«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2009-03-24 | #52, 2009-03-25 | #53, 2009-03-26


20-ԱՄՅԱ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՎ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ԲԵՐԿՐԱՆՔ

Եթե Վիլնյուսի քառյակը երեւանցիների մեջ արթնացրեց 20-ամյա վաղեմության հուշեր, ապա դաշնակահար Պետրաս Գենյուշասի եւ ջութակահարուհի Ինգրիդ Ռուպայտեի հետ ծանոթությունը հայտնության բերկրանք պարգեւեց: Հմուտ, երաժշտական-ոճական առումով ունիվերսալ Գենյուշասը հանդիսականին նվաճեց ստեղծագործական ոգու ազատությամբ, որի վկայությունը դարձավ Բրոնյուս Կուտավիչյուսի Դաշնամուրային սոնատի (1976) եւ դաշնամուրային եռյակի համար գրված «Ութ մանրանվագ Ստասիսի համար» (2008) ստեղծագործության կատարումը: Դրանցից վերջինում, ինչպես նաեւ Անատոլի Շենդերովասի Ջութակի եւ կամերային նվագախմբի կոնցերտում (2007) փայլեց բազմաշնորհ Ռուպայտեն: Շենդերովասին բնորոշ երաժշտության վերամբարձ հուզավառությունը ձեւի «կարերի» ընդգծումը Ռուպայտեի զսպվածության շնորհիվ դարձան համոզիչ կոնցեպտուալություն:

Պետք է ասել, որ «Սերենադ» կամերային նվագախումբը (գեղ. ղեկ. Էդուարդ Թոփչյան) Դավիդ Գերինգասի զգոն ղեկավարությամբ ինչպես այդ ստեղծագործության, այնպես էլ մանավանդ Վիտաուտաս Լաուրուշասի «Աղոթքների սիմֆոնիայի» (2008) կատարման մեջ իրեն դրսեւորեց արտասովոր որակով: Լարային նվագախմբի ֆակտուրայի երկարահունչ մոնոլիտում ֆոլկլորային մեղեդիների «միաձուլումը» հարազատ էր մեր ազգային մտածողությանը: Այդ երեք լիտվական օրերին Գերինգասի վարպետությունը, թվում էր, սահման չունի: Իր դիրիժորական որակները նա լիուլի դրսեւորեց նաեւ Կուտավիչյուսի «Երուսաղեմի հյուսիսային եւ արեւմտյան դարպասները» մեկնաբանելիս, «Սերենադից» բացի ղեկավարելով «Հովեր» կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. Սոնա Հովհաննիսյան): Գերինգասի մտադրություններին հնազանդ երգչախմբի արտիստները ունկնդիրներին խնամքով մատուցեցին Կուտավիչյուսի խստաշունչ երաժշտության գեղեցկությունը:

Իսկ նախօրեին Գերինգասը երեւանցիներին բառացիորեն գրոհել էր երաժշտական արտահայտչականության պոռթկումներով եւ արտիստիզմի մասշտաբով: Շենդերովասի եւ Կուտավիչյուսի դաշնամուրային տրիոների կատարմանը մասնակցելուց բացի, նա Պետրաս Գենուշյասի հետ մեկտեղ փայլուն կատարեց իրեն ձոնված Կուտավիչյուսի «Rhytmus-Arthytmus» պիեսը թավջութակի ու դաշնամուրի համար (1993): Պիեսը կառուցված է ոչ միայն ռիթմի, այլեւ ֆակտուրայի եւ ոճաբանության հակադրության վրա, որոնք ճկուն փոխակերպվող ձեւ են ստեղծում:

Եվ, իհարկե, Գերինգասի համար շատ կարեւոր էր իրեն նվիրվածՙ Շենդերովասի թավջութակի ու լարային քառյակի «David՛s Song» կոմպոզիցիան (2006), որի ընթացքում Վիլնյուսի քառյակի հետ մեկտեղ Գերինգասը ունկնդրին կլանեց հնչողականության արտակարգ տարբերակված ներկապնակով, որտեղ ոգեշունչ ինտոնացիան հնչյունը մոտեցնում էր խոսքի բնականությանը:

