Մարտը Հայաստանի բնակիչներին մտահոգեց դոլարի փոխարժեքի հանկարծակի աճով, ապա նաեւ գների բարձրացմամբ: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը գուցե որոշել է տանուլ տվածը ինչ-որ ձեւով հետ բերել նաեւ Հայաստանո՞ւմ: ՀՀ որոշ քաղաքացիներ արդեն տարեվերջին զգացին ֆինանսների պակասությունը որոշ ձեռնարկություններում, կազմակերպություններում` կապված աշխատողների կրճատման, աշխատավարձերի ու նպաստների վճարման ձգձգումների հետ: ՀՀ-ից դուրս աշխատող մերձավորների օգնությունը կտրուկ նվազեց արտերկրի ճգնաժամի պատճառով: Իրադարձությունները եւ մեզ վրա աշխարհի ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը հարցազրույցում մեկնաբանում է Հայաստանի ԱԺ պատգամավոր, ԱԺ էկոնոմիկայի հանձնաժողովի փոխնախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Վ. Բոստանջյան.- Դոլարի «լողացող» փոխարժեքին անցնելը եւ դրա բարձրացումը ուղղակիորեն կապված են հանրապետության տնտեսության հետ: Բարձրացումն անհրաժեշտ էր, որպեսզի կարգավորվեն անհավասար պայմանները, որոնցում հայտնվել են մեր տնտեսվարող սուբյեկտները` ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ձեռնարկությունները, ընկերությունները: Դա հարկադիր, բայց դրական քայլ էր: Չէ՞ որ արտոնյալ վիճակում էին նրանք, ովքեր զբաղվում էին ներմուծմամբ` ապրանքների ներկրմամբ: Հայաստանում գնված դոլարներով արտերկրում արտադրանք էր ձեռք բերվում տնտեսվարող սուբյեկտի համար օգուտով եւ էլ ավելի մեծ օգուտով վաճառվում Հայաստանում` մեծ շահույթներ բերելով ներմուծողին: Իսկ մթերք արտադրողները եւ արտահանողներն ունեին անհամեմատ մեծ ծախսեր, բայց նվազ շահույթ: Հիմա, այդ հարկադիր քայլի շնորհիվ նրանց իրավունքները չեն սահմանափակվի եւ արտադրությունը չի տուժի: Բացի դրանից, արտերկրում աշխատող հարազատներից օգնություն ստացողները գանգատվում էին, որ իջեցված փոխարժեքի պայմաններում իրենց ուղարկված, ասենք, հարյուր դոլարն այլեւս չի բավականացնում նույնիսկ կոմունալ ծառայությունների վճարմանը: Հիմա փոխարժեքը բարձրացել է:
- Այո, դոլարի փոխարժեքը բարձրացել է, բայց բարձրացել են նաեւ գները: Մարդիկ նետվեցին պարեն գնելու, հիմա էլ են գնում, վախենալով հետագա թանկացումներից...
- Այդ խուճապն ու իրարանցումը նախաձեռնեցին ամենայն հավանականությամբ նրանք, ում ձեռնտու էր ապրանքն ավելի թանկ վաճառել: Սակայն, կարծում եմ, շուտով կկարգավորվի, գները` նույնպես:
- Հայաստանը որքանո՞վ կարող է ներքաշվել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի մեջ եւ նրա վրա ինչպե՞ս կարող են անդրադառնալ դրա հետեւանքները:
- Գոյություն ունի համաշխարհային ֆինանսական համակարգ: Այդ համակարգի ֆինանսական հոսքերի կազմակերպումը նման է բարդ խողովակաշարի: Ուստի, ինչպես եւ ամեն մի խողովակաշարում, այստեղ ժամանակ առ ժամանակ կարող են ծագել խցանումներ եւ շարժման խաթարումներ, որոնց վերացման համար անհրաժեշտ է ինչ-որ ժամանակահատված, ասենք` 3 տարի, որպեսզի խողովակաշարը մաքրվի եւ գործի առանց անկանոնությունների: Ինչ վերաբերում է Հայաստանին, նրան բաժին են հասնում խողովակաշարից լոկ ինչ-որ կաթիլներ, որոնք ճգնաժամի դեպքում նվազում են կամ առհասարակ վերանում: Հայաստանում ֆինանսական համակարգը նոր է սկսում զարգանալ եւ չունի իր գլխավոր բաղկացուցիչ մասերը` սոցիալական ապահովագրության համակարգ (որի մեջ մտնում են պետապը, բուժապահովագրությունը եւ ապահովագրման մյուս տեսակները), կապիտալի շուկա (արժեթղթեր) եւ այլն: Հանրապետությունում ամբողջ ֆինանսական համակարգը սահմանափակված է բանկային համակարգով, որն առավել զարգացած է: Բայց ընդսմին մեր բոլոր բանկերի ամբողջ կապիտալը, որքան էլ տարօրինակ թվա, հավասար է Մոսկվա քաղաքի մի փոքրիկ բանկի կապիտալին, որը չի էլ մասնակցում ինչ-ինչ վարկանիշների: Այդ պատճառով Հայաստանը եւ չզարգացած ֆինանսական համակարգեր ունեցող մյուս փոքր երկրները մեկտեղ կարող են հայտնվել նույնիսկ շահեկան վիճակում, քանի որ զարգացած երկրները տարբեր նկատառումներով կարող են նրանց օգնություն հատկացնել: Այսպես, Հայաստանը ԱՄՆ-ից կստանա 525 միլիոնանոց արտոնյալ վարկ, կես միլիարդ էլ կհատկացնի Ռուսաստանը: Եթե այդ օգնությունը նպատակահարմար եւ արդյունավետ օգտագործվի, ապա մեր երկրի մասշտաբներում հնարավոր է հասնել որոշակի հաջողությունների:
