«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2009-03-19 | #49, 2009-03-20 | #50, 2009-03-21


ՋԱՎԱԽՔԻ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԸ

Ջավախքն ու հարակից հայաբնակ տարածքները պատմական Հայաստանի մաս են կազմել: Ընդհանրապես, ամբողջ Վրաստանում ապրող հայության ազգային-մշակութային ժառանգությունը հիմնաքար է եղել 20-րդ դարում հայկական պետականության վերականգնման համար։ Սակայն այսօր Վրաստանում արկա է հայապահպանման ժողովրդագրական ճգնաժամ: Անվիճելի է նաեւ, որ այդ ճգնաժամը ոչ թե ջավախահայության կամ վրացահայության, այլ համայն հայության խնդիրն է։՛

Մինչեւ 2007 թվականը Վրաստանի, Հայաստանի ու աշխարհի համար «Ջավախքի խնդիր» գոյություն չուներ։ Միայն 2007-ից սկսած եւ նամանավանդ 2008-ի հուլիսին ջավախքահայ քաղաքական ակտիվիստների ձերբակալություններից հետո կացությունը սկսեց փոխվել։ Միջազգային հեղնակավոր մասնագետների եւ ատյանների կոմից սկսվեցին հրապարակվել զեկույցներ Ջավախքի խնդրի եւ Վրաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների ոլորտում տիրող կացության վերաբերյալ, եւ ամենակարեւորը` վրացական իշխանություններին ուղղվեցին ջավախքահայության եւ վիրահայության առջեւ ծառացած խնդիրները լուծելու հանձնարարականներ։ Բոլորը սկսեցին գիտակցել, որ իրավիճակը ավելի քան ահազանգող է, որ ջավախքահայությունը ապրում է իր տարրական իրավունքների բացարցակ ոտնահարման պայմաններում։

Իր ազգային եւ կրոնական ինքնության պահպանումը` մարդու ամենատարրական իրավունքն է։ Իսկ ազգային շահի պահպանությունը պահանջում է տվյալ հարցում Ազգը բաղկացնող յուաքանչյուր անհատի եւ հաստատության ներգրավումը։

Մինչ Վրաստանում հայազգի գործիչներ իրենց կյանքով եւ ազատությամբ են վճարում համազգային այս հիմնախնդրի պաշտպանության գինը, ազգային շահը մեզանիցՙ հայաստանաբնակ եւ աշխարհասփյուր հայությունից պահանջում է ընդամենը տեր կանգնել վրացահայության եւ ջավախքահայության իրավունքներին` Վրաստանի իշխանություններին եւ միջազգային հանրությանը հիշեցնելով ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ներածականում ամրագրված դրույթներից մեկը, համաձայն որիՙ «որպեսզի մարդը, որպես մի վերջին միջոցի, չդիմի ապստամբության ընդդեմ բռնության ու ճնշման, անհրաժեշտ է օրենքի իշխանությամբ պաշտպանել մարդու իրավունքները»:

Ջավախքի խնդրի շուրջ անցանկալի զարգացումների արաջն արնելու միակ միջոցը հայության համազգային համախմբումն է` Ջավախքում եւ ամբողջ Վրաստանում օրենքի իշխանության հաստատման եւ հայ բնակչության իրավունքների ոլորտում տիրող ճգնաժամի վերացման հրամայականի շուրջ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4