«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2009-03-24 | #52, 2009-03-25 | #53, 2009-03-26


«ԻՄՊՈՒԼՍՆ» ՈՒ «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԸ» ԿՊԱՅՔԱՐԵՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲԻ ՈՒՂԵԳՐԻ ՀԱՄԱՐ

Ապրիլի 9-ին կտրվի ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի առաջնության մեկնարկը: Այդ օրը կկայանան «Փյունիկ-3»-«Իմպուլս», «Շիրակ-2»-«Բանանց-2», «Լ. Արցախ»-«Շենգավիթ» հանդիպումները: Հաջորդ օրը մրցավեճի կբռնվեն «Գանձասար-2-ն» ու «Բանանց-3-ը», «Փյունիկ-2-ն» ու «Միկա-2-ը»:

Այսպիսով, առաջնությանը կմասնակցի 10 թիմ: Եթե նախորդ առաջնությանը մասնակցում էին միայն բարձրագույն խմբի ակումբների դուստր թիմերը, ապա այս տարի նրանց միացել են «Լեռնային Արցախն» ու նորաստեղծ Դիլիջանի «Իմպուլսը»: Այս երկու թիմերի միջեւ էլ կընթանա պայքարը բարձրագույն խմբի ուղեգրի համար: «Լեռնային Արցախը», որին մարզում է փորձառու մարզիչ Սլավա Գաբրիելյանը, 3 տարվա ընդմիջումից հետո կրկին ներգրավվել է Հայաստանի առաջնություններում: Թիմը համալրված է տեղի երիտասարդ ֆուտբոլիստներով: Փորձառու ֆուտբոլիստներից թիմի կազմում մնացել են Արարատ Ղազարյանը, Արթուր Գաբրիելյանը, Արտյոմ Ադամյանը, Արայիկ Ծատուրյանն ու Արարատ Թավադյանը: «Լեռնային Արցախը» սեփական հարկի տակ կայանալիք հանդիպումներն անցկացնելու է Գորիսում, իսկ մարզումներն անցկացնելու է Ստեփանակերտի մարզադաշտում, որի խոտածածկը պետք է մինչեւ ամառ փոխվի: Ներկայում «Հայկ» ակումբը, որին Հայաստանի առաջնությունում ներկայացնում է «Լեռնային Արցախը», մանկապատանեկան 5 խումբ ունի: Դրանցում ֆուտբոլի գաղտնիքներն են յուրացնում մոտ 120 պատանիներ:

Նորաստեղծ «Իմպուլս» թիմը կազմավորվել է Էրեբունու համայնքի ֆուտբոլի դպրոցի սաների բազայի վրա: Թիմը գլխավորում է «Կոտայքի» եւ «Բանանցի» նախկին պաշտպան Ստեփան Բաղդասարյանը, իսկ ակումբի փոխնախագահը Վարուժան Սուքիասյանն է: «Իմպուլսում» եւս հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Թիմն իրեն լավ դրսեւորեց Արմավիրում անցկացված Հունան Ավետիսյանի հուշամրցաշարում` դառնալով հաղթող: «Իմպուլսի» կազմում մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց փորձառու Ռոմեո Ջենեբյանը, որը նախկինում հանդես է եկել «Բանանցում» ու «Միկայում»: «Իմպուլսը» սեփական հարկի տակ նախատեսված հանդիպումներն անցկացնելու է Դիլիջանի մարզադաշտում: Թիմի առջեւ խնդիր է դրված նվաճելու բարձրագույն խմբի ուղեգիր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4