Շաբաթ օրը անակնկալորեն, դավադիր կերպով սրտի կաթվածը հարվածեց մեր տաղանդավոր ֆոտոլրագրողներից Ռուբեն Մանգասարյանին: Նա վախճանվեց 49 տարեկանում, ստեղծագործական ամենաբեղուն գործունեության կիզակետում: Նա ֆոտոլրագրող էրՙ մասնագիտության լավագույն եւ ճշմարիտ իմաստով: Առաջին ապացույցը Արցախյան ազատամարտի տարիներին նրա ինքնազոհ ներկայությունն էր բոլոր տաք ճակատներում, իսկ հետագայում, արդեն խաղաղ պայմաններում, ֆոտոլրագրային բազում նախաձեռնություններն ու նախագծերը:
«Պատկեր» ստուդիայի հիմնադիրն էր, նաեւ նախաձեռնողը Կովկասյան ինստիտուտում ֆոտոլրագրության դպրոցի: Բազմաթիվ մրցանակների եւ միջազգային մամուլում հրատարակված գործերի շնորհիվ արժանանալով լայն ճանաչմանՙ Ռուբեն Մանգասարյանին հաջողվել էր ամերիկյան նշանավոր National Geographic հանդեսի հայաստանյան տարբերակի իրավունք ձեռք բերել: Նկարազարդ, շքեղ հանդեսի 2 համար արդեն լույս էր տեսել եւ այս օրերին պատրաստվում էր 3-րդըՙ նվիրված Հայաստան-Թուրքիա սահմանամերձ շրջաններին: Ավա՜ղ, վաղաժամ մահը ընդհատեց իր բոլոր գեղեցիկ ծրագրերը: Թաղումը կատարվեց երեկ, Կապանում: