«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#50, 2009-03-21 | #51, 2009-03-24 | #52, 2009-03-25


ԳՐԱԿԱՆ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆ ԸՍՏ ՍԱՐԳԻՍ ՎԱՀԱԳՆԻ

Սփյուռքահայ ինքնությունը հիմնականում ապահովող-պահպանող գրական-մշակութային կյանքի զարկերակները սնուցողներից է ամերիկահայ գրող Սարգիս Վահագնըՙ տասնամյակների բեղուն գրական հունձքով: Դեռեւս 50-ականներին նա մասնակցել է Բեյրութի «Գրական շրջանակի» ձեւավորմանը, տպագրվել է գրական տարբեր հանդեսներում («Նոր գիր», «Անի», «Գարուն», «Շիրակ», «Առագաստ», «Կամար»): Աշխատակցելով «Շիրակ» ամսագրին` տասը տարի շարունակ վարել է հանդեսի միջազգային գրականության բաժինը:

Սարգիս Վահագնի հետ առաջին ծանոթությունս 2000-ին լույս տեսած իր «Տագնապը» ժողովածուի ընթերցումով եղավ: Պատմվածքների հերոսը սփյուռքացած հայն է` ազգային ինքնության որոնումների իր երկփեղկված էության տագնապներով եւ առհասարակ կյանքի հորձանուտներում հայտնված մարդու անորոշություններով, հոգեկան տարուբերումներով: Գրողին ե՛ւ սփյուռքում, ե՛ւ Հայաստանում առավել ճանաչում բերեց նրա «Արշիլ Կորքի» վեպը` ամերիկահայ հանրահռչակ նկարչի արվեստի ու տարաբախտ ճակատագրի մասին: Նույն տարին հեղինակն արժանացավ ԹՄՄ եւ «Հայկաշեն Ուզունյան» երկու գրական մրցանակների:

Սարգիս Վահագնի հետաքրքրությունները գրական շրջանակներից զատ ընդգրկել է նաեւ թատրոնի եւ կինոյի ասպարեզները: Բեյրութում Լեւոն Թորոսյանի հետ նա հրատարակել է «Նոր սինեմա» պարբերագիրքը:

Մեր ձեռքին է հեղինակի նոր տպագրված «Գրական համաստեղություն» հոդվածների ժողովածուն, որտեղ արձակագրի դիտողունակ հայացքի ներքո մեկտեղված են ինչպես սփյուռքի, նաեւ հայաստանյան մի շարք հեղինակների, ռուս, եվրոպական եւ ամերիկյան` 20-րդ դարի նշանավոր գրողների ստեղծագործություններ` անհատական ճաշակով: Ժողովածուի Ա մասը ներկայացնում է Վահան Թեքեյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Շահան Շահնուրի, Զահրատի, Զարեհ Մելքոնյանի, Հակոբ Սարգիսյանի, եւս մի քանիսի քնարերգությունը: Նորովի են մեկնաբանվում Պոլ Էլյուարը, Սեն-Ժոն Պերսը, Օսիպ Մանդելշտամը, Օկտավիո Պասը:

«Դիմաստուերներ եւ գրախօսութիւններ արձակի»` հայ եւ օտարազգի գրողների շարքում գրքի Բ մասում անդրադարձ է արված Վիլյամ Սարոյանին, Զարեհ Որբունուն, Համաստեղին, Անդրանիկ Ծառուկյանին, Կարպիս Սուրենյանին, Պերճ Զեյթունցյանին, Վաչե Սեմերճյանին, Անտոնյա Արսլանին, Անտոն Չեխովին, «Այլազանք» բաժնում գրողի ուշադրության են արժանացել Արշիլ Գորկին (որի մասին առանձին վեպ է ստեղծել), քանդակագործ Բյուզանդ Մեյմարյանը:

Արձակագրի իր փորձը, անշուշտ, օժանդակել է այլոց գեղարվեստական մտածողությունը խորաթափանցորեն զգալու, ընկալելու: Հարկ է նշել նաեւ, որ հատկապես արեւմտահայերենի լեզվական նրբությունների իմացությունը, հարուստ բառամթերքին տիրապետելը, լեզվի տարբեր շերտերի հետ աշխատելու հմտությունն ու ճկունությունը, բառի պատկերային-բանաստեղծական զգացողությունը ստեղծել են գեղարվեստական միջավայր, որտեղ բառը իմաստային ու գեղագիտական կատարյալ վիճակում է: Մի շարք գրողներ` թերեւս ստեղծագործական ներքին հարազատությունից ներկայացված են առավել համակողմանի, ինչպես Վահան Թեքեյանը, Վիլյամ Սարոյանը, Զահրատը, Զարեհ Որբունին, Համաստեղը, Պոլ Էլյուարը:

1930-ին Օսիպ Մանդելշտամի Հայաստան կատարած այցի առիթով Ս. Վահագնը գրում է. «Հանդիպումներ կան, որ թունդ սիրահարութեան կը նմանին, ճակատագրական եւ` յայտնաբերակա՛ն: Անոնք կը հոգեփոխեն անձը, կեանքի ուղին կը հունաւորեն եւ նոր լուսարձակներ կը բանան իր տեսողութեան առջեւ»: Թերեւս այս նույն զգացումով հեղինակը հանդիպել է այս գրքում մեկտեղված գրողներից շատերին, որոնց ստեղծագործությունները կարող են իրապես հոգեփոխիչ ազդեցություն թողնել:

Սարգիս Վահագնը եւս մեկ անգամ արժեւորել, իմաստավորել է նրանց կյանքն ու գործը` իր աստղային գրական ընտանիք-համաստեղությունը ստեղծելով: Որովհետեւ նրանք են, որ մարդկային սովորական կյանքի միապաղաղ հունը կարող են փոխել, անկենդան տարածքը շնչավորել, պտղավորել ստեղծագործումի, արարումի հեւքով, մնացածներին թողնելով հիշողություն-պարտքի գիտակցումը: Այս գիտակցումով է Սարգիս Վահագնը մոտենում գրողի ու գրական երկի արժեւորմանը, անվրեպ ճշգրտությամբ ընտրում տվյալ հեղինակի ամենաբնորոշ գիծը, երբեմն մի քանի էջերի մեջ խտացնում, ամբողջացնում նրան եւ ստեղծագործական կենսագրությունը: Նախընտրած նամակներից կամ գրություններից որեւէ հատվածի մեջբերումով կամ անձնական մտերմության, կամ էլ զուտ ստեղծագործության տպավորությամբ ստեղծում է գրողի դիմանկարը, ապա եւ ստեղծագործության քննությանն անցնում: Սկզբունքային մոտեցումով եւ անաչառորեն է ներկայացվում գործի արժեքավոր եւ թույլ կողմերը: Անդրադարձները` արված հոբելյանների, նոր գրքերի հրատարակման նաեւ մահվան առիթներով, գրվել են 2004-2007 թվականներին: Գիրքը տպագրվել է Լոս Անջելեսում, 2008-ին:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4