«Համաշխարհային ֆոլկլոր եւ ժողովրդական կենցաղ» խորագիրն է կրում հանրագիտարանը, որ առաջին անգամ հրատարակվել է երկու հատորով 1997 թվականին, իսկ երկրորդ անգամՙ արդեն 4 հատորով 2006-ին, Միացյալ Նահանգներում: Հանրագիտարանի երկրորդ հրատարակությունը ներառում է նաեւ Հայաստանի մասին տեղեկություններ, որոնք ի տարբերություն մյուս երկրների մասին հանրագիտարանում տեղ գտած հոդվածների, զբաղեցնում են կրկնակի ծավալՙ 16 էջ: Այս մասին երեկ «Տեսակետ» ակումբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել է բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանը : Վերջինս նշյալ հանրագիտարանում Հայաստանը ներկայացնող հոդվածի համար արժանացել է Ամերիկյան կենսագրական ինստիտուտի «21-րդ դարի մեծագույն միտք» տիտղոսին եւ հուշամեդալին: Կրկնակի ծավալ տրամադրելու փաստն էլ կազմակերպիչներն, ըստ Վերժինե Սվազլյանի, բացատրում են Հայաստանի հնագույն եւ հարուստ մշակույթ ունենալով:
Հանրագիտարանի քառահատոր հրատարակության առաջին հատորը ներառում է Հարավ-Արեւելյան Ասիայի ու Հնդկաստանի, Կենտրոնական Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի երկրների, այդ թվում եւ Հայաստանի, Իսրայելի, Լիբանանի, Պաղեստինի, Եմենի, Թուրքիայի մասին հոդվածներ:
Նույն հանդիպման ընթացքում «Շարական» համույթի ղեկավար Դանիել Երաժիշտը ներկայացրեց լիտվացի բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսի բանաստեղծության հիմքով գրված «Լա մինոր» երգը, որը նվիրված է Ցեղասպանության մասին հռչակագրի ընդունման 60-ամյակին:
Հանդիպման ավարտին Դանիել Երաժիշտը հույս հայտնեց, որ շատ կարճ ժամանակ անց հարկ կլինի գրելու «Լա մինոր» երգն արդեն ի փաստումն Հայոց ցեղասպանության ճանաչման, որը հանուն արդարության եւ արհավիրքի կրկնությունը բացառելուՙ անխուսափելի է:
Ն. Պ.