Մասնագետների ոչ միանշանակ կարծիքներ
Ճգնաժամն իր ազդեցությունը թողեց նաեւ տպագիր մամուլի վրա: Արդեն վեց ամիս ճգնաժամի ազդեցությունը իրենց մաշկի վրա զգում են «Հրապարակ» օրաթերթի լրագրողները: Թերթի խմբագիր` Արմինե Օհանյանը «Ուրբաթ» մամուլի ակումբում կայացած հանդիպմանը նկատում է, թե հասարակությունը ճգնաժամի առաջ անպաշտպան է, որովհետեւ բացակայում են պետական հոգածության դրսեւորումները: «Եթե տեղի են ունենում դրամ-դոլար փոխարժեքում փոփոխություններ, հաջորդ օրը տպարանից զանգահարում են, թե ցանկանում ենք վերանայել պայմանագիրը, որովհետեւ ավելացել են տպագրական ծախսերը: Բնականաբար զարմանալի է, թե ինչպես կարող են այդքան արագ ավելանալ տպարանի ծախսերը, սակայն մենք չունենք դրա դեմ պայքարելու լծակներ, որովհետեւ տպարանի տնօրենը մենաշնորհ ունի եւ ինքն է թելադրում խաղի կանոնները, որին պարտավոր ենք ենթարկվել», ասում է Օհանյանը: Տպագրական ծախսերը ավելանում են, սակայն թերթի գինը չի բարձրանում, հետեւաբար անխուսափելի են ֆինանսական կորուստները:
«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանն էլ փաստում է, որ ճգնաժամն ազդել է նաեւ իր խմբագրած թերթի վրա: Խմբագիրը մտադիր չէ աշխատակազմի կրճատումներ անել, սակայն ժամանակը կարծես այդ պահանջն է դնում: Թերթի եկամուտները հիմնականում գոյանում են գովազդից, որոնք ծանուցման տեսքով են: Զգալիորեն կրճատվել է առեւտրային եւ օտարերկրյա կազմակերպությունների տրամադրած ծանուցումների թվաքանակը: «Ազգը» մի քանի խոշոր պայմանագրեր ունի արտասահմանյան կազմակերպությունների հետ, սակայն 2009-ի սկզբին մի շարք կազմակերպություններ հրաժարվել են պայմանագիրը թարմացնել: «Թեպետ դժվարությամբՙ թերթը կարողանում է դիմանալ ճգնաժամաին»: Սակայն Հ. Ավետիքյանը ավելի լուրջ խնդիր է մատնանշում, որին տվեց բովանդակային ճգնաժամ բնորոշումը: Խմբագիրը բովանդակային առումով այսպիսի ծանր կացության երբեւէ չի հանդիպել: «Թերթերը սկսել են այնպիսի ոճով, մաղձով նյութեր հրապարակել, որ աննախադեպ է ու ոչ հարիր»:
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ անդրադարձավ բովանդակային ճգնաժամին հատկապես տնտեսության բնագավառում: Վերջինս նկատում է, որ դեռեւս 2008-ի վերջերին լրատվամիջոցները ուշադրություն չէին դարձնում ճգնաժամի ազդեցությանը: Հետեւապես չկարողացան այդ փուլում ավելի լուրջ մոտենալ խնդրին ու ստիպել կառավարությանը լուրջ եւ ընդգրկուն ներկայացնել իրավիճակը: «Այսօր մեկ այլ երեւույթ է նկատվում: Իրավիճակից դուրս գալու վերաբերյալ վերլուծական հաղորդումները, հոդվածները բավականին սակավ են: Դրանց փոխարեն գերակշռող մաս են կազմում հայհոյախառն ու առանց հիմնավորման հոդվածները»:
Արմինե Օհանյանն էլ բարձրացրեց ԶԼՄ-ների ազատության սահմանափակման խնդիրը: «Կախված չենք մեր ընթերցողից, որովհետեւ նա տարակուսանքի մեջ է հայտնվել` հա՞ց գնել, թե՞ այդ 100 դրամը տալ ու գնել օրաթերթ: Բնականաբար փորձում ենք փնտրել այլ աղբյուրներ ու դառնում ենք ինչ-որ մարդկանց, ինչ-որ կազմակերպության գերին», ասաց Օհանյանը:
Հակոբ Ավետիքյանը մտահոգություն հայտնեց, որ այսօր կան թերթեր, որ յուրաքանչյուր վայրկյան կարող են իրենց ուղղությունը փոխել` համաձայն, թե ինչ կասի պատվիրատուն: Ցավալի է մանավանդ նրանց մաղձոտ ոճը: «Չորրորդ իշխանություն», «Փակագիծ», «Ազատամտություն»: Նմանապես Նիկոլը, նրա գրգռիչ ոճը, անհանդուրժողականությունը: Այս թերթերը ոչ մի բարոյական, մասնագիտական արգելքի առաջ չեն կանգնում: Իհարկե, պետք է քննադատել` դիպուկ, սուր, սակայն մասնագիտորեն, առանց հայհոյանքի»: «Ինտերնյուս» ՀԿ-ի տնօրեն Նունե Սարգսյանն էլ համաձայնեց, որ կան լրագրողներ, որոնք ժուռնալիստիկայի հետ ընդհանրապես կապ չունեն: «Կա՛մ պետք է փաստը ընդունենք, կա՛մ էլ որոշակի բաներ փոխենք: Եվ միգուցե ճգնաժամն է, որ պետք է այդ ամենը փոխի: Մարդկանց ճաշակը կամաց-կամաց փչանում է: Նրանք չեն կարողանում տարբերակել թերթըлистовка-ից, չգիտեն որն է պրոպագանդան, որըՙ իրական լրագրությունը: Սակայն փաստ է, որ ընթերցողները պահանջվելիք լրագրությունը չեն գտնում, հետեւաբար կարդում են հայհոյախառը հոդվածներ»:
«Հայհոյանքը պահանջված է, որովհետեւ դա էլ զայրույթի դրսեւորման ձեւ է: Երբ ընթերցողը կարդում է հայհոյանքը, նա էլ է հայհոյում ու այդկերպ հանգստանում: Ավելի լավ է հայհոյանք կարդա, քան կեղծիք լսի: Հայհոյանքը այդքան էլ վտանգավոր ու վնասակար չէ, որքան կեղծիքն ու սեւ փիարը», կարծիք հայտնեց Օհանյանը:
«Այսօր ճշմարտություն ասելն այնքան էլ հեշտ չէ: Եվ հաճախ մարդիկ որպես ճշմարտություն ցանկանում են լսել այն, ինչ իրենք են ցանկանում: Հայհոյանքը առկա է երկու ճամբարներում էլ: Մեր թերթերում մարդը, սովորական քաղաքացին, նրա բարոյական պատկերը չեն երեւում: Մեր լրատվության եռանկյունին տարածվում է Բաղրամյան պողոտայի ու կառավարության շենքի միջեւ, իսկ Ազգային ժողովը դարձել է բամբասանքի եւ պատվիրված նյութերի գեներատոր», եզրափակեց խոսքը Հակոբ Ավետիքյանը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հ.Գ. Ասուլիսից հետո լրագրողների մասնակցությամբ կայացավ «Ուրբաթ» մամուլի ակումբի նոր տարածքի բացման արարողությունը: Այսուհետեւ մամուլի ակումբը կգործի Տերյան 3 հասցեում: Այն ավելի ընդարձակ է, գեղեցիկ ու լուսավոր, պահպանել է նախկինի ջերմ մթնոլորտն ու աշխատակիցների բարեկամական վերաբերունքը:
Շնորհավորում ենք աշխատակազմին ու բոլոր լրագրողներին: