«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2009-03-24 | #52, 2009-03-25 | #53, 2009-03-26


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ՄՈՒԹ ԵՐԿԻՆՔ» ԱԿՑԻԱՅԻՆ

Հայաստանը եւս կմիանա կլիմայի փոփոխության դեմ մղվող համաշխարհային պայքարին եւ կմասնակցի «Մոլորակի ժամը-2009» ակցիային: Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց հայկական աստղագիտական ընկերության նախագահ Արեգ Միքայելյանը , միջազգային աստղագիտական տարվա (ՄԱՏ-2009) միջոցառումների շրջանակներում «Մութ երկինք» խորագրով այս ակցիային կմասնակցեն նաեւ աստղագետները: Նա կոչ արեց բոլորին ակտիվորեն մասնակցել միջոցառմանը եւ մարտի 28-ին, ժամը 20:30-ին, մեկ ժամով անջատել լույսերը` ցույց տալու իրենց աջակցությունը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարին: «Աստղագիտական դիտումների համար խիստ կարեւոր է գիշերային մութ երկինքը, որի շնորհիվ երեւում են բազմաթիվ թույլ աստղեր եւ կատարվում նորանոր հայտնագործություններ: Ակցիայի իրականացման ժամանակ Երեւանում տեսանելի կդառնան աստղալից երկնքի այնպիսի պատկերներ, որոնք գործնականում երբեք չեն երեւում, օրինակ` Ծիր Կաթինը եւ Անդրոմեդի միգամածությունը», ասաց Ա. Միքայելյանը: Նշենք, որ միջոցառումն առաջին անգամ մեկնարկել է 2007-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, երբ 2 միլիոն մարդ անջատել էր լույսերը: 2008-ին ամբողջ երկրագնդում ավելի քան 50 միլիոն մարդ է մասնակցել միջոցառմանը: Այս տարի «Մոլորակի ժամը» նպատակ ունի ներգրավել 1 մլրդ բնակչության շուրջ 1000 քաղաքներում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4