Երկար ժամանակ, իմ ապրած համայնքում տեղի ունեցած թաղապետի ընտրություններից մինչեւ օրս ես կռիվ եմ տալիս ինքս ինձ հետ` վերջապես գրե՞մ, ինչ գրելու էի, թե՞ շարունակեմ կուլ գնալ հարեւան-ծանոթ-բարեկամ եռանկյունու ներսում սահմանված յուրօրինակ բարքերին, որի ճշմարտությունը բոլորովին էլ այն ճշմարտությունը չէ, որը համակեցության ընդհանուր կանոններով է սահմանվում եւ ընդունելի է մարդկության լավագույն կեսի կողմից: Չէ, այդ եռանկյունում ուրի՛շ կանոններ են գործում ու հաճախ կուլ տալիս այն, ինչ դու համարում ես բարոյականության ու դաստիարակության չափանիշներով ստուգված... Ու դու երբեմն հարեւան-բարեկամիդ խոսքը չկոտրելու եւ այդ կարգի հազար ու մի բանից կախված, ուրանում ես քո՛ ճշմարտությունը. սկզբունքիդ հակառակ չգործելու միակ փրկությունը մնում է քեզ դուրս դնելը ե՛ւ քո, ե՛ւ նրանց ֆարս ճշմարտությունից: Գուցե այդպես էլ այս պստիկ անհարմարությունը շարունակեի անտես անել, բայց չէ, չի կարելի, քանի որ վստահ եմ` մայիսի 31-ի ավագանու ընտրություններից մի քանի օր առաջ ֆարսը կրկնվելու է:
Իսկ անհարմարությունն այս էր. թաղապետի ընտրություններին, որն, ի դեպ, արժանավոր մարդ ու լավ թաղապետ էր (ի դեպ` հանրապետական), մի ժամկետ իրեն արդարացրել էր, որոշել էի գնալ ու հենց նրան ընտրել: Սակայն խանգարեցին... նրա օգտին չափից ավելի ջանացողները: Ընտրությունից մի շաբաթ առաջ նախ զանգահարեց հարգարժան տարիքի հարեւաններից մեկը եւ հետաքրքրվեց մեր ընտանիքի ընտրողների թվով` ձեռաց անուն-ազգանուններն ասացի, գրեց: Զարմանքս էլ հայտնեցի, թե ախր ընտրատարածքային հանձնաժողովում լավ էլ գիտեն մեր ընտանիքի ընտրողներին` քանի որ արդեն հիշեցման թերթիկներ են ուղարկել. «Չէ, ես նախընտրական շտաբի համար եմ հարցնում», եղավ պատասխանը: Հետո մեր տուն եկավ մեկ ուրիշ «նախընտրական» հարեւան` մի անգամ էլ գրավոր տեսքով տան ընտրողների անունները գրելով: Համբերությունս դեռ անսպառ էր: Հետո մի երկու օր առաջ զանգահարեց հարգարժան տարիքի առաջին նախընտրական հարեւանս եւ առանց ամոթի ու առանց վատ զգալու, որ լավ, լրագրողի հետ է խոսում` համառեց, թե արդյոք գնալո՞ւ եմ ընտրությունների, քանի որ իրենից հստակ տեղեկատվություն են պահանջում այդ մասին: Երբ նրան ասացի, թե, ախր, այ մարդ, խախտում ես ընտրողիս ընտրական, եթե կուզես` սահմանադրական իրավունքը, եւ միմիայն իմ խնդիրն է` գնալու-չեմ գնալու ընտրություններին, ընտրելու- չեմ ընտրելու, մանավանդ որ լավ գիտի` ով եմ մասնագիտությամբ: Էս իմ հարգարժան տարիքովը առյուծի սիրտ էր կերել ու մի պատճառաբանություն բերեց, որը երկաթյա էր. «Ախր, որ տռուբա-բան փոխելու, շենքի խնդիր լուծելու ժամանակ է գալիս` սեւերես եմ լինում, երեսս չի բռնում շենքի համար մի բան ուզեմ», ասաց: Ես էլ ասացի. «Գնա գործատուիդ ասա, որ այդ ձեւով պետության տունն եք քանդում», ու դրեցի հեռախոսը: Զայրույթս առ աներես հարեւանս գագաթնակետին էր հասել: Կարծում էի` այդպիսով նախընտրական զանգերն ու այցելություններն ավարտվեցին: Բայց ոչ, ընտրությունից մեկ օր առաջ նորից հայտնվեց գրավոր հարեւանս եւ պնդեց, որ շատ լավ գիտեն լրագրող լինելս, բայց միեւնույն է, ապսպրել են իմանալ` ես եւ ընտանիքիս անդամները գնալո՞ւ ենք ընտրության եւ այդ առումով ի՞նչ պայմանների ենք համաձայն: Իմ համբերությունը սպառվեց, եւ այս հարեւանիս եւս ցույց տվեցի սահմանադրությունն... ու դուռը:
Այդ բոլորից հետո թաղապետի ընտրությանը գոնե անձամբ ես չգնացի` նրա համար շատ ջանացողները համը հանել էին: Բայց... ընտրության օրվա երեկոյան ութից 20 պակաս մի տասնհինգ տարեկան տղա ողջ ուժով թակելով մեր դուռը` ինձ հրավիրեց հենց շենքի մուտքի մոտ կանգնած երթուղայինով ընտրության գնալու: Ի՞նչ էր ինձ մնում. բառերս ավարտվել էին, եւ ես դուռն անձայն շրխկացրի էդ «խեղճ» տղայի դեմքին:
Էդ երկու հարեւաններս ինձ այլեւս չեն բարեւում` խեղճերի «կպցրած գործին խփել եմ»:
Հիմա, քաղաքային ավագանու ընտրությունների մոտենալու հետ ես որոշել եմ ոչ քաղաքային հեռախոս վերցնել, ոչ էլ դռան թակոցներին արձագանքել, թողեք հանգիստ խղճով, առանց աներեսների ու չափից ավելի ջանացողների ձեռքից նյարդահան լինելու` իմ ընտրությունը կատարել:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՅԱՆ