Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ֆոնը, ընթացքը, հնարավորություններն ու հեռանկարները
ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ, Քաղաքական գիտությունների դոկտոր
Ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո արձանագրվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հետաքրքրությունների, քննարկումների ու կանխատեսումների աննախադեպ ակտիվություն, ինչը պայմանավորված էր մի շարք գործոններով: Ստորեւ փորձ է արվում վերլուծելու այդ գործոնների ազդեցությունը թե՛ կարգավորման գործընթացի, թե՛ ապագա հնարավոր զարգացումների վրա:
Կարգավորման ֆոնը
Ընտրական շքերթ
2008 թվականը Հարավային Կովկասի համար դարձավ յուրատեսակ տարածաշրջանային ընտրական «մոլորակների շքերթ»-ի1# տարի: Նախագահական ընտրություններ տեղի ունեցան ինչպես տարածաշրջանի բոլոր ճանաչված երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում, այնպես էլ տարածաշրջանում ռազմավարական շահեր հետապնդող գերտերություններում` Ռուսաստանում եւ Միացյալ Նահանգներում: Ընդ որում, բացի Վրաստանից ու Ադրբեջանից, մյուս երկրներում նախագահների փոփոխությունը սահմանադրական պահանջ էր, հետեւաբար եւ անխուսափելի: Ակնհայտ է, որ նոր նախագահները, որպես կանոն, արագ ինքնահաստատման խնդիր են ունենում, հետեւաբար փորձում են նախագահության առաջին տարում աչքի ընկնել ուշադրություն գրավող նախաձեռնություններով: Հատուկ հիմնավորման կարիք չունի նաեւ այն ենթադրությունը, որ նման իրավիճակներն առավել նպաստավոր են կտրուկ քայլերի կամ արմատական փոփոխությունների համար, որոնց մեկնարկի համար պահանջվում է մի կայծ: Այդպիսին դարձավ «վրացական մեծ սադրանքը»` օգոստոսյան հնգօրյա վրաց-ռուսական պատերազմը:
Աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային գործոն
Հարավային Կովկասի պատմության ուսումնասիրությունը հաստատում է պատմական իրադարձությունների ցիկլային տեսության2# հավաստիությունը: Այլ` ավելի մանրակրկիտ ուսումնասիրության թողնելով ավելի վաղ ժամանակահատվածը, վերջին երեք դարերի համար հեշտ է նկատել ցիկլային տեսությանը բնորոշ երկու օրինաչափություն: Օրինաչափություն առաջին. մեկ դար պարբերությամբ Հարավային Կովկասում արձանագրվում են ազդեցությունների վերանայման նպատակ հետապնդող բախումներ. դրանց արդյունքում 19-րդ դարի սկզբին Ռուսաստանը վերջնականապես հաստատվեց Հարավային Կովկասում, 20-րդ դարասկզբին կարողացավ չեզոքացնել Բրիտանական կայսրության նկրտումները, 21-րդ դարասկզբին փորձում է դիմակայել Միացյալ Նահանգների նմանատիպ փորձերին: Օրինաչափություն երկրորդ. ազդեցությունների վերանայման առավել ակտիվ փուլի` դիմակայությունների տեւողությունը 2025 տարի է:
Խորհրդային Միության փլուզումով սկսվեց այդ փուլերից վերջինը, ինչպես նաեւ ազդարարվեց «սառը պատերազմի» ավարտը: Միգուցե ԽՍՀՄ աներեւակայելի հեշտ փլուզման առաջացրած խանդավառությունն էր պատճառը, որ Արեւմուտքում ձեւավորվեցին հետագա զարգացումների խիստ լավատեսական սպասումներ: Սկսվող գործընթացը հայտնի փորձագետները, մասնավորապես Ս. Հանթինգթոնը#,3 որակեցին որպես ժողովրդավարացման երրորդ ալիք, բացառելով դրանից որեւէ շեղում: Թերեւս այդ բացառիկ լավատեսությունն էր պատճառը եւ հավատը, որ արեւմտյան արժեքներն ինքնաբերաբար դառնալու են տիրապետող հետխորհրդային ողջ տարածքում (այդ թվում եւ Ռուսաստանում), որ առաջին` անկումային փուլում, որը տեւեց մինչեւ 90-ականների վերջը, Միացյալ Նահանգները չփորձեց ակտիվ քայլեր ձեռնարկել այդ տարածքում հիմնավորապես հաստատվելու համար: 90-ականների ավարտին պարզ դարձավ, որ երկրների մի խումբը (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Սլովենիա, Հունգարիա, բալթյան երկրներ) իսկապես ընտրել է կանխատեսվող ուղին, մյուս խումբը (նախկին Հարավսլավիայի երկրներ, Ալբանիա, Ռումինիա, Բուլղարիա, Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ադրբեջան) դեռ վերջնականորեն կողմնորոշված չէ, իսկ երրորդ խումբը (Բելառուս, միջինասիական երկրներ) ընտրել է բոլորովին այլ ճանապարհ: Ակնհայտ է, որ երկրորդ խմբի երկրներում ցանկալի