«Հայաստանում ստեղծվում է մի նոր կառույց, որը շատ մեծ նշանակություն է ունենալու հանրապետության ապագայի, հայ հանրության կյանքում: Առաջին հնարավորությունն է, երբ իշխանությունն ու հասարակությունը փոխկապակցված են գործելու»: Հանրային խորհրդի մոտեցումների ու նպատակների մասին այսպիսի ձեւակերպում տվեց խորհրդի ժամանակավոր նախագահ Վազգեն Մանուկյանը : Վերջինիս խոսքերով, Հայաստանում այդպիսի կառույց ձեւավորելու պահանջը վաղուց էր զգացվում: Հանրային խորհուրդը ձեւակերպված է որպես խորհրդակցական մարմին: Սակայն Մանուկյանը հույս է հայտնում, որ հանրության վստահությանը արժանանալուց հետո կառույցը կամրագրվի օրենքով, հետագայում նաեւ սահմանադրությամբ:
Հանրային խորհուրդը իր մշտական նստավայրը չունի: Այժմ խորհրդի անդամներն աշխատում են գիտությունների ակադեմիայում իրենց հատկացրած սենյակում: Խորհրդի ֆինանսական խնդիրները հոգում է կառավարությունը: Սակայն հաշվի առնելով, որ ֆինանսական ճգնաժամը թակել է նաեւ կառավարության դուռը` Հանրային խորհրդի անդամներն ու հանձնաժողովի ներկայացուցիչները աշխատավարձ չեն ստանալու եւ աշխատելու են հասարակական հիմունքներով: Հանրային խորհրդի կազմը լիովին ձեւավորված չէ: Համաձայն կանոնադրության` Հանրային խորհուրդը պետք է բաղկացած լինի 36 ներկայացուցչից: Առաջին 12 ներկայացուցչին ընտրում է ՀՀ նախագահը, հաջորդ 12-ին ընտրելու է հասարակությունը, իսկ երրորդ 12 հոգանոց խմբին` խորհրդի 24 անդամները: Մինչեւ ապրիլի 18-ը խորհուրդը պետք է ձեւավորի 12 հանձնաժողով: Հինգ անդամից բաղկացած հանձնաժողովները նախագահ են ընտրելու, որոնք էլ ՀՀ նախագահի հաստատման դեպքում դառնալու են Հանրային խորհրդի անդամներ: Հանձնաժողովներում ներկայացուցիչներ կարող են առաջադրել համապատասխան ոլորտի կազմակերպությունները, միավորումները, հայրենակցական, գիտակրթական միությունները, երիտասարդական եւ ուսանողական կազմակերպությունները:
Հանրային խորհրդի ձեւավորած հանձնաժողովները անդրադառնալու են բոլոր այն ոլորտներին, որոնց վերաբերյալ խմբեր են գործում Աժ-ում եւ կառավարությունում: Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը նկատում է, որ խորհրդի կազմում ընդգրկված են բանիմաց մարդիկ, որոնք սրտացավ են կուտակված պրոբլեմները լուծելու հարցում: Նա նաեւ վստահեցրեց, որ խորհրդի աշխատանքներին որեւիցե ուժ չի կաշկանդելու:
Վազգեն Մանուկյանն էլ նկատում է, թե կան բազմաթիվ լծակներ, որոնց շնորհիվ խորհուրդը կարող է արժանանալ հանրության վստահությանը: Խորհուրդը պատրաստվում է ԱԺ-ի եւ կառավարության կանոնադրությունների փոփոխությանը: Փոփոխված կանոնադրությունում հստակորեն ընդգծվելու է, որ Հանրային խորհուրդը ԱԺ եւ կառավարություն կարող է գործուղել իր ներկայացուցչին, նիստերի ժամանակ լիազորություն ունեն տեսակետ արտահայտելու եւ ազդելու որոշումների կայացման վրա: Մանուկյանը կարեւորագույն լծակ է համարում այն փաստը, որ ՀՀ նախագահն ու վարչապետը դրական են տրամադրված խորհրդի կայացմանն ու զարգացմանը:
Ամենայն հավանականությամբ խորհրդի կազմը հայտնի կդառնա մայիսին, սակայն այսօր էլ պարզ է, որ կառույցում կուսակցությունների ներկայացուցիչներ իրավունք չունեն ընդգրկվելու: Համաձայն կանոնադրության, կառույցն ապաքաղաքականացված պետք է լինի: Այս առնչությամբ Վազգեն Մանուկյանը հակասություններ է տեսնում: Նա գլխավորում է ԱԺՄ կուսակցությունը, սակայն փաստում է, որ իրեն ընտրել են որպես անհատի` առանց հաշվի առնելու կուսակցական պատկանելությունը:
Արդյոք խորհուրդը կծառայի՞ իր նպատակին, թե՞ կդառնա հերթական լուսանցքային կառույցը: Այս կապակցությամբ կարծիքները տարբեր են ու խիստ հակասական: Եթե ընդդիմությունը հենց սկզբից քննադատեց կառույցի գաղափարն ու բոյկոտեց, ապա իշխանական մարմինները վստահեցնում են, որ այս կերպ կլուծվեն բազմաթիվ հարցեր: Մինչ այդ Գիտությունների ազգային ակադեմիայում թեժ աշխատանքի պահն է սկսվել:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