«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2009-03-21 | #51, 2009-03-24 | #52, 2009-03-25


ՎԵՐՋՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ «7 ՇՐՋԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ» ՉԷ

Ադրբեջանը կարեւորում է Ղարաբաղի «հայ եւ ադրբեջանական համայնքների խաղաղությունը»

Ադրբեջանը շարունակում է քարոզչական «պատերազմը»` հերթական անգամ բարձրաձայնելով իր մոտեցումների ու դիրքորոշման մասին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Սակայն հետեւելով վերջին հայտարարություններին` կարելի է ասել, թե Ադրբեջանը փորձում է մեկ այլ որակմամբ ներկայացնել տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայության իր մոտեցումը:

Մասնավորապես, այս անգամ ի դեմս երկրի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի, Ադրբեջանը հիմա էլ հայտարարում է, թե «Ադրբեջանի նպատակը տարածքային ամբողջականության ու Լեռնային Ղարաբաղի համայնքների միջեւ խաղաղության վերականգնումն է»:

Այս հայտարարությունն արվել է BBC ռուսական ծառայությանը Արազ Ազիմովի տված հարցազրույցում: Ազիմովի բացատրությամբ, Ադրբեջանի վերջնական նպատակը ոչ թե «7 շրջանների վերադարձն է, այլ տարածքային ամբողջականության ու համայնքների միջեւ խաղաղության վերականգնումը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»:

Ընդ որում, Ադրբեջանի փոխարտգործնախարարի մեկնաբանությամբ, տարածքային ամբողջականություն ասելն էլ հենց դա է, թե «Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղում կապրեն ադրբեջանական եւ հայ համայնքները»:

Հետաքրքրական է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական սպասվող հանդիպումից առաջ հարեւան երկրում բարձրաձայնում են «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի` Ղարաբաղ վերադառնալու մասին», երբ այդօրինակ հարցերը դեռեւս համաձայնեցված չեն կարող լինել:

Բայց առավել հետաքրքրական է, որ Ադրբեջանը հիմա էլ պակաս կարեւոր է համարում «յոթ շրջանների վերադարձը» եւ առաջնային է մատուցում «ադրբեջանական համայնքի վերադարձն ու խաղաղությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում»:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4