ընթացք եւ ազդեցություն ապահովելու համար Արեւմուտքը պետք է դիմեր վճռական քայլերի: «Գունավոր» հեղափոխությունների շարքը փոփոխակի հաջողություններ արձանագրեց: Մասնավորապես, Հարավային Կովկասում միայն Վրաստանում իշխանության եկավ Արեւմուտքի հովանավորությունը վայելող Սաակաշվիլին, որը որպես գործընկեր թեեւ ակնհայտորեն նախընտրում էր Արեւմուտքը եւ պարբերաբար գրգռում էր Ռուսաստանին իր հայտարարություններով, սակայն չէր խզում հարաբերությունները վերջինիս հետ: Մինչդեռ, ըստ վերոհիշյալ ցիկլային տեսության, ազդեցությունների վերաբաժանման ներկա փուլի ավարտին մնում է 6-7 տարի ժամանակ: Հետեւաբար, կամ Միացյալ Նահանգները պետք է Հարավային Կովկասում հաստատվելու իր պատվախնդրական ձգտումները հետաձգեր մինչ հաջորդ փուլի սկիզբը` մոտ մեկ դար հետո, կամ պետք է տարածաշրջանում առաջանար լուրջ ճգնաժամ: Վերջին նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում լուրջ խնդիրների բախված Սաակաշվիլու համար էլ իրական թշնամու կերպարը շատ տեղին կլիներ: Այսօր որեւէ մեկն այլեւս չի կասկածում. ռուս-վրացական պատերազմը սկսել է Վրաստանը, թվում էՙ ցանկացած դեպքում շահած դուրս գալու նկատառումներով: Ըստ անձնական զրույցի ժամանակ մի վրացի բարձրաստիճան պաշտոնյայի հայտնած տեղեկության, Վրաստանը ենթադրում էր, որ պատերազմը սկսելով արագորեն կհասնի Ռոկիի թունելին, ակտիվ ռմբակոծությամբ թույլ չի տա, որ թունելով Ռուսաստանը լրացուցիչ զինուժ մտցնի Հարավային Օսիա, իսկ այնտեղ գտնվող ռուս խաղաղապահները չէին կարողանա լուրջ դիմադրություն ցուցաբերել: Վրաստանը նաեւ որոշ հույսեր ուներ, որ Ռուսաստանը Պեկինի օլիմպիական խաղերի ընթացքում դժվար թե սկսեր լայնամասշտաբ պատերազմ: Թեեւ այս պլանը չգործեց, սակայն հավանաբար Սաակաշվիլին պատրաստ էր նաեւ իրականացած սցենարին, որի արդյունքում «ազատվեց» առանց այդ էլ վերահսկողությունից դուրս մնացած Հարավային Օսիայից ու Աբխազիայից, Արեւմուտքից ստացավ մի քանի միլիարդ դոլարի աջակցություն, եվրատլանտյան կառույցներին քաղաքական նկատառումներով, հետեւաբար եւ հնարավոր կարճ ժամանակում անդամակցելու հեռանկար, Միացյալ Նահանգների հետ կնքեց ռազմավարական համագործակցության համաձայնագիր: Պատերազմական եւ հետպատերազմական գործողությունների զարգացման այս սխեման զարմանալիորեն ձեռնտու էր նաեւ Միացյալ Նահանգներին ու Ռուսաստանին: Առաջինն իրականացրեց իր մինիմում ծրագիրը` լիարժեքորեն ամրապնդվեց տարածաշրջանի մի հատվածում, իսկ Ռուսաստանը հնարավորություն ստացավ հետխորհրդային շրջանում առաջին անգամ ցուցադրելու, թե ով ով է այս տարածաշրջանում, կրկին համաշխարհային «խաղացողի» հայտ ներկայացնելու եւ գոնե մեկ անգամ պատասխանելու Արեւմուտքի այն բոլոր քայլերին, որոնք տեւական մի ժամանակահատված ոտնահարում էին իր շահերն ու վիրավորում ինքնասիրությունը: Միջազգային հանրության գրեթե միաձայն աջակցությունը Վրաստանին այս դեպքում Ռուսաստանի համար ավելի շուտ «զգացմունքների» դրական, քան բացասական խթան դարձավ: Արդյունքում տարածաշրջանում ստեղծվեց բացառիկ իրավիճակ, որում աննախադեպ կարեւորություն ստացան Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները` որպես հետեւանք Վրաստանի միանշանակ կողմնորոշման: Ակնհայտ է, որ Ռուսաստանը տարածաշրջանում կհայտնվի «խաղից դուրս» իրավիճակում, եթե Հայաստանը կամ Ադրբեջանը հետեւի Վրաստանի օրինակին: Դժվար չէ համոզվել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որեւէ տարբերակի դեպքում նման իրավիճակի ստեղծման հավանականությունը կտրուկ կմեծանա այս կամ այն երկրի համար: Դրանից անմիջապես օգտվեց Թուրքիան` ասպարեզ նետելով «Կայունության եւ համագործակցության պլատֆորմի» գաղափարը եւ ցուցադրաբար դրա քննարկումն սկսելով ոչ թե մերձավոր դաշնակցի` Միացյալ Նահանգների, այլ Ռուսաստանի հետ: Պատեհ առիթը օգտագործելու Միացյալ Նահանգների փորձերը` փոխնախագահ Դ. Չեյնիի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Բաքու ցանկալի արդյունք չտվեցին: Կարճ ժամանակ անց ռուս-թուրքական համատեղ ջանքերը երկու երկրների համար տվեցին պտուղներ, որոնք այս կամ այն չափով առնչվում են կամ կարող են առնչվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանըՙ Թուրքիան դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ, Ռուսաստանի հովանավորությամբ ու մասնակցությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները ստորագրեցին հռչակագիր: Մինչ այդ Ռուսաստանն արդեն միակողմանիորեն ճանաչել էր Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը` Արեւմուտքում առաջացնելով հակազդեցության եւ Վրաստանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայտարարությունների ուժգին ալիք, որպես դասական օրինակ, թե ինչպես ընդամենը մի քանի ամսվա ընթացքում (Կոսովոյի անկախության ճանաչումից ի վեր) կարող է տրամագծորեն փոխվել ազդեցիկ պետությունների դիրքորոշումը նույն երեւույթի վերաբերյալ: Ընդ որում, ռուս-ամերիկյան դիմակայությունը հետխորհրդային տարածքում հետագայում եւս իրադարձությունների զարգացման ամենաազդեցիկ գործոնը եղավ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստեղծում, ամերիկյան «Մանաս» ռազմաօդային բազայի փակում Բիշքեկում եւ այլն:
Ներքաղաքական գործոն
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում վերջին ամիսներին նկատվող տեղաշարժերը հետաքրքրություն են ներկայացնում նաեւ Հայաստանի ներքաղաքական արձագանքների տեսակետից: Ցավոք դրանք խիստ պարզունակ էին եւ հիասթափեցնող` որպես առավել հնարավոր սցենար այն զարգացումների, որոնք կարող են տեղի ունենալ, եթե մի օր հնարավոր լինի մշակել կարգավորման փաստաթուղթ: Ամենամտահոգիչ հանգամանքը` գրեթե բացակայում էր մասնագիտական, փորձագիտական գնահատականը, սոսկ քաղաքական հակառակորդները ներկայացնում էին իրարամերժ գնահատականներ: Թերեւս կարելի է առանձնացնել Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը հոկտեմբերի 17-ի հանրահավաքում` որպես իրավիճակի վերլուծության եւ հետագա զարգացումների կանխատեսման փորձ: Ընդդիմության զգալի հատվածը ներկայացնող Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժերի դիրքորոշման առանցքը հետեւյալ դրույթն էր. «Ս. Սարգսյանը Լեռնային Ղարաբաղը ծախում է Արեւմուտքին իր լեգիտիմությունը ճանաչելու դիմաց»: Վերոհիշյալ հանրահավաքում Տեր-Պետրոսյանն իր ելույթի զգալի մասը նվիրեց կարգավորման գործընթացի վերլուծությանը` այդ դրույթի ճշմարտացիությունը ապացուցելու նպատակով: Ինչ վերաբերում է կարգավորմանն առնչվող հատվածին, ապա հեշտ է նկատել, որ Տեր-Պետրոսյանի ուրվագծած կարգավորման ծրագրի հիմնական կետերի շրջանակը կառուցված է համանախագահների, «Քրայսիս գրուփ»-ի (ի դեպ, Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի հիմնական ներկայացուցիչներից մեկը` Լեւոն Զուրաբյանը մի քանի տարի աշխատել է հակամարտությունների կարգավորման ընթացքն ուսումնասիրող այս կազմակերպությունում) եւ մի շարք այլ կազմակերպությունների կարծիքների ու դիրքորոշումների համադրման միջոցով: Կարելի է համաձայնել ԼՂ կարգավիճակի ճշգրտման հանրաքվեի վերաբերյալ Տեր-Պետրոսյանի հնչեցրած առաջարկներին: Սակայն այդ վերլուծությանը մանրամասն անդրադառնալը ավելորդ է ոչ միայն այն պատճառով, որ այն մեծապես կրում էր իշխանություն-ընդդիմություն պայքարի դրոշմը, այլեւ ընդամենը երեք ամիս անց պարզ դարձավ, որ դրա մի շարք հիմնադրույթներ արդեն իսկ ժամանակի քննությանը չեն դիմացել. «Ս. Սարգսյանը երես է թեքել Ռուսաստանից եւ լիովին ապավինել է Արեւմուտքին` հանձին ԱՄՆ-ի... Այսօր վտանգի տակ է Մինսկի խմբի գոյությունը... Այդ ձեւաչափի խախտման եւ դրանից Ռուսաստանի դուրսմղման վտանգը միանգամայն իրական է... Մենք կանգնած ենք Ղարաբաղյան հակամարտության մոտալուտ հանգուցալուծման շեմին... Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը ընդամենը երկու-երեք ամիսների հարց է...» («Հայկական ժամանակ», 18 հոկտեմբերի, 2008 թ.): Հենց վերջին չորս ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները վկայում են, որ Տեր-Պետրոսյանի վերլուծությունների հիմնադրույթների եւ կանխատեսումներից գրեթե ոչ մեկը չհաստատվեց:
Տեր-Պետրոսյանի վերլուծությունն ունի եւս մեկ լուրջ թերություն: Նա խուսափել է իր ներկայացրած կարգավորման սխեմայի` «մադրիդյան սկզբունքներ»-ի գնահատականը տալուց. արդյոք հիմնավոր եւ արդարացի՞ է այն, ինքը պաշտպանո՞ւմ է այդ մոտեցումը, որո՞նք են սխեմայի թերությունները եւ հայկական կողմի բացթողումները (եթե համարում է, որ դրանք եղել են) այդ սխեմայի մշակման ընթացքում: Այդուհանդերձ, հեշտ է նկատել, որ եթե արվել են սոսկ առաջարկություններ հանրաքվեին առնչվող մի քանի կոնկրետ հարցերի վերաբերյալ, ապա Տեր-Պետրոսյանը սկզբունքային առարկություններ չունի կարգավորման սխեմայի վերաբերյալ, հակառակ դեպքում դրանք եւս կներկայացվեին: Իսկ այդ պարագայում փլվում է Տեր-Պետրոսյանի` Ղարաբաղյան խնդրին առնչվող ամբողջ կոնցեպցիան:
Պատահական չէ, որ ավելի ուշ, տարեվերջին Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչները ներկայացրին խիստ ընդհանրական դիրքորոշում հակամարտության կարգավորման վերաբերյալ. «Ինչ որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, մեզ համար կլինի ընդունելի»: Առաջին հայացքից սա ինքնորոշման իրավունքի գերակայությունից բխող, հետեւաբար ոչ միայն անխոցելի, այլեւ իշխանության համեմատ շահեկան դիրքորոշում է: Սակայն նման դիրքորոշումը միանգամայն հասկանալի կարող է լինել միայն որպես վերաբերմունք ակնկալվող հանրաքվեի արդյունքների նկատմամբ, մինչդեռ այս շրջանում յուրաքանչյուր քաղաքական ուժ իր պատասխանատվությունն արդարացնելու, եւ թե՛ Հայաստանի (խնդրի լուծումն անմիջականորեն առնչվում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը), թե՛ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ճիշտ կողմնորոշման հնարավորություն ապահովելու համար պետք է հստակորեն ներկայացնի իր գնահատականներն ու մոտեցումները, իր պատկերացումները խնդրի իրավական ու քաղաքական հիմքերի վերաբերյալ, կարգավորման սխեմայի հիմնական մոտեցումների վերաբերյալ` փոխզիջումներ, տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ եւ այլն:
Բովանդակային քննարկումներից խուսափում են նաեւ իշխանության ներկայացուցիչները: Նրանք սոսկ փորձում են ժխտել «ծախելու» վարկածը` միաժամանակ պնդելով, որ լավագույն լուծում կարող են ապահովել ներկայիս իշխանությունները, քանի որ երկրի նախագահը եղել է ղարաբաղյան պատերազմի հիմնական դերակատարներից մեկը Լեռնային Ղարաբաղում: Մինչդեռ իշխանությունները մինչ օրս չեն ներկայացրել այն ռազմավարական հիմքը, որի վրա կառուցում են բանակցությունները: Բազմիցս կրկնված եռադրույթ մոտեցումը` «1) Լեռնային Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի ենթակայության տակ, 2) Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենան ցամաքային սահման, 3) պետք է ապահովվի Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը», ճշմարտացի լինելով, այսօր բավարար չէ այդ ռազմավարական հիմքը ներկայացնելու համար: Ահա թե ինչու քննարկումները կամ բանավեճերը վերածվում են «ոչ մի թիզ հող» կամ «Աղդամը մեր հայրենիքը չէ, անհրաժեշտ են զիջումներ» անպտուղ լեզվակռվի, քանզի առաջինի կողմնակիցները չեն ներկայացնում իրենց դիրքորոշումը իրականացնելու եւ իրավական ճանաչման հասցնելու հիմքերը, իսկ երկրորդի կողմնակիցները ոչ միայն չեն նշում մեր հայրենիքի սահմանները, այլեւ որեւէ հիմք չունեն պնդելու համար, որ դրանք նախկին ԼՂԻՄ-ի սահմաններն են: Հայաստանի իշխանությունները հստակ պատասխան չեն տալիս եւս մեկ հիմնարար հարցադրման. որո՞նք են իենց հիմնական մոտեցումները բանակցությունների ընթացքում: Եթե բանակցությունների ընթացքի եւ մշակվող փաստաթղթի բովանդակության վերաբերյալ խորհրդապահական մոտեցումը միանգամայն հասկանալի եւ ընդունելի է, ապա հիմնական մոտեցումների ու դրանց հիմնավորումների ներկայացումը հանրությանը նման կենսական խնդրի վերաբերյալ պարզապես անհրաժեշտություն է: Իհարկե, կարող է առարկություն հնչել. վերջին 4-5 տարիներին Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ խնդրի կարգավորումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա: Սակայն դիրքորոշումները եւս զարգացման կարիք ունեն եւ այսօր դա այլեւս բավարար չէ, հարկ է ներկայացնել ավելի ամբողջական եւ կոնկրետ հիմք: Մինչդեռ «Ազգ»-ում տպագրված (16.10.2008թ.) Tertium non datur հոդվածից ակնհայտորեն երեւում է, որ այսօր էլ իշխանության մեջ տիրապետող է դեռեւս 90-ական թվականների սկզբին ձեւավորված այն թյուր եւ վտանգավոր կարծիքը, որ ինքնորոշման իրավունքի իրացումը անկախ պետության հռչակման միջոցով հատուկ է միայն «իրականությունից կտրված իդեալիստներին» կամ «անջատողական ծայրահեղականներին», եթե մյուս կողմի համաձայնությունը չկա: Եթե 90-ականների սկզբին նման կարծիքը կարող էր հասկանալի լինել (խորհրդային շրջանում հասկանալի պատճառներով Հայաստանում միջազգային իրավունքի փաստաթղթերին տեղյակ մասնագետներ չկային), բայց ոչ արդարացված, ապա այսօր նման անտեղյակությունը ոչ միայն գավառական մտածողության հետեւանք է, այլեւ չափազանց վտանգավոր: Գոյություն ունի հակամարտությունների լուծման երկու ճանապարհ` իրավական կամ ուժային: Վերջինս հատուկ է գերտերություններին, ինչի ցայտուն օրինակը դարձան Կոսովոյի եւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունների ճանաչման գործընթացները: Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի նման երկրների դեպքում կարեւոր կռվան են միջազգային իրավունքի նորմերը, թեեւ ակնհայտ է, որ դրանց լիարժեք կիրառմանը հասնելու համար պահանջվում է հսկայական աշխատանք: Սակայն հարկ է նշել, որ առանց հստակ ու հիմնավոր ուղենիշների, սոսկ ընթացիկ իրավիճակից բխող կողմնորոշումների վրա հիմնված գործունեությունը անպտուղ է: Ըստ Ս. Հանթինգթոնի#,4 «մենք կարող ենք ժխտել նման ուղենիշների անհրաժեշտությունը եւ ձեւացնել, որ գործում ենք ինչ-որ «օբյեկտիվ» գործոնների շրջանակում, ամեն անգամ կողմնորոշվելով «ըստ էության»: Սակայն, եթե նման դիրքորոշում որդեգրենք, մենք մեզ կխաբենք»:
ԼՂՀ գործոն
Վերջին ամիսների զարգացումներում ամենազուսպը առավել շահագրգիռ կողմն էր` Լեռնային Ղարաբաղը: Այն աստիճանի, որ ոմանց սկսեց թվալ, թե ԼՂՀ իշխանությունները կորցրել են հետաքրքրությունը խնդրի կարգավորման նկատմամբ կամ այն լիովին թողել են ՀՀ իշխանությունների հայեցողությանը: Մինչդեռ հակամարտության հիմնական կողմը առանց ավելորդ շտապողականության ու արժանապատվութամբ վերաբերվեց այդ զարգացումներին, թերեւս ընդգծելով Ս. Հանթինգթոնի5# այն դիտարկումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեսակետից գլխավոր դերակատարը Լեռնային Ղարաբաղն է, իսկ Հայաստանը եւ անգամ Ադրբեջանը երկրորդ մակարդակի երկրներ են: ԼՂՀ նախագահի եւ ապա Ազգային ժողովի տարեվերջյան արձագանքները միանգամայն համարժեք էին մոսկովյան հռչակագրի իրավական կարգավիճակին. ԼՂՀ խնդրի կարգավորման վերաբերյալ որեւէ որոշում, որն ընդունված կլինի առանց ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության, չի կարող պարտադրվել Լեռնային Ղարաբաղին եւ լուծումը հնարավոր է միայն ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցության պարագայում: Այդուհանդերձ, այն, ինչ տեղի ունեցավ ԼՂՀ Ազգային ժողովում 2009-ի հունվարին, հղի է ավելի լուրջ հետեւանքներով, քան հռչակագիրը: Դեռեւս դժվար է ասել, թե ինչն էր ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հավասարակշռությունը խախտող` մեծամասնություն կազմող խմբակցությունից հինգ պատգամավորի հեռանալու պատճառը` Ազգային ժողովի տարեվերջյան հայտարարությունը, թե ինչ-ինչ խմբերի համոզվածությունը, որ Լեռնային Ղարաբաղում էլ, ինչպես Հայաստանում, եկել է հատվածական շահերի գերակայության ժամանակը: Հրապարակավ ներկայացվող դրդապատճառները` կապված 2009-ի բյուջեի նախագծի նկատմամբ խմբակցության դիրքորոշման խիստ տոնի հետ, կարող են ճշմարտանման թվալ միայն անտեղյակների համար: Իհարկե, ինչ-ինչ հակասություններ նախկինում էլ ծագել են ղարաբաղյան իշխանության ներսում, սակայն այս դեպքը վտանգավոր է երկու պատճառով: Նախ, խարդավանքներն ակնհայտորեն ուղղված էին ԼՂՀ ԱԺ նախագահի դեմ, որը թե՛ Երեւանում, թե՛ Ստեփանակերտում քիչ հանդիպող քաղաքական գործիչներից է, ովքեր ի զորու են եւ զբաղվում են զուտ քաղաքական գործունեությամբ: Երկրորդ հանգամանքը խարդավանքների իրականացման համար ընտրված ժամանակահատվածն է, երբ աշխուժացել են կարգավորմանն առնչվող գործընթացները: Ի պատիվ ԼՂՀ ղեկավարության, կարծես թե վտանգավոր զարգացումների առաջն առնվել է, սակայն շատ կարեւոր է, որ վերացվեն դրանց պատճառները, քանի որ դրանք կարող են կրկին դրսեւորվել` վտանգելով Լեռնային Ղարաբաղի ապագան: Առավել եւս, որ մոտ մեկ տարի անց սպասվում են ԼՂՀ խորհրդարանական ընտրություններ:
Կարգավորման գործընթաց
Մոսկովյան հռչակագիրը
Նոյեմբերի սկզբին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրած հռչակագիրը բացահայտեց մի շարք պոտենցիալ վտանգներ: Փաստաթուղթը, չնայած ոչ մեծ ծավալին, ամբողջությամբ չտպագրվեց հայաստանյան տպագիր մամուլում, չունեցավ մասնագիտական բովանդակային վերլուծություն, գնահատվեց սոսկ քաղաքական շրջանակների կողմից` իրարամերժ որակումներով: Ընդ որում, այդ գնահատականները (թե՛ կողմ, թե՛ դեմ) ոչ միայն պարզունակ էին, հետապնդում էին զուտ քարոզչական նպատակ, այլեւ հաճախ էապես աղավաղված էին ներկայացնում փաստաթղթի բովանդակությունը: Նման վերաբերմունքը վտանգավոր է առաջին հերթին որպես մոտեցում, քանզի այն կարող է կրկնվել նաեւ այն ժամանակ, երբ ձեւակերպվի կարգավորման ինչ-որ մի փաստաթուղթ, որում առկա խութերը չբացահայտելու դեպքում այն կդառնա անշրջելի կորուստների հիմք:
Որեւէ փաստաթղթի վերլուծությունը սկսվում է դրա կարգավիճակի ճշգրտումից: Հռչակագիրը շատ հաճախ բնորոշվում է որպես հակամարտության կարգավորման փաստաթուղթ, ինչը կոպիտ սխալ է: Այն ստորագրել են երկու մասնակից եւ մեկ միջնորդ երկրի նախագահները: Մինչդեռ հակամարտության միջազգայնորեն ճանաչված կողմերը, ինչպես նաեւ միջնորդ կողմերը երեքական են: Հետեւաբար փաստաթուղթը չի կարող հակամարտության կարգավորման իրավական փաթեթի մաս համարվել, քանզի այն ստորագրողների կազմն ամբողջական չէ: Միաժամանակ, հռչակագրից ակնհայտորեն երեւում է, որ այնտեղ չի խոսվում ոչ հակամարտող կողմերի, ոչ միջնորդների ձեւաչափի փոփոխության մասին: Ճիշտ հակառակը, երկրորդ կետով հաստատվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարեւոր նշանակությունը: Հետեւաբար, հռչակագիրը սոսկ երեք երկրների ղեկավարների ընդհանուր մոտեցումներն արտահայտող փաստաթուղթ է եւ հակամարտության կարգավորման տեսակետից էական նշանակություն չունի: Այդ առումով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի ստորագրության բացակայությունը հռչակագրի տակ ունի սոսկ բարոյական, սակայն ոչ իրավական նշանակություն: Այդուհանդերձ, կարեւոր է նաեւ փաստաթղթի բովանդակությունը, որպես մոտեցումների մի համախումբ, որի վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համամիտ են: Հայաստանում շատ թմբկահարվեց այն կարծիքը, թե այս փաստաթուղթը հակամարտության կարգավորման համար սահմանում է միայն խաղաղ միջոցներ: Միջազգային իրավունքի նորմերին քիչ թե շատ ծանոթ յուրաքանչյուր մարդու համար պարզ է, որ «քաղաքական միջոցները», որոնց միջոցով փաստաթուղթը ստորագրած կողմերը, ըստ առաջին կետի, պետք է նպաստեն հակամարտության կարգավորմանը, համարժեք չեն «խաղաղ միջոցներին»: Խաղաղ կարգավորման մասին խոսվում է միայն երրորդ կետում: Ընդ որում, ոչ թե որպես կարգավորման սկզբունք, այլ գործընթացի առանձին մաս: Հետեւաբար հռչակագիրը որեւէ արժեք չունի որպես խաղաղ կարգավորում երաշխավորող փաստաթուղթ: Պատահական չէ, որ հռչակագրի ստորագրումից կարճ ժամանակ անց Ադրբեջանը վերսկսեց ռազմատենչ հայտարարությունները, իսկ փաստաթուղթը ստորագրած մյուս կողմերը որեւէ ձեւով չեն արձագանքում դրան:
