«Յոթի գործով» դատավարությունը մեկնարկեց ուղիղ ժամը 12-ին: Դատարանում ներկա էին միայն հինգ ամբաստանյալները: Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանին դատարանի որոշմամբ ուղարկել էին հոգեբուժական փորձաքննության, իսկ Գրիգոր Ոսկերչյանի նկատմամբՙ ոտքի չկանգնելու եւ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը սանկցիա էր կիրառել, արգելելով ամբաստանյալին 10 օր մասնակցել դատավարությանը:
Ամբաստանյալները կանգնած էին, երբ դատարանի դահլիճ մտավ Մնացական Մարտիրոսյանը: Նախ միջնորդությամբ ներկայացավ մեղադրող կողմը: Դատախազ Կորյուն Փիլոյանը նշեց, որ մեղադրող կողմին ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի փոփոխված 225 եւ 300-րդ հոդվածներին ծանոթանա, ուսումնասիրություններ կատարի` վճիռ կայացնելու համար: Ուսումնասիրությունների համար Փիլոյանը պահանջեց դատավարությունը հետաձգել ու վերսկսել ապրիլի 1-ին: ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ չի առարկում մեղադրող կողմի որոշմանը քրեական հոդվածները ուսումնասիրելու վերաբերյալ, սակայն փաստեց, որ տասնօրյա ընդմիջումը բավականին երկար ժամանակահատված է: Հայտարարությամբ ներկայացան նաեւ ամբաստանյալներ Սասուն Միքայելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: Նրանք մասնավորապես նշեցին, որ կալանավայրում իրենց պահելու հիմքեր չեն տեսնում, հետեւաբար անհրաժեշտ համարեցին, որ բացառեն կալանքը որպես խափանման միջոց: «Չկա օրենք, չկա հանցակազմ: Ըստ գործող օրենսգրքի, մեղադրական եզրակացություն գոյություն չունի: 225-րդ հոդված որպես այդպիսին գոյություն չունի, իսկ 300-րդը նոր է ձեւավորվում: Հետեւաբար մեզ այստեղ պահելու հիմքեր չկան: Փոխեք խափանման միջոցը, մեզ ազատ արձակեք ու հետո որոշեք, թե ինչ եք անում», ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
Առանց խորհրդակցական սենյակ գնալու դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդը կկայանա ապրիլի մեկին:
Դատավարությունից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հակոբ Հակոբյանի փաստաբան Մելանյա Առուստամյանը ասաց. «Այս պահին չեմ կարող որեւէ մեկնաբանություն անել, որովհետեւ խոսքը վերաբերում է դեռեւս ուժի մեջ չմտած օրենքի: Չեմ կարող հղում կատարել մի օրենքի, որ կօրինականացվի հրապարակումից տասն օր անց: Ամեն դեպքում մենք ականատես ենք լինում այնպիսի երեւույթների, որ տրամաբանության հետ որեւէ կապ չունեն: Իրենց սցենարով պետք է դատավարությունն անընդհատ ձգձգվեր: Անընդհատ իրենց տակտիկան փոխում են: Դատարանը որոշակի նորմերի վրա թռիչք է կատարաում: Անում են այն, ինչ իրենց ձեռնտու է»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