«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2009-03-19 | #49, 2009-03-20 | #50, 2009-03-21


ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻՆ ՍԱԴՐՈՒՄ ԵՆ

Մի քանի օր առաջ Թբիլիսիի թիվ 8 կալանավայրում փորձել են սադրանքի ենթարկել ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանին: Նախ Չախալյանին մեկ այլ կալանավայր են տեղափոխել, այնուհետեւ խցակիցները փորձել են նրան վիճաբանության մեջ ներքաշել: Այս մասին «Ազգ» -ի հետ հեռախոսազրույցում պատմեց Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը : Վերջինս նկատեց, որ դա հոգեբանորն ճնշելու ավանդական ձեւ է: Ոսկանյանը նշեց, որ կալանավայր տեղափոխելը սխալ է համարվում: «Բանտարկյալը պետք է խախտումներ թույլ տված լինի, որպեսզի նրան այլ խուց տեղափոխեն: Բացի այդ, այն անձը, որի դատավճիռը դեռ չի կայացել, այլ կալանավայր տեղափոխվելու իրավունք չունի: Սա օրենքի խախտում է: Խնդիրներ են առաջացել, երբ խցակիցները փորձել են Չախալյանին սադրանքի ենթարկել, սակայն ջավախահայ ակտիվիստը տեղի չի տվել: Եթե Չախալյանի նյարդերը չդիմանային եւ նա ենթարկվեր սադրանքին, հնարավոր է, որ կալանքի ժամկետը երկարաձգեին»: Ոսկանյանը փաստեց, որ կատարվածի հետեւում կանգնած են վրացի ոստիկանները: «Չախալյանի միակ մտահոգությունն այն է, որ խնդիրներ չառաջանան, որովհետեւ դատավարությունը դատաքննության փուլում է, եւ չի բացառվում, որ վրացական իշխանություններն ամեն քայլի դիմեն, որպեսզի Չախալյանի անվան վրա ստվեր գցեն ու նիստի ժամկետը երկարաձգեն», ասաց Ոսկանյանը: Վերջինս նշեց, որ Չախալյանի գործով հաջորդ դատավարությունը կշարունակվի մարտի 26-ին, 27-ին եւ 28-ին:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4