Հռչակագիրն ունի երկու արժանահիշատակ արձանագրում: Դրանցից առաջինը ներառված է փաստաթղթի նախաբանում եւ նախատեսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ուղիղ երկխոսությամբ` Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի միջնորդության պարագայում` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ»: Հենց այս հաստատագրումն է խիստ վտանգավոր եւ լուրջ բացթողում հայկական կողմի համար, քանզի ստորագրելով հռչակագիրը, Հայաստանը ակամա ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ չէ: Պատահական չէ, որ հռչակագրի ստորագրումից անմիջապես հետո Ի. Ալիեւը շտապեց օգտագործել այդ հանգամանքը` հայտարարեց, որ հռչակագիրը վկայում է, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության կողմ չէ: Իհարկե, դա անվերապահ իրավական հիմք ունեցող հայտարարություն չէ` շնորհիվ հռչակագրի ստորագրման ձեւաչափի, սակայն եւս մեկ վկայություն է, որ հայկական կողմը փաստաթղթերի վրա աշխատանքի հմտության զգալի պակաս ունի, ինչը հղի է այնպիսի հետեւանքներով, որոնք ավելի լուրջ փաստաթղթերի ստորագրման ժամանակ կարող են ճակատագրական լինել: Պետք է հուսալ, որ գոնե այս անգամ կընկալվի խնդրի լրջությունը եւ իշխանության որեւէ ներկայացուցիչ դիտարկումը չի ընկալի որպես մահացու անձնական վիրավորանք ու չի փորձի անհաջող աճպարարությամբ ու սոփեստությամբ վերաիմաստավորել միարժեք ձեւակերպումները, ինչպես դա տեղի ունեցավ «Նահանջ երգով» հոդվածին («Ազգ», 14.10.2008թ.) արձագանքելիս:
Հռչակագրում ներառված երկրորդ ուշագրավ ձեւակերպումը երկրորդ կետի վերջում է. «Քաղաքական կարգավորման հիմնական սկզբունքների հետագա մշակում»: Դա վկայում է, որ այդ սկզբունքները դեռեւս մինչեւ վերջ մշակված էլ չեն: Ի դեպ, թեեւ այդ մասին եւս շատ է խոսվում, սակայն այսպես կոչված «մադրիդյան սկզբունքներին» փաստաթղթում ուղղակի անդրադարձ չկա: Հիշատակվում է միայն 2007 թ. նոյեմբերի 29-ին Մադրիդում տեղի ունեցած համանախագահների եւ կողմերի հանդիպումը հաշվի առնելու անհրաժեշտությունը:
Հելսինկյան հանդիպում
Մոսկովյան հռչակագրի ստորագրումից մեկ ամիս անց Հելսինկիում տեղի ունեցած ԵԱՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսակետից նշանակալից էր մի քանի առումներով: Դեկտեմբերի 4-ին Մ. Բրայզան հայտարարեց, որ «տարածքային ամբողջականությունը կարգավորման գլխավոր սկզբունքն է»: Հայաստանի արտգործնախարարի արձագանքը դրան առաջին հայացքից աննախադեպ կոշտ էր. «Ես կցանկանայի հավատալ, որ Մեթյու Բրայզան այդպիսի հայտարարություն չի արել, որովհետեւ դա համանախագահի մակարդակի հայտարարություն չէ»: Թեեւ Բրայզան ավելի ուշ լրացուցիչ մեկնաբանություն ներկայացրեց`«կարգավորման հարցում կարեւոր են Հելսինկյան ակտի բոլոր երեք սկզբունքները», սակայն հետագայում պարզ դարձավ, որ հայկական կողմի արձագանքը սոսկ անտեղյակության հետեւանք էր, քանզի հաջորդ օրը` դեկտեմբերի 5-ին Բրայզայի խոսքերը կրկնեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դ. Ֆրիդը, որին հայկական կողմը չարձագանքեց: Հայաստանը չարձագանքեց նաեւ այդ հավաքի ընթացքում Ադրբեջանի տարածած փաստաթղթին` կարգավորման ադրբեջանական պատկերացումների վերաբերյալ, բավարարվելով սոսկ մեղադրանքով, որ Ադրբեջանը «կամայականորեն է մեկնաբանում մոսկովյան հռչակագիրն ու կարգավորման գործընթացը»: Վաղուց արդեն տխուր ավանդույթ են դարձել ամերիկյան համանախագահի ադրբեջանահաճո հայտարարություններն ու դրանց հաջորդող լղոզված «մեկնաբանությունները», Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու կարգավորման գործընթացի վերաբերյալ «բացահայտումները», որոնց Հայաստանը հակադրում է թվացյալ «քաղաքակիրթ», «լուրջ», բայց իրականում սոսկ դիրքորոշման խեղճության մասին վկայող կեցվածք: Իհարկե, վերջին շրջանում արտգործնախարարությունը փորձում է ինչ-որ կերպ արձագանքել նման դրսեւորումներին, սակայն այդ փորձերը դեռեւս շատ վարանոտ են եւ չեն ունենում որեւէ հետեւանք: Մինչդեռ դրանք լավ առիթ են Հայաստանի դիրքորոշման կոշտացման հնարավորությունները ներկայացնելու համար:
Մադրիդյան սկզբունքներ, կարգավորման հիմքը եւ բանաձեւը
2007 թ. մադրիդյան հանդիպումից հետո շրջանառության մեջ դրված «մադրիդյան սկզբունքներ» արտահայտությունը համանախագահների մի շարք հայտարարություններից, մի քանի միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, հակամարտության կողմերի որոշ արձագանքներից ու մի շարք «արտահոսքերից» հետո այս կամ այն չափով մատչելի են կարգավորման խնդրով լրջորեն հետաքրքրվողների համար: Սովորաբար հակամարտությունների կարգավորման ցանկացած տարբերակի գնահատականը հիմնականում ձեւավորվում է ըստ հետեւյալ երկու բաղադրիչի.
