Խմբագրությունում կուտակվել են մի քանի տասնյակ նամակներՙ մեր թոշակառուներին հուզող ամենակարեւորՙ խնայդրամարկղում նրանց տարիների աշխատած ու վաստակած խնայողությունների հարցով: Նամակներում գրեթե նույն պահանջն է, որ պետությունը թոշակառուներին գոնե մաս-մաս ամեն տարի որոշակի գումարներ բաց թողնի խնայդրամարկղից: «Ազգին» հղած նամակում Վանաձոր սովխոզի Շահումյան ավանից Կոմիտաս Ափինյանը գրում է, որ հարեւան թոշակառուների հետ բազմիցս դիմել են ավանդների վերադարձման համար, սակայն մշտապես ստացել են բացասական պատասխան: «Ես 26 տարի երեք հերթափոխով աշխատել եմ ու հիմա 78 տարեկան եմ, բայց իմ հետ գցած 5 հազար ռուբլին եւ իմ կնոջ 10 հազարը չենք կարողանում ստանալ: Մենքՙ 6 թոշակառուներս առաջարկում ենք 75 տարեկանից բարձր տարիք ունեցողների ավանդները մաս-մաս գոնե տալ, քանի դեռ կենդանի ենք: Չէ՞ որ մենք մեր բերանից կտրել ու մեր սեւ օրվա համար էինք բանկում գումարներ դրելՙ մեր թաղման, դագաղի, գերեզմանի եւ այլ ծախսերի համար»:
Երկարամյա մանկավարժ, Հայրենական պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամ Գուրգեն Բաբայանը նշում է. «1984-93 թվականներին ես եւ տիկինս մոտ 200 հազար ռուբլի գումար ենք դրել խնայդրամարկղում, կարիքի դեպքումՙ վերցրել, օգտագործել ենք: Վերջերս գնացի Երեւանի Էրեբունի թաղամասի սոցիալական ծառայությունների տարածքային բաժին կամ «Փարոս»: Այնտեղ ինձ պատասխանեցին, որ պետության որոշում կա. «Մահացածների ժառանգները դրամարկղի գումարից չեն կարող օգտվել: Կնշանակի դրամարկղում եղած գումարը կյուրացնի պետությո՞ւնը», հարցնում է նամակագիրը: Կեսդարյա մանկավարժական գործունեություն ծավալած Գուրգեն Բաբայանն անկախությունից հետո զրկվել է բոլոր այն արտոնություններից ու զեղչերից, որ ուներ խորհրդային տարիներին, ու հիմա էլ հուսալքված չգիտի, թե ինչ անի, ում դուռը ծեծի, որ ամուսինների խնայողությունից գոնե որոշ գումար ստանան օրվա հոգսերը հոգալու համար:
«Ազգը» նամակագիրների խնդրանքներն ու առաջարկները փոխանցեց Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ռաֆիկի Հակոբյանին եւ խնդրեց պարզաբանել, թե ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: «Երբ ես ԱԺ-ի կողմից հանդիպումներ եմ անցկացնում քաղաքացիների հետ, նման հարցեր բարձրացվել են: Այժմ մեր հանձնաժողովը քննարկում է հնարավոր տարբերակները, թե ինչպես կարելի է հարցին լուծում տալ, որովհետեւ մինչեւ այժմ այդ հարցը կարգավորվում է հետեւյալ կերպ. եթե ամուսիններից մեկը մահացել է, ապա գումարի 50 տոկոսը կարող է ստանալ ողջ մնացածը, իսկ երբ երկու ամուսիններն էլ մահացած են, գումարը չի վճարվում: Առայժմ գործող կարգը սա է, եւ փորձում ենք քննարկումների միջոցով գտնել, թե ինչպես կարող ենք այդ հարցին այլ լուծում տալ: Իսկ ինչ վերաբերում է մաս-մաս վճարելուն, դա պարզապես անիմաստ է, պետք է վճարել ամբողջովին ու միանվագ»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