Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) միջոցներով եւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հետ համատեղ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ երեկ Երեւանի Նուբարաշեն համայնքին հանձնվեց մարզամշակութային կենտրոնի ավարտուն շենքը: ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի խոսքերով, ուրախալի է տեսնել, որ իրենց իսկ կազմակերպության հիմնադիր Պողոս Նուբար փաշայի հիմնադրած համայնքում բացվում է նման հաստատություն, որի շինարարությանը մասնակցելով ՀԲԸՄ-ն հարգանքի տուրք է մատուցում իր հիմնադրին:
Երկու տարվա ընթացքում վերջնական տեսքի բերված այս շինությունը Նուբարաշեն համայնքին ժամանակին խոստացել ու նախաձեռնել է Գագիկ Ծառուկյանը: Իր խոստման համաձայն, մարզամշակութային կենտրոնը Ծառուկյանը հասցրել է մինչեւ կանգուն պատերն ու տանիքը, որից հետո ներքին ու դրսի հարդարման աշխատանքները շարունակվել են արդեն ՀԲԸՄ եւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի մասնակցությամբ, վերջինիս կողմից ծրագրին մասնակցության ֆինանսավորումն էլ ապահովել է Համաշխարհային բանկը:
Նուբարաշենի համայնքի ղեկավար Մհեր Հովհաննիսյանի ներկայացմամբ, Պողոս Նուբար փաշայի մտահղացմամբ 1932-ին հիմնված Նուբարաշեն ավանի տեղի ընտրությունը կատարվել է ըստ փաշայի ցանկության այն առումով, որ այդ ավանի դիրքից երեւան Մասիսը եւ Արագածը: Մարզամշակութային կենտրոնի ստեղծման գաղափարն էլ քննարկվել է դեռեւս 2005-ի համայնքային ընտրություններից հետո ստեղծված հատուկ խորհրդում, որին մասնակցել են բնակիչներ, տարբեր կառույցների, պետական ապարատի ներկայացուցիչներ:
Այդ ժամանակ էլ համայնքի անունից դիմել են Գագիկ Ծառուկյանին, նա իր միջոցներով կանգնեցրել է շենքի հիմնական պատերն ու տանիքը: Մնացյալն, այսինքն` ներքին եւ արտաքին հարդարումն իրականացվել է վերջին երկու տարիների ընթացքում: Շենքի առաջին հարկում մարզադահլիճն է իր հանդերձարաններով, երկրորդ հարկում մշակութային դահլիճն իր բեմով ու հանդերձարաններով, նաեւ համապատասխան սենյակներով:
12 հազար բնակիչ ունեցող Նուբարաշենի մարզամշակութային այս կենտրոնի ներսի ու դրսի հարդարման աշխատանքների, պատուհանների ու դռների համար ծախսվել է 85 մլն դրամ, որի 45 տոկոսը ապահովել է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը: 55 տոկոսը ֆինանսավորել է ՀԲԸՄ-ն` ապահովելով նաեւ Նուբարաշեն համայնքի պարտադիր 10 տոկոս ֆինանսավորումը:
Ա. Հ.