«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2009-03-19 | #49, 2009-03-20 | #50, 2009-03-21


ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՆԱԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ

Արմեն Մովսիսյանն անդրադարձավ նաեւ էներգետիկայի ոլորտի այլ խոշոր նախագծերին

Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության էներգետիկայի նախարարների երեկ տեղի ունեցած հերթական նիստից հետո Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Անդրադառնալով Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցին, նա ասաց, որ այն իրականացվելու է բաց, թափանցիկ, միջազգային չափանիշերին համապատասխան մրցույթով, որին կարող է մասնակցել ամեն մի երկիր, նաեւ Թուրքիան: Անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն ասաց, որ Թուրքիան պաշտոնապես դեռ չի դիմել նոր ատոմակայանի կառուցմանը մասնակցելու համար, բայց այլ երկրների նման հնարավորություն ունի ապագայում բաժնետեր լինելու:

Թուրքիային այս տարվա ապրիլի 1-ից էլեկտրաէներգիայի մատակարարման վերաբերյալ Արմեն Մովսիսյանը հայտնեց, որ այդ մասին նախնական պայմանագիր կա, բայց «գուցե աշխատանքները չավարտվեն` եղանակների ու տեխնիկական պատճառներով»: Նա նաեւ ավելացրեց, որ Թուրքիային վաճառվելիք էլեկտրական էներգիայի սակագինը դեռ պարզ չէ եւ փոխվելու էՙ կախված մեզ մատակարարվող գազի սակագնի փոփոխությունից:

Էներգետիկ ոլորտում հայ-իրանական համագործակցության խնդիրներից խոսելով, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարն անդրադարձավ դեպի Հայաստան խողովակաշարի եւ Երասխում տերմինալի կառուցմանը: Նա հայտնեց, որ այդ նախագիծը կարժենա 240-260 մլն դոլար: Այդ թիվը կհստակեցվի 2 ամսվա ընթացքումՙ նախագծային աշխատանքների ավարտից հետո: Շինարարական աշխատանքները կսկսվեն այս տարի: Հիշեցնենք, որ այդ խողովակաշարով Հայաստանը բենզին ու դիզվառելիք պետք է ստանա Թավրիզի նավթավերամշակման գործարանից: Արմեն Մովսիսյանը միաժամանակ նշեց, որ Հայաստանում նավթավերամշակման գործարանի կառուցման համար քննարկումները շարունակվում են եւ նախատեսվում է, որ այն կլինի հայ-իրանական համատեղ ձեռնարկություն:

Մեղրիում Արաքս գետի վրա նորՙ հզոր ՀԷԿ-ի կառուցման համար իրանական կողմը կներդնի 280 մլն դոլար, որը հետագայում Հայաստանը կմարի արտադրած էլեկտրաէներգիայով: Ըստ նախարարի, աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն սկսվել են, իսկ շինարարությունը կսկսվի 1,5-2 ամիս հետո: ՀԷԿ-ի շինարարությունը նախատեսվում է ավարտել 5 տարում:

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից տուժած Հայաստանի հանքարդյունաբերության ձեռնարկությունները, Արմեն Մովսիսյանի բնորոշմամբ, սկսում են շնչել: Նրա տեղեկացմամբ, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ձեռնարկությունը շարունակի աշխատել` ապահովելով 900 աշխատատեղ: Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ որեւէ խնդիր չի եղել եւ շարունակելու է աշխատել: Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի աշխատանքը վերսկսելու ուղղությամբ էլ բանակցություններ են ընթանում:

Խոսելով հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կառավարության կողմից 10 մլն դոլար վարկ տրամադրելու մասին, նախարարն ասաց, որ այդ վարկով 250 տոննա սարքավորում, որ գումար չլինելու պատճառով մնացել էր նավահանգստում, կոմբինատը ներկրեց Հայաստան: «Երեք ամսում ապրանքը կիրացնեն ու կառավարության տված գումարները հետ կտան», հավաստիացրեց նախարարը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4