Ստամբուլի Բիլգի համալսարանում ցուցադրվել է «Ակօս» շաբաթաթերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի մասին պատմող փաստագրական ֆիլմ: Ինչպես տեղեկացնում է «Թարաֆ» թերթը, ֆրանսիական ARTE հեռուստաալիքի աջակցությամբ Օսման Օքքանի եւ Սայմոն Սիտեի պատրաստած ֆիլմը մարտի 24-ին կհեռարձակվի այդ նույն հեռուստաալիքով: Ֆիլմում ներկայացվում են Հրանտ Դինքի կյանքը, նրա սպանության գործի շարունակվող դատական գործընթացը եւ այդ գործընթացի հետ կապված տարբեր մանրամասներ: Ֆիլմի հեղինակները, ըստ թերթի, այդ ֆիլմի միջոցով փորձել են ներկայացնել 1915-ից ի վեր Թուրքիայում բնակվող հայերի դրությունը: Ֆիլմում Հայաստանի եւ Թուրքիայի որոշ մտավորականների կողքին ներկայացվում են նաեւ մահմեդականություն ընդունած հայեր: Ֆիլմը հետապնդում է նաեւ «հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ առկա պատերը փլուզելու նպատակ», հաղորդում է «Նոյյան տապանը»: