«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2009-03-20 | #50, 2009-03-21 | #51, 2009-03-24


«ԱՐՑԱԽ» ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ԳՈԼԴՆ ՄԱՅՔ» ՄՐՑԱՆԱԿԻՆ

Որպես 2008-ի լավագույն հեռուստատեսային վավերագրական ֆիլմ, հեղինակավոր «Գոլդն Մայք» (Ոսկե Մայք) մրցանակին է արժանացել «Լեռնային Ղարաբաղ, Արցախ: Պայքար ազատության համար» ֆիլմը, տեղեկացնում է Վաշինգտոնում ԼՂ Հանրապետության պաշտոնական գրասենյակից ստացված մարտի 20-ի մամլո հաղորդագրությունը:

Հարավային Կալիֆոռնիայի ռադիո-հեռուստատեսության լրատվական ասոցիացիայի անդամներից կազմված ժյուրին նախընտրությունը տվել է այդ ֆիլմին, որն առաջին անգամ Բըրբենկի (Կալիֆոռնիա) TV6 ալիքով ցուցադրվել է անցյալ սեպտեմբերի 16-ին, իսկ հաջորդ օրըՙ Կապիտոլ Հիլում Արցախի 20-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ, ի ներկայություն Մ. Նահանգների Կոնգրեսի անդամների, դիվանագետների, մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների ակտիվիստների եւ հասարակական ճանաչված գործիչների:

Ֆիլմի սցենարի համահեղինակներն են լոսանջելեսաբնակ լրագրող Փիթեր Մսրլյանը («Գլոբալիստ ֆիլմզ» ստուդիայից) եւ Մ. Նահանգներում ԼՂՀ-ի նախկին մշտական ներկայացուցիչ, իսկ այժմ ԼՂՀ-ի փոխարտգործնախարար Վարդան Բարսեղյանը, որոնք էլ համատեղ արտադրել են ֆիլմը, հիմնականում Ստեփանակերտում գործող «Ծիր կաթին» ստուդիայի տնօրեն Նարինե Աղաբալյանի եւ ամերիկաբնակ անկախ լրագրող Վարդան Աքչյանի տրամադրած վավերագրական տեսանյութերի հիման վրա:

«Գոլդն Մայք» մրցանակը վերոհիշյալ ասոցիացիան ստեղծել է 59 տարի առաջ, համարվում է ամենահեղինակավորը նմանատիպ մրցանակների թվում: Այս տարվա մրցանակակիր է դարձել նաեւ CNN-ի հայտնի «թոք-շոուի» լրագրող Լարրի Քինգը:

Մամլո հաղորդագրությունը ֆիլմը տեսնել ցանկացողներին խորհուրդ է տալիս այցելել www.youtube.com/user/Artsakhonline կայքը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4