- ծրագրի իրավական հիմքը,
- կարգավորման ծրագրում վստահելի մեխանիզմների առկայությունը, որոնք ապահովում են, որ եթե դրա իրականացման որեւէ փուլում (օրինակ, ադրբեջանցի փախստականների վերադարձից հետո) կողմերից մեկը (Ադրբեջանը) հրաժարվի մասնակցել հաջորդ փուլերի իրականացմանը, ապա ծրագիրն իր ավարտին (մասնավորապես, հանրաքվեի եւ դրա արդյունքների ճանաչմանը) կհասցվի առանց նրա կամ կվերադառնա ելման կետին:
«Մադրիդյան սկզբունքներ»-ին մանրամասն անդրադառնալը անիմաստ է ոչ միայն այն պատճառով, որ դրանք պաշտոնապես չեն հրապարակվել, այլեւ որ այդ փաստաթղթում ներառված մոտեցումները տարբեր կարեւորություն ունեն: Ստորեւ կանդրադառնանք միայն վերոհիշյալ երկու բաղադրիչներին առնչվող մի քանի մոտեցումների` առավել կարեւորելով դրանք:
Մինսկի խմբի համանախագահները բազմիցս նշել են, որ «մադրիդյան սկզբունքների» հիմքում տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի համադրումն է: Միջազգային իրավունքի տեսակետից դա ոչ միայն ընդունելի, այլեւ անհրաժեշտ մոտեցում է: Ընդ որում, այդ հայտարարությունը անելով, համանախագահները ոչ միայն հակամարտության կողմերից որեւէ մեկին «լավություն» չեն արել, այլ պարզապես փորձել են իրենց առաջարկությունները տեղավորել միջազգային իրավունքի շրջանակներում: Այդուհանդերձ, նրանք չեն արել հաջորդ` կարգավորման տեսակետից առանցքային նշանակություն ունեցող քայլը` չեն հստակեցրել դրանցից յուրաքանչյուրի կիրառման շրջանակները եւ մեխանիզմները, արդյունքում ձեւավորելով անորոշության միջակայք: Դա բանակցությունների ժամանակ լայնորեն կիրառվող հայտնի հնարք է, որը որոշ ժամանակի համար ապահովում է ճկունություն եւ տալիս է հնարավորություն` հետագա առաջընթացն ապահովող մանրամասների մշակման համար: Այդուհանդերձ, ԼՂ խնդրի կարգավորման ժամանակ այդ «անորոշությունը» հակամարտության կողմերին հնարավորություն է տալիս անգամ հակոտնյա մեկնաբանություններ ներկայացնել կարգավորման սկզբունքների վերաբերյալ: Դա ոչ միայն խաթարում է կարգավորման գործընթացի իրավական հիմքը, այլեւ նոր լուրջ խոչընդոտներ է ստեղծում կարգավորման համար: Ավելին, դա էապես մեծացնում է այն բանի հավանականությունը, որ երբ մոտենա կարգավորման փաստաթղթի մշակման աշխատանքների ավարտը եւ շատ մոտ լինի այն հրապարակելու օրը, կողմերից որեւէ մեկը կհրաժարվի գործընթացը շարունակել, ինչպես դա արդեն եղել է Քի Վեսթում: Այդ առումով բացարձակապես անհիմն են թվում լավատեսական հայտարարությունները, թե մնացել է համաձայնություն ապահովել մի քանի կետում: Ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարները չեն ստորագրի որեւէ փաստաթուղթ, որը պարունակում է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մեխանիզմներ, հայկական կողմերն էլ չեն համաձայնի Լեռնային Ղարաբաղի ենթակայությանը Ադրբեջանին: Հետեւաբար մնում է սոսկ մեկ տարբերակ. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում պահպանվում է ներկայիս ձեւակերպումների անորոշությունը, որը կողմերին թույլ է տալիս ներկայացնել սեփական ցանկություններից բխող մեկնաբանություններ, այդ հարցի լուծումը հետաձգվում է, սակայն մյուս հարցերի կարգավորումը սկսվում է անմիջապես: Ակնհայտ է, որ դա դիվանագիտական աճպարարությամբ փաթեթավորված ծուղակ է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար: Դրանում չհայտնվելու համար հայկական կողմերը պետք է հասնեն այն բանին, որ նախապատրաստվող փաստաթղթում որպես իրավական հիմք հստակորեն սահմանված լինեն կարգավորման այս գործընթացում ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման շրջանակներն ու մեխանիզմները:
Ակնհայտ է, որ այդ փաստաթուղթը կարող է դառնալ կարգավորման իրական հիմք միայն մեկ դեպքում` եթե կարգավորման բանաձեւը պարունակի հետեւյալ մոտեցումները, որոնք, ըստ հայկական կողմի, «մադրիդյան սկզբունքների» ուղղակի հետեւանք են, ըստ ադրբեջանական կողմի` ոչ.
- Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա, հանրաքվեի միջոցով,
- հանրաքվեին մասնակցում են Լեռնային Ղարաբաղում ապրող քաղաքացիները,
- հանրաքվեի դրվող` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող հարցադրումը պետք է պարունակի Լեռնային Ղարաբաղի անկախ պետության հռչակման մասին դրույթ,
- Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող հանրաքվեի անցկացման ժամկետը պետք է լինի խիստ հիմնավորված, հանրաքվեն պետք է իրականացվի հնարավոր նվազագույն ժամկետում,
- Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին վերաբերող հանրաքվեի արդյունքները միջազգային հանրությունը պետք է ճանաչի անվերապահորեն, անկախ Ադրբեջանի դիրքորոշումից:
Հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների շտապողականությունը «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխությունների նախագծի անցած տարեվերջին ընդունման ժամանակ, կարելի է ենթադրել, որ ցանկություն կա հանրաքվեի դնելու շրջանակային փաստաթուղթը: Եթե դրանով ավարտվելու է ժողովրդի կամարտահայտությունը խնդրի կարգավորման վերաբերյալ, ապա դա ոչ միայն էապես կսահմանափակի հայկական կողմերի ճկունությունը, այլեւ կարող է հանգեցնել չվերականգնվող կորուստների:
Վերջըՙ հաջորդիվ
1. Արեգակնային համաստեղության մոլորակներն Արեւի շուրջն իրենց պտույտի ընթացքում որոշակի պարբերականությամբ հայտնվում են ուղիղ գծի վրա: Այդ դիրքը կոչվում է «մոլորակների շքերթ» եւ նպաստավոր է ոչ սովորական երեւույթների ի հայտ գալու համար:
2.Пантин В., Лапкин В. Философия исторического прогнозирования: Ритмы истории и перспективы мирового развития в первой половине XXI века. Дубна, 2006.
3. Huntington S. The Third Wave:Democratization in the Late Twentieth Century. Norman.1991.
4. Huntington S. The Clash of Civilizations ad the Remaking of World Order. 1996.
5. Huntington S. The Clash of Civilizations ad the Remaking of World Order. 1996