«Վեստենենկի օրագրի վերջնամասում խոսվում է մի շատ կարեւոր երեւույթի մասին: Երբ Վեստենենկն այցելում է Կոստանդնուպոլսում Գերմանիայի դեսպան ֆոն Վագենհայմինՙ հրաժեշտի համար, վերջինս ասում է. «Ինձ վստահեցրել են, որ Կավակի թուրքական բանակը բռնությունների կդիմի քրիստոնյաների նկատմամբ Բոսֆորում, եթե Ռուսաստանը կամ Անգլիան փորձեն ուժ գործադրել Դարդանելում»:
Ինչպես գիտենք, հենց այդպես էլ եղավ 1915-ի ապրիլին: Անգլիացիներն, իրոք, հարձակում ծավալեցին Դարդանելումՙ 1915-ի մարտին, իսկ թուրքերը սկսեցին հայերի ցեղասպանությունը նույն թվի ապրիլի վերջին:
Ֆոն Վագենհայմիՙ 1914-ի սեպտեմբերին հնչեցրած նախազգուշացումը, որ այդպիսի բան կպատահի, վկայում է, որ նա իրազեկ էր թուրքական ծրագրերին: Մինչդեռ թուրքերն անվերջ պնդում են, որ իրենք մտադրություն չեն ունեցել բնաջնջել հայերին: Սակայն այս փաստը հավաստում է, որ ֆոն Վագենհայմը տեղյակ էր, որ թուրքերը ծրագրել էին ջարդերը: Այս տողերն, իմ կարծիքով, խիստ կարեւոր են եւ ուշադրության արժանի», այս կարեւոր փաստի վրա ուշադրություն է հրավիրում հոլանդացի գրող, փիլիսոփայության դոկտոր-պրոֆեսոր Յան վան դեր Դյուսենն իր «Հայկական օրագիր» նախաբանում:
Նախաբանը գրվել է հատուկ գրքիՙ հայերեն թարգմանված հրատարակության համար: Թարգմանչուհինՙ Արմենուհի Սիմոնյանը գիրքը հայերեն է թարգմանել սեփական նախաձեռնությամբ. «Երբ Հոլանդիայում էի, հեղինակը նվիրեց իր գիրքը եւ իր հետ համաձայնության գալովՙ ես գիրքը թարգմանեցի հայերեն»: Գրքում ներկայացված են հոլանդացի գործիչ Լուիս Կոստան Վեստենենկի գրառումները եւ ականատեսների դիտարկումները Հայկական հարցի վերաբերյալ: Նորվեգացի Հոֆֆի հետ Վեստենենկը պետք է հսկեր Թուրքիայի տիրապետության տակ գտնվող քրիստոնյաների համար նախատեսված բարեփոխումների իրականացումը, որոնց Թուրքիան պարտավորված էր ընդունել մեծ տերությունների ճնշման տակ:
Ինչպես տեսնում ենք, հոլանդացի գործչի գրառումներում, թուրքերն ամեն ինչ արել են արտասահմանցիների աշխատանքը խոչընդոտելու եւ բարեփոխումները թղթի վրա թողնելու համար. «Մեզ ուղեկցում էր Թալեաթի քարտուղարը եւ մի ցուցամոլ, գեր երիտասարդ Խալիլ բեյ անունով, մի ինքնավստահ ավանակ... Ես զայրույթից սառել էի, քանզի նրանք անընդհատ խոսում էին թուրքերեն, իսկ գռեհիկ, գեր երիտասարդի պահվածքը մեր նկատմամբ չափազանց վիրավորական էր: Հոֆֆին կրկին ծաղրեցին իր ֆրանսերենի համար. «Խնդրեմ, խոսեք անգլերեն» եւ այլն, եւ այլն...»:
Գրքում կարեւոր դիտարկումներ կան Թուրքիայի այդ ժամանակվա ներքին կյանքից ու վարած քաղաքականությունից. «Հուլիսի 7, երեքշաբթի: Հոֆֆը վերադարձավ նախաճաշից, որտեղ նրան հրավիրել էր Թալեաթը: Նա շատ դժգոհ էր այն բանից, որ իր ներկայությունը փաստորեն անտեսվել է. շուրջբոլորը միայն թուրքերեն են խոսել, եւ ոչ մի պաշտոնական ճառ չի ասվել: Չնայած դրան, երեկոյան թերթերում հայտնվեցին թե՛ Թալեաթի, թե՛ Հոֆֆի պաշտոնական ճառերը»:
Վեստենենկի գրառումներում գնահատականներ գրեթե չկան, ներկայացված են փաստեր, ինչն ավելի արժեքավոր եւ հավաստի է դարձնում տեղեկատվությունը:
«Հայկական ծրագրի»ՙ հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը դեռեւս չի կայացել:
«Անցյալ տարի գրքի հեղինակը պետք է գար Հայաստան, այդ ժամանակ էլ ծրագրել էինք շնորհանդեսը: Դյուսենը պետք է ժամաներ Վրաստան, այնուհետեւՙ Հայաստան: Սակայն օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած ռազմական գործողությունները խոչընդոտեցին նրա ժամանումը: Հուսով ենք, այս տարի գրքի շնորհանդեսը կլինի եւ հեղինակի մասնակցությամբ», նշեց Արմենուհի Սիմոնյանը:
Գիրքը բացի բնագրիցՙ անգլերենից, թարգմանվել է միայն հայերեն: Մեծ եղեռնին նախորդած քաղաքական իրավիճակը Թուրքիայում պատկերող փաստագրական այս աշխատությունը տարբեր լեզուներով ներկայացնելը եւ ընթերցողների ավելի լայն շերտերին հասկանալի դարձնելը կօգնի ավելի շատ տեղեկություններ իմանալ ու ավելի ճիշտ պատկերացում կազմել Հայկական հարցի ու դրա հետ կապված Թուրքիայի ու մեծ տերությունների վարած քաղաքականության մասին:
ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