«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2009-03-25 | #53, 2009-03-26 | #54, 2009-03-27


ԹԱԼԵԱԹԻ «ՍԵՎ ԳԻՐՔԸ» ԱՆՀԵՐՔԵԼԻ ՓԱՍՏԱԳՐՈՒԹՅՈՒՆ Է

Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարար Մեհմեդ Թալեաթ փաշայի ձեռագիր «Սեւ գիրքը», որը լուսապատճենահանմամբ վերատպվել է Լոնդոնում 2008-ի վերջերին, ամենայն հավանականությամբ ամենակարեւոր փաստագրությունն է 1915-17 թվերի Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածների վերաբերյալ, գրում է պատմաբան եւ Լոնդոնի «Կոմիտաս» ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը «Արմինյն ռիփորթըր» թերթի մարտի 13-ի համարում:

Գրքի կարեւորությունը կրկնապատկվում է այն առումով, որ օսմանյան շատ այլ աղբյուրներ դիտավորյալ ոչնչացված են թուրքերի կողմից:

«Մի քանի տարիներ առաջ, երբ Թուրքիայի վարչապետական արխիվներում թերթում էի այսպես կոչված «Շիֆրե Ղալեմի»` ծածկագրված հեռագրերի հավաքածուն, ապշել էի Թալեաթ փաշայի հեռագրերի քանակով: Նա առանձին համայնքների տեղահանության վերաբերյալ մանրամասն հրահանգներ էր տալիս եւ պատասխաններ ակնկալում: «Սեւ գրքում» նա ի մի է բերում իր ստացած տեղեկությունները», գրում է Արա Սարաֆյանը, նշելով որ ոչ նրա ողջությանը, ոչ էլ հիշողությունների 1921 թվի հետմահու հրատարակության մեջ այդ գրքի մասին նշում չկա: 1921 թվին Թալեաթի սպանությունից հետո նրա այրին «Սեւ գիրքը» իր մոտ է պահել մինչեւ 1982 թիվը, երբ ի վերջո փոխանցել է թուրք պատմաբան Մուրատ Բարդաքչիին, որն էլ գրքից մի փոքր հատված տպագրության է տվել «Հյուրիեթ» թերթում 2005 թվին:

  «Ազգը» հավանաբար առիթ կունենա հետագայում ավելի մանրամասն անդրադառնալու այս եզակի հրատարակությանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4