Հայաստանում, պաշտոնական տվյալներով, տարեկան արձանագրվում է հղիության ընդհատման շուրջ 10 հազար դեպք: Ընդ որում, ոչ պաշտոնական տվյալները որոշակիորեն տարբերվում են պաշտոնականից: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության առաջատար մասնագետ Գայանե Ավագյանը , հղիության ընդհատման դեպքերի ընդհանուր թվից 2.5-3 հազարն ինքնաբեր վիժումներն են, 7-7.5 հազարը` արհեստական ընդհատումները, որոնք հիմնականում իրականացվում են պտղի մինչեւ 22 շաբաթական շրջանը: Գ. Ավագյանի տեղեկացմամբ` վերջին 10 տարիներին Հայաստանում հղիության արհեստական ընդհատման դեպքերը կրճատվել են ավելի քան կրկնակի: Ամեն հազար կնոջ հաշվով հանրապետությունում իրականացվում է հղիության արհեստական ընդհատման 11.6-12.1 դեպք, իսկ ամեն հազար ծննդաբերության հաշվով` 288-291: Ըստ մասնագետի` այս թվերը համարվում են միջին ցուցանիշներ: