«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2009-03-20 | #50, 2009-03-21 | #51, 2009-03-24


ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑԱՎԵՃԸ ՍԿՍՎԵՑ

Շաբաթ օրն Արտաշատում կայացած «Կիլիկիա»-«Ուլիս» հանդիպումով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 18-րդ առաջնությունը: Մասնակից ութ թիմերը չորս շրջանով անցկացվելիք մրցաշարում կորոշեն առաջնության մրցանակակիրներին: Նոր մրցաշրջանում իր կազմը զգալիորեն ամրապնդած «Ուլիսը» առաջնությունը սկսեց հաղթանակով: 48-րդ րոպեին հաշիվը բացեց «Ուլիսի» ամենափորձառու ֆուտբոլիստըՙ 35-ամյա Արթուր Քոչարյանըՙ դառնալով առաջնության անդրանիկ գոլի հեղինակ:

Հաջորդ օրը կայացած հանդիպումներից առավել մեծ հետաքրքրություն էր ներկայացնում երկրի չեմպիոն «Փյունիկի» եւ «Բանանցի» մրցավեճը: Երկու թիմերում էլ հանդես եկան օտարերկրացի մի քանի ֆուտբոլիստներ, որոնք իրենց վատ չդրսեւորեցին: Հանդիպումն աչքի չընկավ դիտարժանությամբ, խաղի տեմպն էլ հատկապես առաջին խաղակեսում բարձր չէր: Հաշիվը բացվեց 14-րդ րոպեին, երբ անկյունայինի խաղարկումից հետո Հենրիխ Մխիթարյանը գլխի հարվածով գրավեց դարպասը: Բաց թողած գոլը ստիպեց «Բանանցի» ֆուտբոլիստներին զգալիորեն ակտիվացնել հարձակողական գործողությունները, սակայն լուրջ սպառնալից պահեր ստեղծել այդպես էլ չհաջողվեց: Թերեւս վտանգավոր էր 76-րդ րոպեին Արսեն Բալաբեկյանի կատարած գլխի հարվածը, որը հետ մղեց դարպասապահը: Փյունիկցիներին էլ չհաջողվեց նոր գոլ խփել: Այսպիսով, չեմպիոնը 1-0 հաշվով հաղթանակ տոնեց:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքն արտահայտեցին.

  Արմեն Գյուլբուդաղյանց («Բանանց») - Այսօրվա խաղում տղաների մոտ հարձակողական գործողությունները հախուռն էին, մտածված կոմբինացիաները քիչ էին: «Արարատի» հետ գավաթի հանդիպումից հետո ֆուտբոլիստների մոտ թարմություն չէր զգացվում, պակասում էր արագությունը: Պաշտպանությունում հանդես եկած Յարեմա Կավացիվն առաջին խաղի համար իրեն վատ չդրսեւորեց, հաղթող դուրս եկավ բոլոր մենամարտերում:

  Վարդան Մինասյան («Փյունիկ») - Սպասելի էր, որ առաջնության մեկնարկային հանդիպումը լարված պայքարում էր անցնելու, դիտարժանությամբ էլ աչքի չէր ընկնելու: Խաղադաշտում երկու հավասարազոր թիմեր էին: 2-րդ խաղակեսում ընտրել էինք հակագրոհների մարտավարություն, որն իրեն արդարացրեց: Շնորհակալություն տղաներին, որ պայքարեցին ու հաղթեցին, սակայն խաղի որակն այնքան էլ բարձր չէր: Առաջին խաղի համար մեր լեգեոնականների գործողություններից դժգոհ չեմ: Ճիշտ է, դեռեւս փոխհամագործակցությունը տղաների հետ հստակ չէ, դրա համար ժամանակ է անհրաժեշտ: Ես լեգեոնականներին մինչեւ ապրիլի 15-ը ժամանակ եմ տվել իրենց դրսեւորելու համար: Եթե արդարացրին իրենց, ապա կմնան թիմում: Գտնում եմ, որ լեգեոնականները պետք է մի քանի անգամ ուժեղ լինեն տեղացի ֆուտբոլիստներից, որպեսզի ընդգրկվեն թիմում: Առայժմ դա ես չեմ տեսնում:

Գավաթային խաղում «Ուլիսից» կրած խոշոր հաշվով պարտությունից հետո «Գանձասարը» Կապանում ձգտում էր անպայման պարզերես լինել երկրպագուների առջեւ եւ «Միկայի» հետ խաղում հաղթանակ տոնել: Սակայն հյուրերն էլ մրցավայր էին ժամանել հաղթելու վճռականությամբ եւ հաջողությամբ կատարեցին առաջադրանքը: Թիմի լեգեոնական Բոտի Դեմելի խփած 2 գոլերը հաղթանակ պարգեւեցին «Միկային»:

Վերջին տարիներին «Արարատը» «Շիրակի» համար դարձել էր ամենաանհարմար մրցակիցը, որին գյումրեցիները ոչ մի կերպ չէին կարողանում հաղթել: Բավական է նշել, որ վերջին անգամ «Շիրակը» «Արարատին» հաղթել էր 2002-ին: Եվ ահա վերջապես սառույցը կոտրվեց: Գյումրիում դաշտի տերերը վերջապես հաղթանակ տոնեցին շնորհիվ Անդրանիկ Բարիկյանի խփած միակ գոլի:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4