Երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպեցին «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը եւ գինեկոլոգիայի բաժնի վարիչ Մարինա Ոսկանյանը : Օրվա թեման էր «Սեռավարակը հիվանդությունների սկզբնաղբյուր»: Ինչպիսի՞ն է իրավիճակը մեր երկրում` ներկայացրեց տկն Ոսկանյանը: «13-14 տարեկան սեռավարակները այդքան էլ շատ չեն, բայց դրանք կան, բավականին տարածված են ու դրանց թիվը շարունակում է աճել: Մաքսիմալ տարածումը սկսվում է 16-17 տարեկանից, 18-28 տարեկան կանանց մոտ դա հասնում է մոտավորապես 35 տոկոսի` ամեն 3-րդ կին, որը զբաղված է սեռական կյանքով, ունի որեւիցե սեռավարակ: Այդ սեռավարակների շրջանում կան ռիսկի խմբեր, պարզաբանում էր գինեկոլոգը, դրանք վաղ տարիքում սեռական կյանքով զբաղվողներն են, մի քանի սեռական զուգընկերներ ունեցողները, արտերկրներ արտագնա աշխատանքի մեկնած ու վերադարձածները: Հայաստանում հիմնականում տարածում են գտնում հենց վերջին տեսակի սեռավարակները, որոնք 1990-ականներից լայն տարածում ունեն: Իսկ մինչեւ 60 տոկոս է կազմում սեռավարակներ տարածող տրիխոմոնիազը: Սեռավարակները բաժանվում են երկու խմբերի` միայն սեռական ճանապարհով տարածվող (տրիխոմոնիազ, գոնորեա, սիֆիլիս), կենցաղային ճանապարհով` մորից պտղին, հիգիենայի կանոնները չպահպանելու դեպքում եւ վատ կենցաղային պայմանները: Ոչ միայն սեռավարակն է չարիք, այլեւ բարդությունները, որոնք կարող են քաղցկեղ առաջացնել, չբերություն, վաղաժամ ծննդաբերություն եւ անգամ մահացություն»: Վարակի տեսակ է հերպեսը (շրթունքի վրա առաջացած բշտիկը), որը մոտ 90 տոկոս տարածում ունի հատկապես համբույրի դեպքում, օդակաթիլային վիրուս է ու կարող է քաղցկեղի առաջացման հիմք դառնալ:
Խաչանուշ Հակոբյանը նշեց. «ՀԱԱ կենտրոնի գործունեության 11 տարիների ընթացքում հետազոտել են շուրջ 170.000 այցելուի, եւ վերջին 3-4 տարում 10.000-12.000 այցելուների մոտ պրոբլեմների թիվը 60 տոկոս է կազմել: 88.000 կրծքագեղձի հետազոտություններից այցելուների 5.500-ի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ: Մինչեւ 29 տարեկան կանանց մոտ 50 դեպք է գրանցվել: Ըստ վիճակագրության, արգանդի պարանոցի քաղցկեղը իր տարածվածությամբ կրծքագեղձի քաղցկեղից հետո գրավում է 2-րդ տեղը: Սակայն այս հիվանդության մահացու ելքից կարելի է խուսափել վաղ կանխարգելման միջոցով, 35 տարեկանը լրացած յուրաքանչյուր կին ամեն տարի պարտադիր պետք է անցնի հետազոտություն մամոգրաֆիայի կենտրոնում, որտեղ բազմաթիվ այլ քաղցկեղածին հետազոտություններ ու բուժումներ են անցկացնում արտասահմանում հատուկ մասնագիտացված բժիշկները: Ի դեպ, բացի քաղցկեղածին հիվանդություններից, ՀԱԱ կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքում 54 անպտղությամբ տառապող կին մայրացել է այնտեղ բուժվելու շնորհիվ: Կենտրոնում լուրջ ուշադրություն են դարձնում նաեւ տղամարդկանց շագանակագեղձի բուժմանը, վաղ շրջանում հայտնաբերմանն ու կանխարգելմանը: 10 օրից կենտրոնը կհագեցվի նոր, վերջին տեսակի բարձրակարգ սարքավորումներով, հնարավոր կլինի առանց ճառագայթելու հետազոտել կանանց ոսկորի հանքային խտությունը եւ էլի 2 տասնյակ այլ հետազոտություններ»:
Մասնագետները խորհուրդ տվեցին 50-ից բարձր տարիք ունեցող կանանց շատ օգտագործել մածուն, որը պահպանում է օրգանիզմի բակտերիալ ֆոնը` լաքտոբացիլների միջոցով ինքնամաքրում իրականացնելով:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