«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2009-03-24 | #52, 2009-03-25 | #53, 2009-03-26


ԱՐՎԵՍՏԸ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԻՋՈՑ

«Մենք ընտանիք ենք, սիրեցե՛ք միմյանց» կոչ են անում աշխարհի 14 երկրների (Հունաստան, Ամերիկա, Ավստրալիա, Լիբանան, Սիրիա, Շոտլանդիա եւ այլն) հայտնի երաժիշտներ, որոնց համախմբել է երաժիշտ, ստեղծագործող Արա Գեւորգյանը խաղաղությանը նվիրված ծրագրի շրջանակներում: Կոչին միացել են նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Մենք սկսել ենք խաղաղության տուռնե ամբողջ աշխարհում: Եզրափակիչ համերգը նախատեսվում է Հայաստանում անցկացնել: Այս ծրագրի նպատակը խաղաղություն հաստատելն է: Մենք այդ կոչն անում ենք արվեստի միջոցով. տարբեր երկրների երաժիշտները նվագում են եւ երգում մեկ երաժշտական ստեղծագործություն: Սա արդեն իսկ մեծ քայլ է. այստեղ խաղաղությունն արդեն հաստատված է», ասում է Արա Գեւորգյանը : Նա ասում է, որ սա մի քայլ է` ուղղված մեծագույն չարիքի` պատերազմի դեմ:

Ծրագրի շրջանակներում նկարահանվել է ֆիլմ, տեսահոլովակ, որտեղ տարբեր երկրների երաժիշտներ նվագում են մեկ ստեղծագործություն: Երաժշտի խոսքերով` սա նաեւ հայի վարկանիշը բարձրացնելու նպատակ ունի:

Ծրագիրն իրականացնում են ավստրալիական «Էս Էն» եւ ռուսական «Ֆավորիտ» կազմակերպությունները:

Սա, սակայն, միակ ծրագիրը չէ, որի վրա աշխատում է Արա Գեւորգյանը: Նա նաեւ աշխատում է տարբեր լեզուներով Հայոց Մեծ եղեռնի մասին պատմող «Ադանա» երգի ձայնագրման վրա: Երգում տարբեր ազգության երգիչներ ճանաչում եւ դատապարտում են Հայոց ցեղասպանութունը: 11 լեզուներով ձայնագրություններն արդեն թողարկվել են 1 սկավառակով, այժմ պետք է թողարկվի 2-րդը: Ներկայումս պատրաստ է 17 լեզուներով ձայնագրություններ (անգլերեն, գերմաներեն, շվեդերեն, չեխերեն, ֆիններեն, թուրքերեն եւ այլն): Շուտով կձայանագրվի նաեւ հնդկերեն տարբերակը: Ծրագիրն սկսվել է 2003-2004 թվականներին: Նախագծի նախաձեռնողն է Ռոբերտ Նազարյանը:

«Ադանա» երգի տեքստի հեղինակն է ամերիկացի Դանիել Դեքերը, երաժշտության հեղինակը` Ա. Գեւորգյանը: Հետաքրքրական է, որ երգը ձայնագրվել է նաեւ թուրքերեն. «Երբ այդ թուրք երաժշտին հարցրեցինք, թե չի վախենում արդյոք իր համերկրացիների արձագանքից, ասաց, որ ճշմարտությունից չպետք է վախենալ»,-պատմում է Ա. Գեւորգյանը: Նա կարծում է, որ Թուրքիան այսպես թե այնպես մի օր կճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ եթե ոչ. «Աշխարհը պետք է ճնշի նրան: Թուրքիան պետք է ճանաչի, որովհետեւ հակառակ դեպքում մարդկությոնը չի կարող վստահ լինել, որ էլի չի կրկնվի նույնը»,-ասաց երաժիշտը:

ՄԱՐԻԱՄ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4