Հիշյալ երեք օրերին կատարված Composer in Resindence-ի ստեղծագործությունները թույլ տվեցին լիակատար պատկերացում կազմել լիտվական արդի երաժշտության ընդհանուր զարգացման վրա ազդած այդ զարմանալի արվեստագետի բարձրակարգ արվեստի մասին:

Իր բազմաթիվ, հատկապեսՙ վոկալ եւ թատերականացված ստեղծագործություններում Կուտավիչյուսը հենվում է ֆոլկլորային մի քանի նախաձեւերի վրաՙ հնչյունական (ձայնային) եւ հնչյունաբանական (խոսքային), դրանք մեկնաբանելով ժամանակակից կոմպոզիտորական տեխնիկայի լույսով: Ներդաշնակությունների սրությունը, օստինատոն եւ երկարաշունչ ձայնը, փոփոխված կրկնությունը եւ կարճ մոտիվների ռոտացիան արտաքուստ հիշեցնում են մինիմալիզմի տեխնիկան: Դրա հետ մեկտեղ 1970-80-ական թթ. վարպետի ստեղծագործություններում ոճային այդ առանձնահատկությունը ստացել է միֆոպհետիկ եւ ծիսական ուղղվածություն: Ավելի ուշՙ 1990-ականներին Կուտավիչյուսը ձգտում է ընդհանրացման ուրիշ ձեւերի:

Օրինակ կարող է ծառայել 1995-ին ստեղծված «Երուսաղեմի դարպասները» ծավալուն քառամաս ցիկլը, որտեղ երեք նվագախմբային մասերին հաջորդում է երգչախմբի ու նվագախմբի համար գրված «Stabat Mater» չորրորդ մասը: Մասերից յուրաքանչյուրն իր հերթին եռամաս է, ինչը համապատասխանում է Երուսաղեմի 12 դարպասներին (Հայտ,- 21.9-27): Դարպասների անվան եւ հերթականության մեջ եւս Կուտավիչյուսը հետեւում է Սուրբ գրքին. Արեւելյան դարպաս, Հյուսիսային դարպաս, Հարավային դարպաս, Արեւմտյան դարպաս, դրանք առանձնացնելով մշակութաբանորեն: Արեւելքը զուգորդվում է նախ եւ առաջ ճապոնական գագակու նվագախմբի հետ: Հյուսիսը, ըստ կոմպոզիտորի, յակուտ շամաններն են, կարելա-ֆիննական ծեսերը: Հարավը աֆրիկացի բնիկներն են, իսկ Արեւմուտքըՙ կաթոլիկությունը:

Չնայած ծրագրայնությանը, մասերի երաժշտական լուծումը բավական ազատ է, ինչի մասին կարելի է դատել Երեւանում «Հյուսիսային» եւ «Արեւմտյան դարպասների» կատարումից: Երկու մասերն էլ աչքի են ընկնում հոգեւոր ներթափանցությամբ, թեեւ «Հյուսիսային դարպասում» կան լուսաբանող պահեր: Ներամփոփվածությունը որպես Կուտավիչյուսի երաժշտության հիմնական հատկանիշ, կանխորոշում է առանձնահատուկ, սրբազան տրամադրություն:

«Արեւմտյան դարպասը», որտեղ կոմպոզիտորն օգտագործել է լատինական հայտնի տեքստ եւ ապա գրիգորյան խորալի մելոդիկա եւ ռիթմիկա, եկեղեցական երգեցողության ավանդույթներ եւ պոլիֆոնիկ ձեւեր, ընկալվում է որպես միանգամայն ինքնուրույն ստեղծագործություն: Իր մշակույթի ակունքները մշտապես որոնող Բրոնյուս Կուտավիչյուսը այստեղ ներկայացավ որպես ժամանակին ներդաշնակ էկումենիկ արվեստագետ:

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր


Նկար 1. Բրոնյուս Կուտավիչյուս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4