առաջ են կանգնեցնում մասնավորապես մշակույթի գործիչներին, արվեստի աշխարհի մարդկանց: Սակայն, ինչպես պատկերասրահի տնօրեն Արամ Սարգսյանն է ասում, սուղ վիճակների ստեղծած նոր իրականությունը պարտադրում է նոր մոտեցումներ, մարդը հոգեբանորեն եւ մտածողությամբ փոխվում է, թերեւս ավելի ճկուն դառնում, առավել գործունյա ու եռանդուն (իսկապես որ անհնար վիճակն է ստեղծում նոր հնար): Այնպես որ պատկերասրահը, չնայած արվեստի համար ոչ նպաստավոր այսօրվա պայմաններին, ջանքեր է գործադրում` նոր որոնումների, նոր մտահղացումների իրագործման:

Փարիզի «Ֆլորա Ժանսեմ» պատկերասրահից ստացած 43 աշխատանքները «Արամե»-ի ոչ ընդարձակ երկու սրահներում ստեղծել են ժանսեմյան միջավայր` թեթեւ տխրության, ներամփոփ լռության, կանանց` թեեւ նվազուն-դալուկ, բայց նրբագեղ ու քնարական կերպարանքներով նաեւ: Ցուցահանդեսի առիթով «Արամեի» տպագրած կատալոգում ամփոփված են այս աշխատանքները, նաեւ կան տեղեկություններ նկարչի մասին. կատալոգի տպագրության հովանավորը «Ջազվե» սրճարանային ցանցն է:

Ինչպես ասվեց, 33 աշխատանքները լիտոգրաֆիաներ (վիմագրություն) են, թե ինչո՞ւ են Երեւան այս գործերը բերվել, Արամ Սարգսյանն այսպես է ներկայացնում. «Ժանսեմի գործերը վաղուց աշխարհի լավագույն պատկերասրահների սեփականությունն են դարձել: Նրա աշխատանքները պահանջարկ ունեն Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, անգամ Հարավային Աֆրիկայում, դրանց մեծ մասը նաեւ անհատ հավաքորդների մոտ է. շատ քիչ են մնացել օրիգինալ գործերից»:

Ինքը` նկարիչը իր կյանքի ինը տասնամյակի շեմին է, 2010-ին լրանալու է նրա 90-ամյակը: Այժմ նա գրեթե չի նկարում, իսկ գործերի պահանջը գնալով ավելի է աճում: Ժանսեմը այն եզակի նկարիչներից է, որի անունով կենդանության օրոք երկու թանգարան է բացվել, երկուսն էլ` Ճապոնիայում` Տոկիոյում եւ Նագանո-Քենում:

Թուրքական Սոլոզ վայրում ծնված Հարություն Սեմերճյանը 11 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվում է Ֆրանսիա: Մի քանի տարի անց հաճախում է Մոնպառնասի ազատ ակադեմիաների դասընթացներին, ապա սովորում Փարիզի Դեկորատիվ արվեստների դպրոցում: Պատանի հասակից արդեն Ժանսեմը մուտք է գործում արվեստի միջավայր, շփվում փարիզյան նկարչական աշխարհի հետ, ցուցադրություններ ունենում: Առաջին անգամ ներկայանում է Անկախների սալոնում: Սկզբնական շրջանի զուտ ազգային թեմաներից («Հայուհի», «Հայկական հարսանիք») անցում է կատարում բազմաֆիգուր, ծավալուն կոմպոզիցիաների` պարզ մարդկանց կյանքը պատկերող: Հայտնի նկարաշարերից են «Ցլամարտի տեսարաններ», «Վենետիկյան բնանկարներ»-ը: Միջազգային ասպարեզ դուրս է գալիս 1957-ից` Իտալիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Անգլիայում, Մեքսիկայում, ԱՄՆ-ում բացված ցուցահանդեսներով: Արժանանում է բազմաթիվ միջազգային մրցանակների, 1962-ին Բրյուգե քաղաքի բիենալեի հաղթող է ճանաչվում:

1968-ից Տոկիոյում իր աշխատանքների հետահայաց ցուցադրությունից հետո Ճապոնիայում պարբերաբար ներկայացվում է տարբեր պատկերասրահներում: 1978-ից մշտապես ցուցադրվում է Փարիզի «Մատինյոն», 1989-ից «Ֆլորա Ժանսեմ» պատկերասրահներում: Ժանսեմի աշխատանքների հավաքածուներ ունեն Փարիզի ժամանակակից արվեստի, Պուատիե, Ֆոնտենբլո, Էնների, Ճապոնիայի իր անվան երկու թանգարանները, Երեւանի, Մոսկվայի արդի արվեստի թանգարանները, մեր ազգային պատկերասրահը, Ցեղասպանության թանգարանը: «Նա մեր ժամանակների ամենամեծ նկարիչներից է, քանզի միակն է, որ գծով եւ գույնով, իր կերպարների հայացքով եւ մարմնի շարժումով ի զորու է թարգմանել այն, ինչին միայն մաքուր միտքը կարող է հասնել», գրել է Քրիստիան Բլանը:

Առաջին այցը Հայաստան եղել է 1973-ին. Ժանսեմը պետական պատկերասրահին է նվիրել «Կինը եգիպտացորենով» կտավը եւ երեսուն վիմագրություն: 2001-ին Երեւան այցելած նկարիչը 1915-ի Մեծ եղեռնի նահատակներին նվիրված բազմաթիվ գործեր նվիրել է Երեւանի ցեղասպանության թանգարանին:

«Արամե» պատկերասրահը Ժանսեմին ներկայացնում է 2007 թվականից: Այսօրվանը Հայաստանում սփյուռքահայ նկարչի առաջին ցուցահանդես-վաճառքն է, եւ լավագույն առիթ ու հնարավորություն է ընձեռում նաեւ հայ կոլեկցիոներներին իրենց հավաքածուներում ունենալ աշխարհում հայտնի մեր հայրենակցի ստեղծագործություններից:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հ. Գ.- Մի քանի տեղեկություն կերպարվեստի հայաստանյան շուկայից:

Ընդամենը 5-6 մասնավոր պատկերասրահների գոյությունը մեր երկրում վկայում է կերպարվեստի շուկայի ձեւավորման դանդաղ, մշուշոտ ընթացքի մասին, նաեւ այն մասին, որ այս բիզնեսը պասսիվ է, պահանջարկը` քիչ: Այդուհանդերձ, Հայաստանի հասարակության մի մաս հետաքրքրված է նկարների առեւտրով, հիմնականում ունեւորները (բանկերի, օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ եւ այլն), որոնցից քչերն են նկարի առեւտուրը որպես ներդրում (կապիտալ) դիտում, մեծ մասը ճաշակը, գեղագիտական հաճույքը բավարարելու կամ նվերի համար է գնում: Ըստ մասնագիտության, «Արամե» պատկերասրահի տնօրենի կարծիքով նկարների առեւտրով հետաքրքրված են բժիշկները:


Նկար 1. «Բնորդուհին աթոռի մոտ»

Նկար 2. «Սոնյան կանաչ շորով»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4