- Եթե հավատանք «Վաշինգտոն փոստ» թերթում գրված ԱՄՆ-ի ֆինանսական ճգնաժամի վերաբերյալ Ջորջթաունի համալսարանին առընթեր Մակդոնո բիզնես-դպրոցի պրոֆեսոր, այդ դպրոցի «Գլոբալ լիդերություն» նախաձեռնության տնօրեն Ջեյմս Մուր կրտսերի տեսակետին, ապա ԱՄՆ-ի համար ներկայիս ճգնաժամն այնքան էլ մեծ աղետ չէ:
- Իր «Հինգ առասպել ԱՄՆ-ի «գահավիժող» տնտեսության մասին» հոդվածում պրոֆեսոր Մուրը փորձում է խորտակել այդ առասպելները եւ հերքել այն կարծիքը, թե Ամերիկան կորցրել է իր մրցակցային առավելությունը եւ իբր այդ պատճառով ճգնաժամ է ծագել: Ի՞նչ կարելի է ասել այս կապակցությամբ: Ջեյմս Մուր կրտսերի կարծիքն ավելի շուտ հայրենասերի կարծիք է, քան գիտնականի... Իհարկե, նա փորձում է ապացուցել, որ նման որեւէ բան տեղի չի ունենում: Բայց թեեւ ԱՄՆ-ը դեռ շարունակում է մնալ աշխարհի բոլոր երկրների դոմինանտը, տասնամյակներով նրա ունեցած մրցակցային առավելությունն արդեն խախտված է: Նոր զարգացող շատ երկրներ իրենց զարգացման տեմպերով հասել են այնպիսի մակարդակի, ունեն լուրջ հեռանկարներ, որոնք կարող են ռեալ կերպով ազդել ԱՄՆ-ի մրցակցային առավելության վրա: Այս իմաստով, ուզում է պրոֆեսոր Մուրը, թե ոչ, տվյալ երեւույթը հարկավոր է դիտարկել դինամիկայի մեջ եւ այս առումով վտանգն իրոք գոյություն ունի, ճգնաժամն էլ ռեալ կերպով առկա է:
- Իսկ ի՞նչ կասեք այն կապակցությամբ, որ արտադրության ծավալի գծով ԱՄՆ-ը «առաջնության դափնին» զիջել է Չինաստանին:
- Դա, այսպես ասած, երկրորդ առասպելն է, որ պրոֆեսորը փորձում է խորտակել: Բայց անկախ բոլոր պաշտոնական տվյալներից, որոնք գուցե առայժմ ցույց են տալիս, որ «առաջնության դափնին» ԱՄՆ-ի մոտ է, այդուհանդերձ բոլոր երկրները գնահատվում են ըստ ընդհանուր համախառն արդյունքի: ԱՄՆ ներքին եւ արտաքին համախառն արդյունքը ներկայումս թեեւ գերազանցում է Չինաստանի արդյունքին, բայց միտումը ցույց է տալիս, որ արդեն մոտ ապագայում (եթե ոչ այժմ) Չինաստանը կարող է առաջ անցնել: Եվ չպետք է զարմանալ ու մանավանդ անտեսել այդ փաստը: Ունենալով աշխատանքային մեծ ռեսուրսներ, արտադրական ներուժ, աշխատասեր ժողովուրդ եւ նյութական բարիքների ստեղծման զարմանալի հետեւողականություն, ՉԺՀ տնտեսությունը կարող է հայտնվել առաջին տեղում:
- Իսկ եթե վերադառնանք մեր երկրի խնդիրների՞ն: Մենք չունենք արտադրական մեծ ներուժ, բայց ունենք աշխատանքային ռեսուրսներ, աշխատասեր ժողովուրդ եւ նյութական բարիքներ ստեղծելու ձգտումը: Ճգնաժամի պայմաններում փոքր երկրների «առավելությունները» եւ մեզ հատկացված արտոնյալ վարկերն օգտագործելով` կարո՞ղ ենք արդյոք ինչ-որ առաջընթացի հասնել տնտեսական զարգացման մեջ:
- Արտաքին եւ պետական զանազան հակաճգնաժամային ծրագրերը նախատեսում են առավել ճկուն վերաբերմունք փոքր եւ միջին բիզնեսի նկատմամբ, որպեսզի օգնություն ստանա արտադրությունը: Նախատեսվում է այդ ոլորտին 300 մլն դոլար հատկացնել` այնտեղ պայմաններ ստեղծելու նպատակով: Մյուս կողմից, արտադրության աշխատողները եւս պետք է ակտիվորեն գործեն, եւ ոչ թե սոսկ օգնություն ստանան: Ինչ վերաբերում է արտադրությունը ճնշող հարկերին, այստեղ անհրաժեշտ է անհատական եւ տարբերակված մոտեցում: Հատկապես փոքր եւ միջին բիզնեսի նկատմամբ, որը հակառակ դեպքում կարող է չգոյատեւել: Բացի դրանից, պետությունը կարող է դրա կորուստները փոխհատուցել զանազան ուրիշ միջոցներով: Անհրաժեշտ է բիզնեսի այդ ոլորտին մշտական ուշադրություն դարձնել ինչպես արդյունաբերության, այնպես էլ գյուղատնտեսության մեջ: Ահա այդ ժամանակ մենք առաջընթաց կունենանք մեր երկրի տնտեսական զարգացման մեջ:
ՄԱՐԻԱՆԱ ԵՐԵՄՅԱՆՑ