«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#52, 2009-03-25 | #53, 2009-03-26 | #54, 2009-03-27


ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԻՑ ՄԵԴԱԼՆԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ԿԱՆ

Մարտի 31-ին Վիլնյուսում կմեկնարկի ըմբշամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը, որին լրջորեն են նախապատրաստվում նաեւ Հայաստանի հավաքականի անդամները: Այս օրերին Երեւանում վերջին փորձամրցումներն են անցկացնում հունահռոմեական ոճի ըմբիշները: Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը որոշել է այն ըմբիշներին, որոնք մեր հանրապետությունն են ներկայացնելու Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի հավաքականը ներկայացված կլինի քաշային բոլոր 7 կարգերում: 55 կգ քաշային կարգում հանդես կգա մեր առաջատար ըմբիշներից մեկըՙ Ռոման Ամոյանը: Նա մեկ անգամ արդեն վայելել է Եվրոպայի չեմպիոն դառնալու բերկրանքը, իսկ անցյալ տարի եվրոպական ստուգատեսում նվաճել է արծաթե մեդալ: Ամոյանը հաջող հանդես եկավ նաեւ Պեկինի օլիմպիադայումՙ արժանանալով բրոնզե պարգեւի: Ինչ խոսք, Ռոմանից սպասելիքները մեծ են նաեւ Եվրոպայի հերթական առաջնությունում:

60 կգ քաշային կարգում մեր հավաքականը կներկայացնի Արտակ Հարությունյանը: Նախկինում այս քաշում հանդես էր գալիս փորձառու Կարեն Մնացականյանը, որը երկու անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն: 66 կգ քաշային կարգում մրցագորգ դուրս կգա Խոսրով Մելիքյանը, իսկ 74 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի երիտասարդական առաջնություններում լուրջ հաջողությունների հասած Արսեն Ջուլֆալակյանը: 96 կգ քաշային կարգում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանի Արման Գեղամյանը:

Եվրոպական ստուգատեսում հավաքականի կազմում հանդես կգան երկու լեգեոնականներ: Նրանցից ամենափորձառուն ու տիտղոսակիրը մինչեւ 120 կգ քաշային կարգային Յուրի Պատրիկեեւն է: Անցյալ տարի ռուսաստանցի ըմբիշը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Պեկինում նվաճեց բրոնզե մեդալ: 2007-ին էլ Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում Պատրիկեեւը դարձել էր բրոնզե մրցանակակիր: Ինչ խոսք, Վիլնյուսում էլ Պատրիկեեւից հաջող մրցելույթներ պետք է ակնկալել: Հավաքականի մյուս լեգեոնականը Դենիս Ֆորովն է, որը հանդես է գալու մինչեւ 84 կգ քաշային կարգում:

Վերջին տարիներին Հայաստանի ազատ ոճային ըմբիշներն անհաջող են հանդես գալիս, ինչը պատճառ դարձավ, որ հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանը պաշտոնանկ արվեց: Նրան փոխարինած Արայիկ Բաղդադյանը հավաքականում ընդգրկել է 7 ըմբիշի: Վիլնյուսում մրցագորգ դուրս կգան Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Արթուր Առաքելյանը (60 կգ), Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ), Սուրեն Մարկոսյանը (74 կգ), Հարություն Ենոքյանը (84 կգ), Էդգար Ենոքյանը (96 կգ) եւ Ռուսլան Բասիեւը (120 կգ): Վերջինս որոշ ընդմիջումից հետո կրկին հրավիրվել է Հայաստանի հավաքական, որի կազմում ժամանակին աշխարհի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4