«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2009-03-24 | #52, 2009-03-25 | #53, 2009-03-26


ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԾՐԱԳՐՎԵԼ Է ԻՇԽԱՆԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՈ՞ՒՄ

Ընդդիմության ակտիվիստները մեղադրվում են զենք ու զինամթերք գնելու մեջ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մարտի 24-ին հայտարարել է, թե ոստիկանությունը ձերբակալել է եւս երկու անձանց, որոնց կասկածում են անօրինական կերպով զենք ձեռք բերելու եւ դավադրություն կազմակերպելու մեջ:

Չնայած վրաց ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներն, ըստ Civil.ge կայքէջի, պնդում են, որ այս երկու անձանց ձերբակալությունը կապ չունի ընդդիմության մի շարք ներկայացուցիչների` նույն կասկածանքով ձերբակալության հետ, նշվում է, որ այս վերջին ձերբակալությունը եւս ապրիլի 9-ին սպասվող ընդդիմության հանրահավաքի համատեքստում է:

Հետաքրքրական է, որ վրաց իրավապահները վերջին այս ձերբակալությունների առնչությամբ միայն հայտարարել են, թե իրենց ունեցած ապացույցներով կան հիմքեր ենթադրելու, որ արդեն իսկ կազմվել են կոնկրետ խմբավորումներ, որոնք պետք է իրականացնեն դավադրությունը, եւ անգամ հայտնի են դրանց ֆինանսավորման աղբյուրները:

«Ազգն» արդեն տեղեկացրել է, որ, վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչ Շոթա Ուտիաշվիլին պաշտոնապես հայտարարել է, որ ապրիլյան հանրահավաքին զինված միջադեպեր ծրագրելու մեղադրանք է ներկայացվել ընդդիմադիր «Հանուն Վրաստանի փրկության» կուսակցության երկու ներկայացուցչի:

Տարօրինակ պատահականությամբ գուցե, բայց ձերբակալված անձանցից մեկը` Մալխաս Գվելուկաշվիլին ավելի շատ հայտնի է իշխանություններին քննադատող իր հոդվածներով, մասնավորապես կանխատեսումներով, թե մինչեւ 2010 թվականը Վրաստանում կլինեն նոր իշխանություններ:

Որպես նրանց ներկայացվող մեղադրանքների ապացույց իրավապահները ցուցադրել են տեսագրություններ, որոնցում նշված անձինք զենք են գնել ՆԳՆ օպերատիվ աշխատակցից ու բացատրել, թե ապրիլի 9-ին ծրագրված է 3000 զինված մարդկանց բախում ոստիկանության հետ, որին իբր պիտի հետեւի Թբիլիսիի հեռուստաաշտարակի գրավումը:

Թերեւս ընդդիմադիր իր գործընկերների հանդեպ պակաս վստահության մասին է վկայում այս ձերբակալությունների առնչությամբ ներկայումս Վրաստանի ապագա հավանական լիդերներից մեկը համարվող Իրակլի Ալասանիայի հայտարարությունը, որ արվել է երեկ: Ըստ այդմ, «Ալյանս հանուն Վրաստանի» առաջնորդ Ալասանիան նշել է, որ ՆԳՆ ներկայացրած տեսագրությունները «բավարար համոզիչ չեն, որ դրանց հիման վրա եզրակացություններ արվեն»: Ավելին, Ալասանիան առաջարկել է սպասել պաշտոնական եզրակացություններին, ապա միայն գնահատականներ հնչեցնել:

Թերեւս Ալասանիան զգուշավորություն է ցուցաբերում այն դեպքում, երբ ընդդիմության շարքերում հայտնված մեկ այլ կուսակցության` «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» ղեկավար Նինո Բուրջանաձեի պարագայում ձերբակալված են նրա 10 կուսակից: Ձերբակալվել են կուսակցության Աջարիայի մասնաճյուղի ղեկավար Զուրաբ Ավալիանին, նաեւ Թբիլիսիում գործող մի շարք ակտիվիստներ, նաեւ Նինո Բուրջանաձեի ամուսինը` Բադրի Բիցաձեն: Իշխանական իրավապահների ներկայացմամբ, բոլոր ձերբակալվածների մոտ զենք է հայտնաբերվել:

Բուրջանաձեի հայտարարության համաձայն, ձերբակալությունները տեղի են ունեցել իրավական խախտումներով, առանց փաստաբանների խուզարկություն է իրականացվել: Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահի մատուցմամբ, իր ղեկավարած կուսակցությունը քաղաքական պայքարի մեջ է մտել իշխանությունների «վրդովեցուցիչ ու կեղտոտ մեթոդների դեմ»:

Ձերբակալվածներից Նինո Բուրջանաձեի ամուսինը` Բադրի Բիցաձեն, որ ժամանակին ղեկավարել է Վրաստանի սահմանապահ ոստիկանությունը, արդեն իսկ իր ձերբակալության առնչությամբ մեղադրել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն:

Ամեն դեպքում, կանխատեսումները, թե ապրիլի 9-ի ընդդիմության հանրահավաքը կարող է երկար սպասված, բայց իսկապես էական փոփոխություն մտցնել Վրաստանի քաղաքական դաշտում, ավելի հավանական են դառնում թեկուզ իշխանության այսօրինակ միջոցների ձեռնարկման ֆոնին: Կարծես առաջին անգամ վրացական ընդդիմությունը որեւէ այլ պահանջով չի գնում հանրահավաքի, այլ միայն երկրի նախագահի հրաժարականի պահանջով:

Եվ եթե հաշվի առնենք, թե Վրաստանն ինչ իրավիճակում հայտնվեց օգոստոսին Հարավային Օսիայի տարածքում ռազմական գործողությունների իրադարձություններից հետո, որոնցում հենց Վրաստանում շատերը մեղադրում են երկրի նախագահին, ապա կարելի է ենթադրել, որ այդքան երկար խոսվող ու թերեւս լայնամասշտաբ նախապատրաստական աշխատանքներ պահանջող արպրիլի 9-ի հանրահավաքից իշանություններն իսկապես վախենալու հիմք ունեն:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4